Կարասային թաղում Արտաշատ մայրաքաղաքի հյուսիս-արևելյան արվարձանից

             ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Արտաշատի հնագիտական արշավախմբի կողմից 1970 թ-ին ձեռնարկած և առ այսօր շարունակվող պեղումներն ի հայտ բերեցին մայրաքաղաքի նշանակալի դերը անտիկ Հայաստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում։ Հուշարձանի սիստեմատիկ ուսումնասիրությունը թույլ տվեց լուսաբանելու քաղաքային կյանքի տարբեր ոլորտները, որոնց թվում՝ առանձնանում են Անտիկ դարաշրջանում այստեղ տարածում գտած թաղման ձևերն ու դրանց առնչվող որոշ ծիսակարգերը: Ինչպես հայտնի է, մայրաքաղաք Արտաշատը, գոյատևելով գրեթե 600 տարի և հանդիսանալով երկրի մարդաշատ քաղաքներից մեկը, ունեցել է մի քանի դամբարանադաշտեր (Հյուսիս-արևմտյան, Հյուսիս-արևելյան և Արևելյան)։ Դրանց համապարփակ ուսումասիրությունը հույժ կարևոր է քաղաքային հասարակության սոցիալ-տնտեսական, մշակութային, հոգևոր, ինչպես նաև մարդաբանական-դեմոգրաֆիկ բնութագրերի առարկայական գնահատման առումով։  Այս ուղղությամբ տարված աշխատանքներից առաջինը՝ Ժ. Խաչատրյանի “Արտաշատ II” մենագրությունն էր, որտեղ ամփոփվել են 1971-1976 թթ-ին Արտաշատի արշավախմբի կողմից անտիկ քաղաքի դամբարանադաշտերի որոշակի հատվածների, ինչպես նաև բուն քաղաքի տարածքում հայտնաբերված առանձին թաղումների ուսումնասիրության արդյունքները: Իր ողջ կարևորությամբ հանդերձ, այս հետազոտության մեջ առկա են որոշակի “սպիտակ բծեր”, որոնց նշանակալի մասը բխում է դամբարանադաշտերի ուսումնասիրության ընթացիկ իրավիճակից (փրկարարական պեղումներ մշակովի դաշտերի տարածքում), ինչպես նաև ժամանակին հատուկ՝ նյութի գրանցման մեթոդաբանությունից։

            Ներկայացվող աշխատանքը նվիրված է Փոքր Վեդի գ-ի հողատարածքներում տարիներ առաջ պեղված անտիկ երկու թաղումների, ինչպես նաև վերջերս բուն գյուղում պատահաբար հայտնաբերված դամբարանի ուսումնասիրությանը, որոնք գալիս են լրացնելու առկա տեղեկությունները Արտաշատում ընդունված թաղման ձևերի և դրանց առնչվող ծեսերի վերաբերյալ: Միաժամանակ, այս գտածոները հնարավորություն են ընձեռում որոշ նախնական դատողություններ անել քաղաքի հյուսիս-արևելյան այս ծայրամասի գործառույթի մասին։

* * *

                  Ինչպես հայտնի է, Փոքր Վեդի գյուղի հարավային արվարձանում տարված փրկարարական հնագիտական աշխատանքների ընթացում, դեռևս 1967 թ-ին, Տրայանոս կայսեր մեծածավալ արձանագրույան հետ մեկտեղ, հայտնաբերվել էր նաև հռոմեական զինվորի տապանաքար, լատիներեն արձանագրությամբ (Աղ. I, նկ. 1): Ի տարբերություն Արտաշատի պատմության տեսանկյունից՝ կարևոր այս վիմագրին, թաղումն ինքնին՝ չի արժանացել առանձին ուսումնասիրության։ Դրա պատճառը, թերևս, դամբարանի պատահական հայտնաբերումն էր և, համապատասխանաբար՝ առկա որոշ կենցաղային գտածոների (I-III դդ. խեցեղեն, աղորիքներ և այլն) նրա հետ կապակցման թեականությունը։ Այդուհանդերձ, քաղաքի տվյալ տարածքում այս առանձնահատուկ դամբարանի հայտնաբերումն արդեն, արժանի է ուշադրության (տես ստորև)։ Ու թեև հայտնաբերման վերոհիշյալ հանգամանքներից ելնելով, թաղման ձևն ու նրա ուղեկցող նյութը մնում են անհայտ, I Իտալիկյան լեգեոնի զինվորի դամբարանը պետք է որ թվագրվի 114-116 թթ. սահմաններում՝ ելնելով Հայաստանում Տրայանոսի բանակի կայանման ժամանակային հանգամանքներից։

