Նախաբան: Ժամանակակից աշխարհում, երբ խոսում ենք գինու մասին, առաջին հերթին պատկերացնում ենք խաղողի այգին, հնձանը, կարասը կամ սեղանի շուրջ բարձրացվող գավաթը։ Սակայն հին աշխարհում գինին սոսկ պարզ ճանապարհով ստացվող խմիչք չէր։ Այն տնտեսական արժեք ունեցող ապրանք էր, առևտրի առարկա և երբեմն նաև այնպիսի շքեղություն, որը երկար ճանապարհ էր անցնում՝ մի երկրից մյուսը։ Հայկական լեռնաշխարհն այդ ճանապարհների կարևոր հանգույցներից էր։ Մեր երկրի բնակլիմայական պայմանները, ջրային պաշարները և հատկապես Արարատյան դաշտի բերրի հողերը նպաստավոր էին խաղողագործության և գինեգործության զարգացման համար։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատյան հովտի Արմավիր, Արտաշատ և Վաղարշապատ քաղաքների գյուղատնտեսական տարածքներում խաղողագործությունն ու գինեգործությունը տնտեսության կարևոր ճյուղերից էին դեռևս վաղնջական ժամանակաշրջաններում (Թաղիադյան 1975, 108)։ Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում։ Հնագույն գինու հետքը մեզ տանում է դեպի հարավ՝ դեպի Եփրատի և Տիգրիսի ավազաններ, իսկ վերջնական կանգառներից մեկը Միջագետքն էր, որտեղ արտահանվում էր հայկական գինին (Գասպարյան, Ավետիսյան, Գնունի, Բոբոխյան 2016, 119-134; Բդոյան 1972, 121):
Արարատյան դաշտ․ գինու ճանապարհի սկիզբը: Արարատյան դաշտի նշանակությունը հին Հայաստանի պատմության մեջ պայմանավորված էր ոչ միայն նրա բերրիությամբ, այլև աշխարհագրական դիրքով։ Այստեղ էին խաչվում տարբեր ուղղություններով ընթացող ճանապարհներ, որոնք հայկական լեռնաշխարհը կապում էին Միջագետքի, Իրանական բարձրավանդակի, Սիրիայի և ավելի հեռավոր տարածաշրջանների հետ։ Այս միջավայրում խաղողագործությունը կարող էր դառնալ ոչ միայն տեղական սպառման, այլև փոխանակման ու առևտրի հիմք։ Շումերական աղբյուրներում հիշատակվող Արատտան ներկայացվում է որպես լեռնային երկիր, որը սերտ տնտեսական ու առևտրական կապեր ուներ Շումերի հետ։ Ըստ այդ աղբյուրների՝ Արատտայից Միջագետք էին արտահանվում մետաղներ և թանկարժեք քարեր, իսկ փոխարենը ներմուծվում էր հացահատիկ։ Արատտայի երկրագործական մշակույթի հիշատակումները, որոշ հետազոտողների կարծիքով, կարող են վկայել նաև այգեգործության և գինեգործության զարգացման մասին (Дьяконов 1961, 208-209; Գիլգամեշ 1982, 101-169; Մովսիսյան 2015, 102):
Հնագիտական նյութը ցույց է տալիս, որ գինու արտադրությունը հատկապես մեծ ծավալների էր հասել Վանի թագավորության ժամանակաշրջանում։ Կարմիր բլուրի՝ հին Թեյշեբաինիի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու մեծ պահեստարաններ՝ հարյուրավոր հսկայական կարասներով (Դան 2025, 38, 42)։ Մի շարք ուսումնասիրություններ այդ պահեստարաններում պահպանված գինու ընդհանուր ծավալը գնահատում են շուրջ 400 հազար լիտր։ Նույնիսկ դեռ Հայաստանով նահանջող հույն զորավար Քսենոփոնը ի թիվս այլ առատություների, հիշում է հայկական անուշահամ գինին («Անաբասիս», IV, 9, էջ 93). «Այստեղ գտնվող բազմաթիվ ու բարեշեն տներում մեծ քանակությամբ այնքան գինի կար, որ պահում էին ծեփված հորերում» (Անաբասիս, IV, 22, էջ 88): «Ու եթե որևէ մեկը մտերմաբար ցանկանում էր խմել մյուսի կենացը, ապա նրան քարշ էր տալիս կարասի մոտ և կռանալով պետք է խմեր այնտեղից`եզան նման ծծելով» (Անաբասիս, IV, 32, 33, էջ 98):
