ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՈՂԿՈՒԶԱԿԻՐ ԱՆՈԹՆԵՐԸ

Արցախի Տիգրանակերտի անտիկ ժամանակաշրջանի (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 3-րդ դդ.) նյութական և հոգևոր մշակույթի ուսումնասիրության առումով մեծ աղբյուրագի­տա­կան նշանակություն ունի վերոհիշյալ ժամանակաշրջանի խեցեղենը, որը մոտ մեկ ու կես տասնամյակ ընթացող պեղումների ամենաառատ հնագիտական նյութն է:

Այն, բացի ձևերի բազմազանությունից հանդես է բերում նաև մեկ այլ առանձնահատկություն. ներկայանում է շքեղ գունազարդ, սև և մոխրագույն, փայլեցված, դրոշմազարդ և փորագիր զարդերով հարդարված տեսակներով: Այս շարքում թեև փոքրաքանակ, բայց յուրահատուկ խումբ են կազմում դրոշմազարդման եղանակով հարդարված անոթները, որոնք կարող են լույս սփռել Տիգրա­նակերտի մշակութային նորամուծությունների, առևտրա-մշակութային կապերի և տարածաշրջանում նրա խաղացած մշակութային դերա­կատար­ման վրա:

Դրոշմազարդ խեցեղենի բացառիկ օրինակներ են Տիգրանակերտի պեղումներով տարբեր տարիներին հայտնաբերված ներքուստ ողկուզակիր գոտիներով հարդար­ված սև, հայելափայլ արտաքինով գավաթների, ըմպանակ-փիալաների և թասի բե­կոր­ները (նկար 1): Այս անոթներն անվանում ենք ողկուզակիր, նկատի ունենալովոր կոնաձև, սուր գագաթով դեպի ներքև ուղղված, կլոր գնդիկ­նե­րով լցված դրոշմազարդ պատկերներն ամենայն հավանականությամբ խաղողի ող­կույզ են ներկայացնում:

Տիգրանակերտում հայտնաբերված երեսունից ավելի ողկուզակիր օրինակների քննությունը պարզում է, որ անտիկ վարպետները դրոշմազարդումն իրականացրել են կոնաձև, երեքից տասնմեկ հատիկներից կազմված ողկույզներ պատկերող առնվազն ինը դրոշմիչով: Ընդ որում՝ որոշ դեպքերում միևնույն քանակի հատիկներից բաղկացած ողկույզները հատիկների տարբեր դասավորվածություն ունեն (օրինակ՝ վեց կամ ութ հատիկների դեպքում): Վերոհիշյալ մոդիֆիկացված տարբերակների բազմա­զա­նութ­յան հետ մեկտեղ Տիգրանակերտում դեռևս չեն հայտնաբերվել խեցեղենի դրոշ­միչներ: Դրանց արտաքին տեսքի մասին կարելի է պատկերացում կազմել Արևմուտքի անտիկ հուշարձաններից հայտնի օրինակներով (նկար 2): Կիրառման համար հարմարա­վե­տութ­յամբ պայմանավորված՝ խեցանոթների դրոշմիչներն ունեցել են երկար բռնակ­ներ, որոնց երբեմն մեկ, երբեմն էլ երկու աշխատող ծայրերը փորագրազարդ են եղել: Դրոշմազարդումն իրականցվել է անոթների պատրաստման գոր­ծըն­թացի այն փուլում, երբ խեցանոթների կավը դեռ խոնավ և փափուկ է եղել, այսինքն՝ մինչև պատրաստի արտադրանքի լրիվ չորացումը:

Տիգրանակերտի խնդրո առարկա սևափայլ անոթները ներքուստ շրթեզրից 1,5-2,0 սմ ցած ունեն իրարից 1,5 սմ հեռավորությամբ ձգվող փորագիր հորիզոնական գոտիներ, որոնց արանքում, անոթի ողջ շրջագծով դրոշմված են ողկույզների ռիթմիկ կրկնվող պատկերներ: 2013 թ.-ին Անտիկ առաջին քաղաքային թաղամասի պեղումներով հայտնաբերված ամբողջացող գավաթի միակ ողկուզա­կիր գոտին տեղադրված է անոթի հատակամերձ հատվածում (նկար 3): Դրա և շրթեզրից 2,5 սմ ցած համակենտրոն գծի միջև առաջացած մոտ 5 սմ լայնությամբ գոտին հարդարված է ներգծված փորագրազարդ եռանկյունիներով: Ընդ որում, հորիզոնական գծերի մեջ ներգծված մեկ և ավելի եռանկյունիների համաչափ կրկնությամբ ստացված զարդամոտիվը Տիգրա­նա­կերտի վարպետների կողմից սիրված և գունազարդ խեցեղենի վրա լայն կիրառում ունեցող զարդապատկերներից է:   