                 Հետագայում, 1978 թ-ի հնագիտական աշխատաքների ժամանաակ, Լուսառատ – Փոքր Վեդի ճանապարհի ձախակողմյան հատվածում, Արտաշատի արշավխմբի անդամ Մկրտիչ Զարդարյանի կողմից պեղվել էր մի այլ, թալանված անտիկ դամբարան, որի մանրամասն նկարագրությունը բերված է հնագետի դաշտային օրագրում (Աղ. V, նկ. 2): Դամբարանը շարքային հիմնահողային թաղում էր, սակայն, հյուսիսային կողմից ուներ ուշագրավ, 9,80 մ երկարությամբ, մոտ 0, 50 մ լայնությամբ և 0, 35 մ պահպանված բարձրությամբ հարթակ (Աղ. VI, նկ. 1): Վերջինս կազմված էր անտաշ քարերով շարված զուգահեռ երկու “պատերից”, որոնք հյուսիս-արևելյան հատվածում կորանալով՝ միանում էին իրար, իսկ հարավ-արևմտյան ծայրում կցված էին դամբարանին: Հարթակի միջնամասը լցված էր ամուր տոփանված հողով, որի մակարդակը, հավանաբար՝ սկզբնապես հավասարացված էր դամբանաթմբին: Հենց այս հարթակի վրայից ու քարաշարերի կողքից գտնվեցին մեծ քանակությամբ մանր և խոշոր եղջերավորների ոսկորներ, ըմպանակների, թասերի, խոհանոցային անոթների բեկորներ, ինչպես նաև թափանցիկ ապակուց պատրաստված, գոգավոր զարդագոտիով գավաթի բեկոր (Աղ. VI, նկ. 2) ու երկաթե դանակ: Խաթարված դամբարանում հայտնաբերվեցին առանձին մարդկային ոսկորներ, բրոնձե հայելու և խեցեղենի առանձին բեկորներ։ Ինչպես դամբարանի, այնպես էլ հարթակի գտածոների ողջ համալիրը թվագրվում է մ.թ. II դարի ավարտի -III դ-ի սահմաններում։ Նկարագրված հարթակն, ամենայն հավանականությմաբ՝ ծառայել է իբրև հոգեհացի սեղան, որի վրա, կատարված արարողություններից հետո՝ ջարդվել է օգտագործված սպասքը և թողնվել են ուտեստի մնացորդները: Իր հերթին, հարթակի երկարությունը թույլ է տալիս որոշ դատողություններ անել նաև ծիսակատարությանը մասնակցած մարդկանց քանակի մասին: Ընդունված հաշվարկային չափորոշիչներից ելնելով՝ կարելի է ենթադրել որ այդ “սեղան” -հարթակի շուրջ կարող էր տեղավորվել շուրջ 30 անձ:

             Քննվող տարածքի երրորդ դամբարանը բացահայտվեց նորերս։ 2016-2018 թթ-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Արտաշատի հնագիտական արշավախումբը Լեհաստանի Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հետ համատեղ աշխատանքներ ծավալեց մայրաքաղաքի հս-ար հատվածում (“Փոքր-Վեդի հայ-լեհական ծրագիր”): Ծրագրի հիմնական նպատակը՝ 1967 թ-ին պատահաբար հայտնաբերված Տրայանոս կայսեր արձանագրության մեջ հիշատակվող IV սկյութական լեգեոնի կողմից կառուցած ենթադրյալ ճամբարի, կամ այլ մոնումենտալ շինության հայտնաբերումն էր: Այդ իսկ նպատակով 2016-2017 թթ-ի ապրիլ և հոկտեմբեր ամիսներին, ապա 2018 թ-ի ապրիլին դաշտային հետախուզումներ ու ստուգողական պեղումներ տարվեցին վերոհիշյալ արձանագրության հայտնաբերման տարածքում և գյուղի հարակից հանդամասերում: Հետախուզման ընթացքում, հանդիպեցինք Փոքր Վեդու բնակիչ Հարություն Առաքելյանին, ով տեղեկացրեց, որ 2016 թ. մարտին իր տան բակում (Ջ. Դուրյան փ. 16) տարված շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերել է մի կարասային թաղում (Աղ. V, նկ. 1): Հարությունը պատմեց վերջինիս հայտնաբերման հագամանքները, ինչպես նաև տրամադրեց որոշ լուսանկարներ, արված կարասի բացահայտման պահին (Աղ. II, նկ. 1,2): Հայտնաբերողի վկայությամբ, 1,5 մ խորության վրա բացված կարասը դրված էր 45 աստիճան թեքությամբ, ուներ արևելք-արևմուտք կողմնորոշում (շուրթը՝ դեպի արևմուտք) և խնամքով փակված էր շրթին ընդհուպ հենած անմշակ, տափակ ֆիլզիտե սալով (լայն.՝ 45սմ, բարձր 95 սմ, Աղ. II, նկ.3): Արշավախմբի կողմից գրանցման ժամանակ կարասն արդեն բեկորային վիճակում էր, խառնված էին մարդկային և կենդանական ոսկորները, առանձնացված էին նաև կարասում գտնված կավանոթների բեկորները: Հայտնաբերման վայրի և գտածոների հետ տեղում ծանոթանալուց և դրանք ֆիքսելուց հետո, ողջ հնագիտական նյութը տեղափոխվեց Արտաշատի հնագիտական հանգրվան, որտեղ և իրականացվեց կարասային թաղման մանրամասն ուսումնասիրությունը:

                 Կարասն ունի ձվածիր իրան, առանց ընդգծված վզի, կլոր պսակի արտաքին տրամագիծը կազմում է 56 սմ, ներքինը՝ 45 սմ, ընդհանուր բարձրությունը՝ մոտ 120 սմ է, այն ունի քիչ փռված հատակ և “պտկաձև” նստուկ (Աղ. II, նկ.4): Հավանաբար, ննջեցյալին կարասում տեղադրել են վերջինիս ուսը ջարդելով, ինչի մասին են վկայում անոթի in situ լուսանկարներն ու հայտնաբերողի նկարագրությունը: Դամբարանի ուղեկցող հնագիտական նյութերը տեղադրված են եղել ինչպես կարասի ներսում, այնպես էլ նրա կողքին, սակայն, դրանց ստույգ տեղակայումը պարզել չհաջողվեց։ Թաղումից հայնաբերված կարմիր փայլեցված գնդաձև, հաստապատ սափորն (“տափաշիշը”) ունի կլոր պսակ, կարճ ու նեղ վիզ և իրանի վերին հատվածում ամրացված երկու կոր, երկայնական ներճկմամբ կանթերով: Անոթի չափերն են. բարձրությունը՝ 26 սմ, պսակի տրամագիծը՝ 5,5 սմ, բռնակի երկարությունը 7 սմ (Աղ. III, նկ.1):Տափաշշերն առհասարակ առանձնահատուկ դիրք են գրավում Հայաստանի անտիկ խեցանոթների հավաքածուներում (Արմավիր, Գառնի, Արտաշատ, Դվին, Օշական և այլն): Դրանք ձեռքով պատրաստված, երկու կողմից սեղմված անոթներ են: Արտաշատի դամաբարանադաշտերից հայտնաբերված տափաշշերի որոշ օրինակների մի կողմն ավելի ուռուցիկ է քան մյուսը, ինչը միտված է տեղափխման հարամարությանը: Տափաշշերը մեծ մասամբ ունենում են գունազարդում, մասնավորապես՝ հարդարված են կարմիր և շագանակագույն համակենտրոն շրջաններով: Իրական տափաշշերից զատ, մ. թ. ա. I դարում ի հայտ են գալիս գնդաձև “տափաշշերը”, գոյատևելով մինչև մ. թ. II դ. ներառյալ: Այս շրջանում դրանք կորցնում են իրենց տափակ կողերը, ստանում գնդաձև տեսք և կատարում են ջրամանի, սափորի գործառույթ: Միաժամանակ, այս անոթները, վզի, շրթի, կանթերի, ինչպես նաև իրանի երկմաս մոդելավորման հարցում՝ կրկնում են տափաշշերի պատրաստման ավանդույթը։ Արտաշատից զատ, նման գնդաձև անոթներ հայտնաբերվել են նաև Սյունիքում (Սիսիան, Վայք): Գնդաձև “տափաշշերը” հիմնականում ունենում են կարմիր փայլեցում: Փոքր վեդու գնդաձև սափորն իր արտաշատյան զուգահեռներով՝ թվագրվում է մ. թ.  I – II դ. առաջին կեսով:

                    Ուշադրության են արժանի դամբարանից գտնված երկու խոշոր ծորակավոր կավանոթների բեկորները։ Պահպանվել են միայն իրանին ամրացված ծորակների հատվածները, որոնք հորիզոնական կցված են անոթի դեպի դուրս հակված շրթին և իջնում են մինչև ուսը (Աղ. III, նկ.2, 3): Հայտնաբերվել են նաև չորս տնտեսական սափորների պսակների մասեր, պատված բաց դեղնա-կանաչավուն անգոբով, որը շատ տիպական է քննվող ժամանակաշրջանի խեցեղենի համար (Աղ. III , նկ. 4, Աղ IV, նկ. 1): Դամբարանում առկա էր նաև խոհանոցային խեցեղեն: Դրանք թուխ, կամ դարչնագույն խոշորահատիկ կավից պատրաստված ձեռածեփ անոթներ են: Վերջիններիս թվում՝ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում խուլ, ուղղահայաց կանթերով և թույլ ընդգծված ուսերով անոթը։ Կանթերի երկարություն կազմում է 3սմ, դրանք բարձրանում են դեպի անոթի պսակը: (Աղ III, նկ. 5):   Դամբարանային գույքի մասն են կազմում նաև կարմիր փայլեցրած նրբախեցի, ներճկված պսակով և օղակաձև նստուկով գնդաձև թասը (տրամ. 11սմ, բարձրությունը 4,5 սմ, Աղ IV, նկ. 2), ինչպես նաև մեկ այլ՝ ընդգծված շրթով թասը (տրամ. 35 սմ, բարձր 7 սմ, Աղ IV, նկ. 3): Նմանատիպ թասեր հայտնի են Արտաշատից, Արմավիրից, Դվինից և թվագրվում են մ.թ.ա. I – մ.թ. I դարերով: Ուշագրավ է դամբարանից հայտնաբերված փիալայի բեկորը, որն ունի շեշտված անցում կիսագնդաձև իրանից դեպի պսակը: Անոթի խեցին բավականաչափ նուրբ է, լավ թրծված, հղկված և փայլեցրած է (տրամ.՝ 14, 5 սմ, բարձր. 7 սմ, Աղ IV, նկ. 4): Փոքր վեդի գյուղի կարասային թաղման նյութերի քննությունը թույլ է տալիս թվագրել այն մ. թ. I-II դդ-ով: Կարասային թաղումներ հայտնաբերվել և ուսումնասիրվել են պատմական Հայաստանի բազմաթիվ հնավայրերից, որոնց վերաբերյալ հանգամանալից ակնարկներ տրված են Բ. Առաքելյանի, Գ. Տիրացյանի, Ժ. Խաչատրյանի և մի շարք այլոց աշխատանքներում: Հայտնի տվյալների կրկնությունից և հոդվածի չարդարացված ծանրաբեռնումից խուսափելու նպատակով, այստեղ բավարարվենք փաստելով միայն, որ թաղման այս ձևն ամնատարածվածներից մեկն է եղել ոչ միայն անտիկ Հայաստանի պատմական տարածքում, այլև համաժամանակյա Վիրքում, Աղվանքում և Մերձավոր Արևելքի հարակից այլ շրջաններում։ Դիադրությունն ու դիակիզումը (մասունքների զետեղմամբ) կատարված կարասային թաղումներում՝ միանգամայն տիպական են Արտաշատի համար ևս։

                     Արտաշատ հուշարձանի սահմաններում՝ կարասային թաղումները առավել բնորոշ են քաղաքի արևելյան դամբարանադաշտին, որտեղ 1971 թ.-ին պեղումներ է իրականացրել Արտաշատի արշավախումբը: Փոքր Վեդի գյուղի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներումում հայտնաբերված դամբարանները գալիս են հաստատելու այն սկզբնական վարկածը, որ տվյալ տեղանքը ծառայել է իբրև դամբարանադաշտ, ընդ որում՝ անտիկ շրջանի տարբեր ժամանակահատվածներում: Այդ են վկայում նաև վերը բերված հնագիտական տվյալները, ինչպես և Փոքր Վեդիի նույն Ջ. Դուրյան փողոցի սկբնամասում պատահական հայտնաբերված ու ավերված երկու այլ կարասային թաղումները, որոնք գրանցվեցին 2016թ. հետախուզման շրջանակներում: Ակներևաբար, մ. թ. ա. I – մ. թ. I դարերում այս տեղանքը քաղաքի հյուսիս-արևելյան դամբարանադաշտի քաղաքամերձ ծայրամասն էր, որտեղ թաղումները շարունակաբար կատարվել են առնվազն մինչև մ.թ. III դար։ Ուստի և միանգամայն օրինաչափ էր Իտալիկների I լեգիոնի զինվորի թաղումը արդեն իսկ գոյություն ունեցող դամբարանադաշտի տարածքում: Բերված տվյալների լույսի ներքո՝ 1967 թվականի փրկարարական պեղումների ժամանակ կրաքարե փոքր խարիսխների, առանձին քարե կվադրների հում աղյուսի բեկորների, աղորիքների և տարաժամակյա անտիկ խեցեղենի հայտնաբերումը կարող է գնահատվել որպես այտեղ առկա թաղումների և նրանց վերգետնյա կառույցների վկայություն: Անտիկ Հայաստանում վերջիններիս գոյությունը փաստված է մասնավորապես՝ Կարինի (Հասան-Կալա) և Սիսիանի դամբարանային համալիրներում։