Այս տվյալները զուտ հետաքրքական վիճակագրություններ չեն։ Դրանք թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսի կազմակերպված տնտեսական մեխանիզմների հետ գործ ունենք։ Այսքան մեծ քանակությամբ գինի չէր կարող պատրաստվել միայն մի քանի ընտանիքի կամ փոքր համայնքի կարիքների համար։ Գինու արտադրությունն այստեղ կապված էր տնտեսության, պահեստավորման, չափման և կառավարման համակարգերի հետ։ Այսինքն՝ այն գտնվելիս է եղել պետության կոնկրետ հոգածության ներքո:
Կարաս. գինու առաջին «փաթեթավորումը»: Հին Հայաստանի գինու ճանապարհը դժվար է պատկերացնել առանց կարասի։ Այս հսկայական կավե անոթները նախատեսված էին հացհատկի, ալյուրի, ինչպես նաև գինու պահպանման համար (Ենգիբարյան, Բոբոխյան 2025, 11)։ Դրանք տեղադրվում էին նախապես պատրաստված հատուկ պահեստարաններում՝ կարասային սրահներում (Ենգիբարյան, Բոբոխյան 2025, 21): Դրանցով հայկական խաղողից պատրաստված գինին նավերով տեղափոխվում էր դեպի Միջագետք: Ուրարտական հուշարձաններում հայտնաբերված կարասների վրա առկա նշումները վկայում են նաև ծավալի չափման համակարգի մասին։ Այդ շրջանից հայտնի են գինու չափման երեք հիմնակա միավոր ակարկի, տերուսի և արուսի (aqarqi, ṭerusi և arusi) (Բադալյան 2025, 51): Դրանք հասնում էին մինչև մեկ տոննա ծավալի (Մատեուշ, Զաքյան 2025, 26): Կարմիր բլուրում հայտնաբերված կարասների մի մասը նշված էր սեպաձև կամ նշաններով, որոնք կապվում են հեղուկների չափման ուրարտական միավորների հետ։ Այսինքն՝ գինին պարզապես լցվում և չէր պահվում։ Այն հաշվվում էր, չափվում, պահեստավորվում և վերահսկվում։ Կարասների մեծ չափերը նույնպես պատահական չէին։ Ժայռափոր պահեստներում կամ հողի մեջ մասամբ թաղված անոթը հնարավորություն էր տալիս ավելի կայուն ջերմաստիճան ապահովել և երկար ժամանակ պահել պարունակությունը (Գրիգորյան 2025, 118)։ Քսենոփոնը նույնպես հիշատակում է, որ հայերը գինին հորելով պահելու սովորույթ ունեին (Անաբասիս, IV, էջ 98): Կարմիր բլուրում հայտնաբերվել է ութ կարասային սրահ, որոնք նապատեսված են եղել գինի պահելու համար (Սարգսյան 2025, 69):
Գինին դուրս է գալիս Հայաստանից: Ե՞րբ սկսեց գինին անցնել տեղական սպառման սահմանները և դառնալ հեռավոր առևտրի ապրանք։ Այս հարցի պատասխանը մեզ մոտեցնում է գրավոր աղբյուրներին։ Մ.թ.ա. V դարի հույն պատմիչ Հերոդոտոսը իր «Պատմության» առաջին գրքում նկարագրում է Եփրատով դեպի Բաբելոն ընթացող նավերը։ Նրա պատմության մեջ առանձնահատուկ ուշադրության է արժանանում այդ նավերի կառուցվածքը. «Նավերը, որոնցով նավում են գետն ի վար՝ դեպի Բաբելոն, կլոր են և ամբողջովին կաշեպատ: …Նրանք մեծ մասամբ փոխադրում են գինի կարմիր կարասներով: … Նավելով Բաբելոն հասնելուց և բեռը վաճառելուց հետո նրանք վաճառքի են հանում նաև նավի կմախքը և ամբողջ ծղոտը…» (Հերոդոտոս, գիրք 1, 194):