Երբեմն միևնույն անոթի ներսում առկա են միաժամանակ երկու ողկուզակիր գոտիներ: Ընդ որում՝ դրոշմազարդ առաջին գոտին երբեմն դրվում էր շրթեզրին շատ մոտ, ինչպես ըմպանակներից մեկի դեպքում է: Ողկուզակիր երկրորդ գոտին զետեղվում էր անոթի ստորին մասում՝ ընդգծելով հատակը: Որոշ նմուշների դեպքում շուրթի երիզն էլ է ընդգծված փորագիր շատ նուրբ գոտիով: Հայտնի են նաև շուրթն ակոսագծով ձևավորված մի քանի օրինակներ: Հայտնաբերված խեցանմուշների վրա ողկույզները փորագիր հորիզոնական գոտիների մեջ հիմնակա­նում մեկ շարքով են դրոշմված, սակայն հանդիպում են օրինակներ, որոնց շուրթից ներքև գոտին հարդարված է ողկույզների շախմատաձև դասավորված երկու շարքով (նկար 4):

Այս ողկուզակիր անոթները ստեղծվել են ձևի, կիրառա­կան նշանակության, զարդապատկերի միասնական ամբողջականության մեջ:  Նյութի քննությունը ցույց է տալիս, որ ողկույզներով դրոշմվել են բացառապես բաց անոթները, որոնք նախատեսված են եղել հեղուկ/գինի ըմպելու համար: Խաղողի ողկույզներ կրող գավաթներն ու փիալա­ներն այն բանի վկայությունն են, որ Տիգրանակերտում անտիկ ժա­մա­նակա­շրջանում զարգացած է եղել գինեգործությունը: Այս եզրակացությունը հաստատելու են գալիս Տիգրանակերտի Ամրաց­ված թաղամասի արևելյան ստորոտում 2012 թ. պեղումներով բացված՝ խաղողը ճզմելու բազմանկյուն հարթակ առագաստից և հորից բաղկացած ժայռափոր հնձա­նը, հուշարձանի բոլոր պեղա­վայրերից հայտնաբերված անտիկ կարասների, գունա­զարդ սափորների և գավաթների հարյուրավոր բեկորները, Անտիկ առաջին քաղաքա­յին թաղամասից գտնված կապույտ ապակուց խաղողի ողկույզ պատկերող նրբագեղ կա­խիկը, ինչպես նաև խաղողի (Vitis vinifera) կենսա­հան­քայ­նացած կամ ածխացած կորիզների գտածո­ների հնա­բու­սա­­բանական անալիզների տվյալները, հա­մա­ձայն որոնց՝ Տիգրա­նա­­կեր­տում անտիկ շրջանում մշակել են առնվազն երկու տե­սա­կի խաղող՝ տեխնիկական և սեղանի:

Տիգրանակերտյան ողկուզակիր անոթների ողջ հորինվածքի նրբագեղ կատարումը, սևափայլ մակերեսը, որը ձգտում ունի թողնելու սև լաքապատման տպավորություն, այս անոթներին տալիս է յուրահատուկ գեղեցկություն և հիմք է տալիս ենթադրել, որ դրանք կիրառվել են հատուկ նպատակով:

Արմինե Գաբրիելյան

Պ.գ.թ., ՀԱԻ գիտաշխատող

 