                Վստահելի փաստերի բացակայության պայմաններում, դժվար է պնդել թե բոլոր այս ճարտարապետական և հնագիտական գտածոները վերաբերել են Իտալիկների I լեգեոնի շարքային զինվորի դամբանին։ Հավանաբար, 1967-ին Փոքր Վեդիի հարավային ծայրամասում ջրագծի խրամատի անցկացման ընթացքում, ավերվել են մի շարք դամբարանային և այլ կառույցներ, որոնցից՝ աչքի է ընկել միայն Տրայանոսի լատիներեն արձանագրությունն ու իտալիկ զինվորի տապանաքարը։ Այդուհանդերձ, առկա հնագիտական տվյալները թույլ են տալիս Արտաշատ հուշարձանի քննվող տարածքը գնահատել որպես քաղաքի Հյուսիս-արևելյան դամբարանադաշտի մի հատվածը, որտեղ քաղաքային բնակչության հետ մեկտեղ, թաղվել են նաև օտարերկրացիները։ Առանձին խնդիր է թե ի՞նչ շարժառիթներ է ունեցել քաղաքային դամբարանադաշտի տարածքում Տրայանոսի արձանագրության տեղակայումը։ Այս, ինչպես նաև անտիկ մայրաքաղաքի դաշտային հատվածներին առնչվող մի շարք այլ հարցերի լուսաբանմանը կնպաստեն Արտաշատի հետագա ուսումնասիրությունները։

Հայկ Գյուլամիրյան,

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ,

Հայաստանի գինու պատմության թանգարան

 

 

 

«Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները», Միջազգային կոնֆերանս

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ Ապրիլի 18-20 անկացվեց «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքել էր համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման ու զարգացման փուլերի առանցքային մի շարք թեմաներ:
Կոնֆերանսի 3 հագեցած օրերի ընթացքում հայ և օտարերկրյա հնագետները, պատմաբանները և բնագետները ոչ միայն ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնք կազմվել էին Հայաստանում նրանց կատարած 4 տարիների պեղումների հիման վրա, այլ նաև ունեցան գործնական այց դեպի Արտաշատի և Դվինի հնավայրեր։
Այս միջազգային կոնֆերանսը գիտական համատեղ գործունեության սկիզբն էր և կարևորագույն քայլ ՝ ուղղված Հայկական մշակույթի ու պատմության հանրայնացմանը։

              

ԶՎԱՐԹՆՈՑ. ՏԱՃԱՐԻ ՈԳԻՆ

Ի տարբերություն արվեստի մյուս տեսակների, ճարտարապետությունը հակված է իր մեջ կենտրոնացնելու ազգերի և պետությունների հավաքական կերպարը: Այն միակ արվեստն է, որտեղ միավորվում են մարդկային մեծ աշխատանքը, տեխնիկական հմտությունները և, վերջիվերջո, ստեղծագործական ոգեշնչումն ու ազգի ոգին: Զվարթնոցը այն հոյակերտ տաճարն է որի մեջ ի մի բերվեցին նրանցից դարեր աոաջ մշակված ճարտարապետական մշակույթը և շինարարական արվեստը, որտեղ հայ հանճարեղ ճարտարապետները կարողացան դրսևորել իրենց մտահղացումների ամբողջ վեհությունը: Շատ պատմիչներ են հիացել նրա գեղեցկությամբ ու վսեմությամբ. Սեբեոսի մոտ տեսնում ենք գովասանական արձագանք՝ «տաճար, որն արժանի է աստվածային պատվի», Կաղանկատվացու մոտ՝ «բազմապայծառ եկեղեցի», Ասողիկի մոտ `«զարմացուցիչըն տիեզերաց» եզրույթները:

Զվարթնոցից մեզ հասած հնագույն վկայությունը ուրարտական Ռուսա II-րդ արքայի սեպագիր արձանագրությունն է, որի մեջ խոսվում է նշանակալի ծավալի հասնող շինարարական աշխատանքների, մրգատու և խաղողի այգիներ տնկելու, գետից ջրանցք բերելու և զոհաբերություններ մատուցելու մասին:

Տաճարի ստեղծումը կապված էր Հայաստանում մշակութային վերելքի հետ՝ 5-րդ դարում գրերի ստեղծման, Դվինի՝ արհեստների և առևտրի քաղաք դառնալու, մշակույթի զարգացմամբ՝ գրականության և թարգմանչաց արվեստի տեսքով, որը հանգեցրեց համընդհանուր մշակութային վերածննդի: Բայց, մյուս կողմից, տաճարի կառուցման ընթացքում քաղաքական իրադրությունը լարված էր՝ այն էր արաբական արշավանքներն ու Բյուզանդիայի իշխողական ձգտումները: Հենց այս բարդ շրջանում է Ներսես III-ը ընտրվում կաթողիկոս, ով նախկինում եղել էր զորապետ ու կրթություն ստացել Բյուզանդիայում: Ներսես կաթողիկոսն իր վրա պարտականություն է վերցնում ոչ միայն հանդարտեցնել լարված իրավիճակն, այլև զբաղվել ծավալուն շինարարական գործունեությամբ, ինչի պատվին ստացավ ‹‹Շինարար›› մականունը:  

