Մեր մասին

Հայաստանը` որպես խաղողագործության և գինեգործության հնամենի հայրենիք հանրահռչակելու,  հազարամյակների ավանդույթները և Հայաստանի գինու պատմությունը համահավաք կերպով ներկայացնելու գաղափարը հասունացել էր տևական ժամանակ: Հնագիտական պեղումներից հայտնաբերված տարատեսակ նյութերը, մատենագիտական տվյալները, ազգագրական ուսումնասիրությունների ընթացքում կատարված դիտարկումները հիմք դարձան ստեղծելու Հայաստանի գինեգործության պատմության առաջին թանգարանը: Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության զարգացումը  թանգարանում ներկայացված է ոչ միայն փաստերի արձանագրմամբ և մեկնաբանությամբ, այլ նաև ինտերակտիվ և նորարարական լուծումներով: Գինեգործության հետ առնչվող ցուցադրված առարկաները այցելուին հնարավորություն են ընձեռում որոշակի պատկերացում կազմել հայոց բազմադարյա մշակույթի մասին ընդհանրապես:
Թանգարանի հիմնական ցուցասրահը տեղակայված է 8 մետր խորությամբ ստորգետնյա բազալտե ապարների մակարդակում, որտեղ հանգամանալից  ներկայացված են ինչպես hայկական բնաշխարհում գինու զարգացման ժամանակագրական փուլերը, այնպես էլ գինու կապը հայոց պատմության և մշակույթի տարբեր բնագավառների հետ։