Մարտիրոս Սարյան և Մինաս Ավետիսյան. Գինին կերպարվեստում

Գինին համարվում է մարդկության պատմության մեջ ամենախորհրդավոր ըմպելիքներից մեկը՝ բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնց հետ միախառնված են դրամաներ և պատերազմներ, կրոնն ու քաղաքականությունը: Ինչպե՞ս է ստացվել, որ այս հասարակ ըմպելիքն այսքան հանրաճանաչ է դարձել դեռ հին ժամանակներից և ինչու է հենց նա արժանացել ոչ միայն արտոնյալ դասի, այլ նաև արվեստի մարդկանց՝ նկարիչների և գրողների  ուշադրությանը: Այս բազմատեսակ և անուշաբույր խմիչքը բազմադարյա պատմություն ունի, որը հագեցած է ոչ միայն չոր թվականներով, այլև յուրահատուկ խորհրդանշերով և գունազարդ կտավներով: Սովորաբար գինին իր մեջ փիլիսոփայական մտորումների համար գեղեցիկ թեմաներ է պարունակում. Մի կողմից՝  նրա գործածությունը ժամանակավորապես մարդուն ազատում է երկրային հոգսերից՝ տալով հաճելիագույն մի անդորր, բայց, մյուս կողմից, չափից դուրս օգտագործումը բերում է ոչ ադեկվատ վիճակի, որտեղ իրականությունը խառնվում է երևակայականի հետ: Վերջինս առօրյա կյանքում կոչվում է   <<արբեցում>>: Այս ըմպելիքը, որը դեռ հին ժամանակներում թույլատրվում էր օգտագործել միայն բարձր խավի ներկայացուցիչներին, կարծես մի հնարիմաց եղանակ էր՝ իրենց չափի զգացումի ստուգման համար: Եվս մեկ առանձնահատկություն. Չափից ավելի օգտագործումը կարծես <<բացում է լեզուն>>, ինչը հին հույներին բերեց մի իմաստուն մտքի՝ <<ճշմարտությունը գինու մեջ է>>: Երբ մարդկային միտքն ամեն կերպ փորձում է վերահսկել և դիմադրել իր մտքերն ամբողջովին արտահայտելուն, գինին այդ ժամանակ առաջ է գալիս որպես իմաստության կախարդական խմիչք, որն ըմպելու ընթացքում  անհետանում են և ՛ կեղծավորությունը, և ՛ երկերեսանիությունը, և ՛ ստելու հակվածությունը:

Հատկապես հայկական մշակույթում գինին ու գինեգործությունը կարևոր տեղ են զբաղեցնում: Նրանց համար գինին ուղղակի հավաստիացման միջոց չէ, այն սրբազան ըմպելիք է, որի պատմությունն իր արմատներով գնում է դեպի քրիստոնեական ավանդավարքեր: Ինպես հայտնի է, առաջին խաղողի վազը Նոյն է տնկել: Եթե այս իրադարձությունը փորձենք մեկնաբանել սիմվոլիկ տեսանկյունից, այն իրենից ներկայացնում է Աստծու նվերն ու հատուցումը մարդկանց՝ իրենց հավատի և համբերության համար: Աստվածաշնչյան կոնտեքստում գինին իր մեջ կենտրոնացնում է աստվածային պարգևի գաղափարը՝ ուղղված մարդկությանը: Քանի որ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին (իսկ այս լեռը ոչ միայն Աստվածաշնչում է սրբացվում, այլ նաև Հայաստանի խորհրդանիշն է համարվում), ապա այս իրադարձությունը առիթ է տալիս ենթադրելու, որ հենց Հայաստանն է համարվում գինու հայրենիքը: Դրանից ելնելով՝ հայերը գինուն մեծ պատկառանքով ենք վերաբերվում: Վերջինս արտահայտվում է արվեստում՝ տարբեր մոտիվների և թեմաների տեսքով: Հատկապես հարավային կոլորիտը  նպաստում է բնության պարգևների արտահայտիչ փոխանցմանը՝ առանձնապես խաղողի: Հայ վարպետներն իրենց հագեցած պալիտրայի միջոցով փոխանցում են խաղողի բերքի հավաքման կլանող ընթացքը՝ հիանալով դրանց հյութեղությամբ: Օրինակ՝ Մարտիրոս Սարյանի ու Մինաս Ավետիսյանի աշխատանքներում, որոնք փոխանցում են Հայաստանի կոլորիտային լայնարձակությունները, կարելի է գտնել խաղողով նատյուրմորտներ,