Տաճարի կառուցումը սկսվել է 641-643 թվականներին ընդուպ մինչև 652 թվականը: Տաճարի անվան բառացի թարգմանությունն է՝ «զվարթունների բազմություն», որը կապված է տվյալ տեղանքի և այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների հետ: Սեբեոսը հիշատակում է, որ ժամանակին այստեղ են հանդիպել Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը: Ներսես III-ը հենց այս պատճառով է ընտրում իրեն աթոռանիստ տվյալ վայրը: Համալիրի Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել Կոնստանտին II-ը, ով, խիստ զարմացած լինելով նրա գեղեցկությամբ, ցանկանում է նույնպիսի մի տաճար կառուցել Կոնստանդնուպոլսում: 

Չնայած նրան, որ տաճարը չի պահպանվել մինչ մեր օրերը, համառ վեճերն ու հետաքրքրությունն ամենևին չեն դադարում նրա շուրջը: 20-րդ դարում առաջինը, ով փրկեց տաճարը մոռացությունից Թորոս Թորամանյանն էր՝ տաճարի վերակազմության նախագծի հեղինակը: Տաճարի հարավ-արևմուտքում այժմ գտնվում են Կաթողիկոսական պալատի և նրա բնակելի հատվածների ավերակները։ Պալատը բաղկացած էր երկու մասից, որոնք միացված էին միջանցքով` արևմտյան հատվածում տեղակայված են հանդիսությունների սրահներ իսկ արևելքում` տնտեսական նշանակության կառույցներ ինչպես նաև ծավալուն հնձան։ Զվարթնոց տաճարի շուրջը Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից այգիներ տնկելու մասին հաղորդում են միջնադարյան հայ պատմիչներ Սեբեոսը և Հովհաննես Դրասխանակերտցին: Գինու մեծածավալ հնձանը բացվել է Թորոս Թորոմանյանի պեղումներով` 1931 թվականին։ Այն VII դարում կառուցված շինություն է, սրբատաշ տուֆե հաստ պատերով, ուղղանկյուն հատակագծով, որը կազմված է երկու բաժանմունքից և սրանց միջև առկա երկար միջանցքից։ Հնձանի բոլոր տաքարների ընդհանուր տարողությունը կազմել է շուրջ 22 հազար լիտր։

 Ըստ ճարտարապետական վերակազմության տաճարը շրջանաձև ռոտոնդա է: Այդ շրջանում, հայ միջնադարյան ճարտարապետության մեջ տարածված էին խաչաձև-կենտրոնագմբեթ եկեղեցիները, որոնք ունեին ուղղանկյունաձև կամ քառանկյուն հիմք: Զվարթնոցի պարագայում, որպես հիմք, քառակուսու փոխարեն ընտրվում է շրջանը, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է, և տաճարը հանդես է գալիս որպես ինքնատիպ փորձարարություն: Տաճարի արտաքին տեսքը զարմացնում էր իր վիթխարիությամբ՝ մեկը մյուսի վրա դրված համաչափորեն փոքրացող գլանների տեսքով: Այստեղ, իհարկե, տեղ են գտնում հայկական հանրածանոթ խորհրդանիշները՝  խաղողի վազը, նռան պտուղներն ու բուսաերկրաչափական պատկերաքանդակները:

Տաճարի արտաքին կամարաղեղների վրա քանդակված խաղողի ոստի առանձին հատվածներ գրեթե կազմում են լրիվ կիսաշրջաններ, և միայն հա­րևան գալարների հատման տեղերում է, որ ընդհատվում և թեքվում են տարբեր ուղղություններով: Այսպես, տերևին սովորաբար հաջորդում է խաղողի միաճյուղ ողկույզը, հետո գալիս է նորից տերև ու խաղողի երկճյուղ ողկույզը։ Ողկույզները, առանց բացառության, կախված են վերևից, իսկ տերևները դեպի վեր են բարձրանում ոստի ներհակ ճյուղերից, իսկ որթերի մանրամասները մշակվել են այնպես, որ դրանցից ոչ մեկը նույնիսկ մոտավոր նմանություն չունի մեկ անգամ արդեն ընտրված կոմպոզիցիային: Հարևան կամարաղեղների հատման կետերում, ուղիղ որմնասյուների վրա, դրված են մեծածավալ քարեր։ Ահա այդ քարերի վրա են մեծ հետաքրքրություն ներկայացնող այն պատկերաքանդակները, որոնք իրենց բնույթով եզակի երևույթ են հայկական ճարտարապետության մեջ  և V— VII դարերի զարդարվեստում  մասնավորապես։ Պատկերաքանդակներից (թվով 32) մեզ են հասել ընդահմենը ինը: Պատկերաքանդակներում, որպես կանոն, մարդիկ ներկայացված են շինարարական գործիքները ձեռքերին։ Գործիքներից պատկերված են սրածայր բահ և երկու տեսակի մուրճեր` կեռ և ուղղանկյուն գլուխներով։ Ըստ Թորոս Թորամանյանի այս պատկերաքանդակները պատկերում են եկեղեցու շինության ժամանակակից աշխատավոր, եկեղեցական և աշխարհիկ անձերի բարձրաքանդակները:

Կարևոր է նշել, որ քրիստոնեական շատ գաղափարներ յուրացվել են հայ մշակույթի կողմից՝  ազգային աշխարհայացքի օգնությամբ։ Միջնադարյան հայաստանի նյութական մշակույթում մեծ նշանակություն ունեն խաղողի որթի և ողկույզների, նռան թփերի և ողկույզների քանդակային հորինվածքները։ Հայ վարդապետները քրիստոնեության գաղափարները քարոզելիս լայնորեն օգտվել են ժողովրդական աշխարհընկալման համակարգից, որտեղ բացառիկ էր այգու դերը։ Այգային պատկերացումների արտահայտման լայն դաշտ էին ստեղծում և նորկտակարանային մի շարք դրվագներ․ երկնային թագավորությունը որպես խաղողի այգի, Քրիստոսը որպես ճշմարիտ որթատունկ «Ես եմ որթն ճշմարիտ․․․ Ես եմ որթ՝ և դուք ուռ․․․», գինին որպես աստվածային արյուն, արդար դատաստանը որպես հոգի ողկույզների հավաքում և ճզմում աստվածային հնձանում, Աստված որպես վերին այգեպան։

Զվարթնոցի մասին խոսել են այն բոլոր ուսումնասիրողները, որոնք այս կամ այն առիթով անդրադարձել են հայկական ճարտարապետության պատմությանը: Այս հանգամանքը, իհարկե, պատահսական չէ, որովհետև հայտնի դաոնալով քսաներորդ դարի աոաջին կեսին, Զվարթնոցն իր վրա գրավեց շատ գիտնականների ուշադրությունը և իր արժանի տեղը գտավ ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ:

 

Հայաստանի գինու պատմության թանգարանը Antike Welt ամսագրում

Հրապարակվել է Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի հոդվածը գերմանական նշանավոր գիտական ANTIKE WELT պարբերականում:
 
Հայկական գինեգործության մասին նոր հոդվածը տեղ է գտել ամսագրի «Աշխարհի թանգարանները» բաժնում և պատմում է թանգարանի ստեղծման, գործունեության, նպատակների և ցուցադրությունների մասին:
 
«Խաղողագործության և գինեգործության դարավոր ավանդույթներով հարուստ հայոց պատմությունը համապարփակ ներկայացնելու գաղափարը հասունացել է տարիների ընթացքում։
 
Հնագիտական ​​վայրերում հայտնաբերված զանազան նյութերը, մատենագիտական ​​տվյալները, ազգագրական ուսումնասիրությունները հիմք հանդիսացան Հայաստանում գինեգործության պատմության թանգարանի ստեղծման համար»,- նշում է Հայկ Գյուլամիրյանն իր հոդվածում:
 
Ամբողջական հոդվածը ՝ Antike Welt

«Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է». Եվրանյուզի անդրադարձը

«Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է»,- այսպես է վերնագրել «Եվրանյուզ» միջազգային առաջատար մեդիացանցն իր անդրադարձը՝ հռչակելով հայկական բարձրավանդակը գինեգործության հնագույն հայրենիք։

«Եվրանյուզ» լրատվականը պատմում է հայկական 8000-ամյա խաղողագործության ավանդույթների և 6000-ամյա գինեգործական մշակույթի մասին՝ հավելելով, որ գինու մասին մտածելիս չպետք է բաց թողնել գինեգործական ամենահին շրջաններից մեկը ՝ Հայաստանը։

Լրատվամիջոցը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում վերջերս բացված գինու պատմության թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշները այցելուների համար ճանապարհ  են բացում դեպի հայկական գինեգործության անցյալ և գերժամանակակից լուծումների շնորհիվ ցույց  տալիս տարածաշրջանի, կրոնի, մշակույթի և բժշկության խորը կապը հայկական գինու հետ:

«Թանգարանը գտնվում է Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա՝ Արմենիա Վայն գինեգործարանում,  տեղակայված է 8 մետր խորությամբ բազալտե ապարներում․ երբ անցնում ես գետնափոր թունելի միջով,  քեզ թվում է, թե մտնում ես գինու հսկա  մառան»,-նշում է «Եվրանյուզն» ու ավելացնում,- «թանգարանում գտնվող պատմահնագիտական և ազգագրական նմուշները ցույց են տալիս, թե ինչպես է գինին հայերին ուղեկցել օրորոցից մինչև թաղման ծեսեր»։