Հերոդոտոսի հաղորդումը հատկապես արժեքավոր է նրանով, որ այստեղ մենք տեսնում ենք ոչ միայն գինու առկայությունը, այլև դրա տեղափոխման ամբողջ մեխանիզմը։ Այս պատկերը հին աշխարհի առևտրի բավական ուշագրավ օրինակ է։ Գինին մի ուղղությամբ էր շարժվում, իսկ վաճառված նավի նյութերն ու կենդանիները՝ մյուս։ Սա հին աշխարհի առևտրատնտեսական և լոգիստիկ մեխանիզմների մասին պատկերացում կազմելու համար եզակի աղբյուր է, որը միաժամանկ ցույց է տալիս, թե այդ ոլորտում որքան զարգացած էր Հայաստանը:
Եփրատը՝ որպես գինու ճանապարհ: Այսպիսով, գինու ճանապարհի կարևոր հատվածներից մեկը գետն էր։ Հին աշխարհի համար գետերը ոչ միայն ջրի աղբյուրներ էին։ Դրանք հաղորդակցության և առևտրի բնական ճանապարհներ էին։ Մեծ քանակությամբ ծանր բեռ տեղափոխելու համար գետային տրանսպորտը շատ ավելի արդյունավետ էր, քան ցամաքային ճանապարհը։
Պատկերացնենք այդ ճանապարհը։ Արարատյան դաշտի այգիներից ստացված խաղողը վերածվում էր գինու։ Գինին լցվում էր մեծ անոթների մեջ։ Այնուհետև ապրանքը տեղափոխվում էր դեպի հարավ, հասնում Եփրատի ավազան և այնտեղից գետային ճանապարհով շարժվում դեպի Միջագետքի խոշոր կենտրոններ։ Վերջնակետերից մեկը Բաբելոնն (Арутюнян 1964, 116) էր՝ հին աշխարհի ամենահայտնի քաղաքներից մեկը։
Այսպիսով, գինու ճանապարհը կարելի է պայմանականորեն պատկերել այսպես.
Արարատյան դաշտ → հարավային հաղորդակցական ուղիներ → Եփրատի ավազան → Բաբելոն:
Ինչո՞ւ էր գինին արժեքավոր Միջագետքում: Միջագետքի բնակիչների համար գինին նույնքան սովորական խմիչք չէր, որքան գարեջուրը։ Միջագետքի տնտեսության և մշակույթի մեջ գարեջուրը կարևոր տեղ էր զբաղեցնում, մինչդեռ գինին շատ դեպքերում կապված էր ներմուծման և ավելի բարձր արժեք ունեցող սպառման հետ։ Հետևաբար հայկական լեռնաշխարհից եկող գինին կարող էր ունենալ առանձնահատուկ տնտեսական նշանակություն։ Հերոդոտոսի նկարագրած առևտրային ճանապարհը ցույց է տալիս, որ գինին բավական արժեքավոր բեռ էր՝ երկար ճանապարհ տեղափոխելու համար։ Հետազոտություններում Հերոդոտոսի հաղորդումը դիտարկվում է որպես հին Հայաստանի և Բաբելոնի միջև գինու առևտրի կարևոր վկայություն։
Այստեղ հատկապես հետաքրքիր է մեկ այլ հանգամանք․ գինու առևտուրը պահանջում էր ոչ միայն արտադրել, այլև պահպանել ապրանքի որակը։ Երկար ճանապարհը նշանակում էր, որ արտադրողը պետք է մտածեր գինու պահպանման, տարայի ամրության, չափի և տեղափոխման եղանակի մասին։ Այսպիսով, գինու ճանապարհը նպաստում էր նաև արտադրության տեխնոլոգիական զարգացմանը։