‹‹Խաղողներ›› Մ. Սարյան 1911

Բոլոր սարյանական նատյուրմորտներն իրենց մեջ մարմնավորում են մի մեկ պարզ գաղափար՝ բաբախող ու անմահ կյանքը: Բայց, ի տարբերություն մյուս նատյուրմորտների, այստեղ կոլորիտն ավելի լակոնիկ է: Սակայն Սարյանին հաջողվում է սուղ պալիտրայի սահմաններում ցույց տալ մրգերի հյութեղությունը: Արևի շողերն ընկնում են նրանց վրա՝ ուժեղացնելով թարմության ու բնականության զգացողությունը: Կոմպոզիցիոն առումով սև խաղողը կենտրոնական տեղ է զբաղեցնում, որի գույնն իրեն ավելի զանգվածային ու հյութեղ է դարձնում: Իսկ մյուս ատրիբուտները միայն ծառայողական բնույթ են կատարում՝ կոմպոզիցիան բերելով հավասարակշռվածության և ՛ գունային, և ՛ կոմպոզիցիոն առումով: Այս նատյուրմորտը մտնում է մաեստրոյի միջին շրջանի մեջ, երբ նկարիչն արդեն ծանոթացել էր ֆովիզմի հետ և հենց նրանում գտել իր հարավային խառնվածքի արտահայտման միջոցը. Վերջինս արտահայտվում է ուժեղ գունային ցայտերանգությամբ, ճիշտ ընտրված հարաբերակցություններով ու թեթև կոմպոզիցիայով:

‹‹Խաղողով նատյուրմորտ›› Մ. Ավետիսյան

Եթե Սարյանի արվեստում ամեն ինչ ենթարկվում է հարմոնիայի և հավասարակշռության կանոններին, ապա Մինասի մոտ ամեն ինչ հակառակն է. Էքսպրեսիան, վառ խառնվածքը գերակայում են գծի և կոմպոզիցիայի վրա: Եթե Սարյանի մոտ նատյուրմորտը հանգստության, խաղաղման հաղորդիչն է, կյանքի հիմնն է, ապա Մինասի մոտ՝  լարված մտքի ու էմոցիայի արտահայտումն է տարածականության մեջ:  Նրա կտավում սարյանական հանգստությանը տեղ չկա, այստեղ միայն հակադրություններ են: Վերջինիս են ավելանում պաստոզությունը, ինչը աշխատանքն իսկապես դարձնում է շնչող, չնայած իրերի ստատիկությանը: Եթե Սարյանի նատյուրմորտն ընդգծում է բնության առատությունը, ապա Մինասն ամենևին նման նպատակ չի դնում իր առջև: Նրան ավելի շատ գրավում է վառ կարմիրի, մուգ կապույտի և դեղնականաչի համադրությունը: Սարյանի նատյուրմորտն ավելի ստատիկ է, ինչը համապատասխանում է նրա կյանքի փիլիսոփայությանը: Իսկ ինչ վերաբերում է Մինասի աշխատանքին, և՛ գույնը, և ՛ կոմպոզիցիան ենթարկվում են դինամիկային:

‹‹Սև խաղող›› Բ. Քոլոզյան 1957 թ.

Վրձնի վարպես, հիասքանչ նկարիչ Բ. Քոլոզյանը նույնպես առավելագույնս ուշադիր է բնությանն ու նրա բարիքներին, ինպես Սարյանը, բայց, ի տարբերություն վերջինիս, նրա գործերը բառացիորեն առատ են մրգերով, կարծես կտավը սահմանափակում է նրանց՝ թույլ չտալով փոխանցել բնության ողջ հարստությունն ու առատությունը: Նկարիչն իր նատյուրմորտում հակադրում է խաղողի սևաթույր կապույտը  սավանի ճերմակության հետ՝ ստեղծելով անսահմանության և տարածության անսահմանափակության խաբկանք: Այստեղ բոլոր կողմերից կարծես ամեն ինչ հոսում է, իսկ  փոքրիկ ափսեում անգամ հույս չկա, որ խաղողները կկարողանան տեղավորվել:

Ռուզաննա Լազարյան