Կարևորելով հնագույն գինեգործության մշակույթը հանրահռչակելու թանգարանի միտումը, «Եվրանյուզը» մատնանշում է նաև մատենագրության առկայությունը, ինչը փաստում է, որ Հայաստանն իսկապես գինեգործության բնօրրանն է։

Նյութի աղբյուրը ՝ www.euronews.com

Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում. Նոր ցուցադրության բացում

Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ գինու պատմության թանգարանում օրերս բացվեց
ժամանակավոր ցուցադրություն՝ Գինին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի արվեստում։
Ապակե սափորների, գավաթների, կաթսաների, քացախամանների և գինու խցանահանների էսքիզներ՝ համեմված ազգային մոտիվներով։ Ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ կիրառական արվեստում Ռաֆայել Իսրայելյանը օգտագործել է խաղողի ու նռան պատկերներ, որոնք, ինչպես միշտ, տարբերվում են իրենց գեղագիտական ​​մորֆոլոգիայով։ 
Ցուցադրության բացման առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին հյուրեր Հայաստանի մի շարք թանգարաններից, որոնք  մեծ ուրախությամբ ընդունեցին թանգարանների միջև գործակցության նախագծերը՝ կարևորելով համատեղ աշխատանքը։
Ճարտարապետի էսքիզներին արդեն կարող եք ծանոթանալ Հայաստանի գինու պատմության թանգարանի նոր սրահում։
 

Հուշագիր Հայաստանի գինու պատմության թանգարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև

Շարունակելով ակտիվ համագործակցությունը հայաստանյան թանգարանների հետ՝ հուշագիր է ստորագրվել նաև Հայաստանի գինու պատմության թանգարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև, որի համաձայն առաջիկայում կյանքի կկոչվեն մի շարք նոր ծրագրեր։
Հայաստանի գինու պատմության թանգարանի հարևանությամբ տեղակայված կոնյակի հնացման մառանում արդեն 10 տարի է 24/7 հնչում է Խաչատրյանի հանճարեղ մեղեդին, ուստի շուտով խաչատրյանական շունչը կբերենք նաև Հայաստանի գինու պատմության թանգարան, որտեղ կցուցադրվեն մի շարք ցուցանմուշներ՝ բերված կոմպոզիտորի տուն-թանգարանից։
Հայաստանի գինու պատմության թանգարանը, Արմենիա Վայն գինեգործարանի հետ համատեղ, թողարկել է նաև սահմանափակ քանակությամբ ռոզե գինի ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի առաջնախաղի պիտակով։

Հայաստանի գինու պատմության թանգարանը Երևանի գինու օրերին

Հայաստանի գինու պատմության թանգարանը մասնակցել է Երևանի գինու օրերին։
Մասնակցության գլխավոր շարժառիթը՝ ծանոթացնել հայկական գինեգործության հարուստ պատմությանը և ներկայացնել 6000-ամյա գինեգործության մշակույթը ոչ միայն հայ, այլև փառատոնի օտարերկրյա մասնակիցներին։
Թանգարանի տաղավարն ամբողջապես վերարտադրում էր հայկական բացառիկ տերուարը, որովհետև մեր տարածաշրջանում աճող խաղողն ու դրանից պատրաստված գինին համային ու բուրային առանձնահատկությունները ստանում են հենց տերուարից:
Տաղավարի սյուները պատրաստված են Դալմայի պատմական խաղողի այգիների հողից և ներկայացնում են հողի շերտագրությունը (ստրատիգրաֆիա):

Հայաստանի գինու պատմության թանգարանը ՝ Թանգարանային գիշեր նախագծի շրջանակներում

1000+ հյուրեր աշխարհի տարբեր կետերից, նոր բացահայտումներ հայկական գինեգործության, խաղողագործության և մշակույթի մասին, երաժշտության և, իհարկե, գինի։
Հայաստանի գինու պատմության թանգարանն առաջին անգամ միացավ «Թանգարանային գիշեր» նախաձեռնությանը։
Մեր հյուրերի հետ միասին բացահայտեցինք մեր հայրենիքի խաղողագործության և գինեգործության հազարամյա պատմությունը և թերթեցինք անցյալի էջերը։

Հուշագիր Երևանի պատմության թանգարանի և Հայաստանի գինու պատմության թանգարանի միջև

Հուշագրի ստորագրում Երևանի պատմության թանգարանի հետ՝ միտված երկարատև փոխգործակցության։
13 բացառիկ էքսպոնատներ, հատուկ ուղեկալներով և մեծագույն զգուշությամբ, Երեւանից տեղափոխվեցին Արագածոտնի մարզ։
Ուրարտական շրջանի կարասներ, պաշտամունքային հուշարձաններ, որոնք կարևոր նշանակություն ունեն համաշխարհային պատմության մեջ, արդեն Հայաստանի գինու պատմության թանգարանում են։