Ուրարտական պահեստներից մինչև Արարատյան հովտի քաղաքները: Գինու պատմությունը չի սահմանափակվում միայն Կարմիր բլուրով։ Ուրարտական աշխարհի տարբեր կենտրոններում՝ Էրեբունիում, Արմավիրի տարածքում գտնվող Արգիշտիխինիլիում և այլ հուշարձաններում, հայտնաբերվել են գինու պահպանման համար նախատեսված մեծ թվով կարասներ (Բադալյան, Դեշամպ, Կլեֆոնտեն, Լյուրո 2025, 63)։ Կարմիր բլուրի պահեստարանները, սակայն, առանձնանում են իրենց չափերով և պահպանված նյութի ծավալով։ Հետագա դարերում գինեգործությունը շարունակեց կարևոր դեր ունենալ Արարատյան հովտի քաղաքների կյանքում։ Ժամանակակից հնագիտական ուսումնասիրությունները Արմավիրի, Արտաշատի և Վաղարշապատի նյութերի հիման վրա ցույց են տալիս, որ այստեղ գոյություն ունեին խաղողագործության և գինեգործության զարգացած ավանդույթներ, այդ թվում՝ գինու հնձաններ, մառաններ և արտադրական տարածքներ։ Այս փաստերը թույլ են տալիս գինու պատմությունը դիտարկել ոչ թե առանձին դրվագների, այլ երկարատև մշակութային գործընթացի շրջանակում։
Գինին՝ որպես մշակութային կապ
Գինու ճանապարհի ամենահետաքրքիր կողմերից մեկն այն է, որ ճանապարհորդում էր ոչ միայն գինին։ Գինու հետ միասին տարածվում էին արտադրության փորձը, անոթների ձևերը, չափման համակարգերը, առևտրային սովորույթները և, իհարկե, գինու օգտագործման մշակույթը։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք հայկական լեռնաշխարհի խաղողի մշակույթը, կարասների արտադրությունը և գինու պահեստավորման հսկայական համակարգերը։ Մյուս կողմից՝ Միջագետքի քաղաքային մշակույթն է՝ իր շուկաներով, գետային տրանսպորտով և սպառման ավանդույթներով։ Այս երկու աշխարհները միանում էին առևտրի ճանապարհներին։ Ուստի գինու ճանապարհը կարելի է հասկանալ ոչ միայն որպես ապրանքի ճանապարհ, այլև որպես մշակութային հաղորդակցության ճանապարհ։
Եզրակացություն: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գինեգործությունը հին Հայաստանում եղել է ոչ միայն գյուղատնտեսական և կենցաղային զբաղմունք, այլև տնտեսության կարևոր ճյուղ։ Արարատյան դաշտի բերրիությունը, գինու արտադրության ու պահպանման զարգացած համակարգերը, մեծածավալ կարասների կիրառությունը և չափման միավորների գոյությունը վկայում են գինու արտադրության կազմակերպված բնույթի մասին։
Միաժամանակ գինին վաղուց դուրս էր եկել տեղական սպառման շրջանակից և դարձել առևտրի կարևոր ապրանք։ Հնագիտական ու գրավոր աղբյուրները հնարավորություն են տալիս ուրվագծելու Արարատյան դաշտից դեպի Եփրատի ավազան և Միջագետք ձգվող առևտրական ուղղությունը։ Հատկապես ուշագրավ է գինու փոխադրումը դեպի Բաբելոն, ինչը վկայում է հայկական լեռնաշխարհի և Միջագետքի միջև ձևավորված տնտեսական կապերի մասին։
Այսպիսով, գինու ճանապարհը պետք է դիտարկել ոչ միայն որպես առևտրային երթուղի, այլև որպես մշակութային հաղորդակցության ուղի, որով տարածվում էին արտադրական գիտելիքները, պահպանման տեխնոլոգիաները, անոթների կիրառման ավանդույթներն ու գինու մշակույթը։ Հետևաբար, հին Հայաստանի գինեգործության պատմությունը կարևոր վկայություն է հայկական լեռնաշխարհի՝ Հին Արևելքի տնտեսական և մշակութային լայն համակարգերում ունեցած նշանակալի դերի մասին։







+374 44 60 22 22
Armenia Wine Company 3 Bild., 1Dead-end, 30 Street, Sasunik 0223

