Month: July 2023
Կարասային թաղում Արտաշատ մայրաքաղաքի հյուսիս-արևելյան արվարձանից
ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Արտաշատի հնագիտական արշավախմբի կողմից 1970 թ-ին ձեռնարկած և առ այսօր շարունակվող պեղումներն ի հայտ բերեցին մայրաքաղաքի նշանակալի դերը անտիկ Հայաստանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում։ Հուշարձանի սիստեմատիկ ուսումնասիրությունը թույլ տվեց լուսաբանելու քաղաքային կյանքի տարբեր ոլորտները, որոնց թվում՝ առանձնանում են Անտիկ դարաշրջանում այստեղ տարածում գտած թաղման ձևերն ու դրանց առնչվող որոշ ծիսակարգերը: Ինչպես հայտնի է, մայրաքաղաք Արտաշատը, գոյատևելով գրեթե 600 տարի և հանդիսանալով երկրի մարդաշատ քաղաքներից մեկը, ունեցել է մի քանի դամբարանադաշտեր (Հյուսիս-արևմտյան, Հյուսիս-արևելյան և Արևելյան)։ Դրանց համապարփակ ուսումասիրությունը հույժ կարևոր է քաղաքային հասարակության սոցիալ-տնտեսական, մշակութային, հոգևոր, ինչպես նաև մարդաբանական-դեմոգրաֆիկ բնութագրերի առարկայական գնահատման առումով։ Այս ուղղությամբ տարված աշխատանքներից առաջինը՝ Ժ. Խաչատրյանի “Արտաշատ II” մենագրությունն էր, որտեղ ամփոփվել են 1971-1976 թթ-ին Արտաշատի արշավախմբի կողմից անտիկ քաղաքի դամբարանադաշտերի որոշակի հատվածների, ինչպես նաև բուն քաղաքի տարածքում հայտնաբերված առանձին թաղումների ուսումնասիրության արդյունքները: Իր ողջ կարևորությամբ հանդերձ, այս հետազոտության մեջ առկա են որոշակի “սպիտակ բծեր”, որոնց նշանակալի մասը բխում է դամբարանադաշտերի ուսումնասիրության ընթացիկ իրավիճակից (փրկարարական պեղումներ մշակովի դաշտերի տարածքում), ինչպես նաև ժամանակին հատուկ՝ նյութի գրանցման մեթոդաբանությունից։
Ներկայացվող աշխատանքը նվիրված է Փոքր Վեդի գ-ի հողատարածքներում տարիներ առաջ պեղված անտիկ երկու թաղումների, ինչպես նաև վերջերս բուն գյուղում պատահաբար հայտնաբերված դամբարանի ուսումնասիրությանը, որոնք գալիս են լրացնելու առկա տեղեկությունները Արտաշատում ընդունված թաղման ձևերի և դրանց առնչվող ծեսերի վերաբերյալ: Միաժամանակ, այս գտածոները հնարավորություն են ընձեռում որոշ նախնական դատողություններ անել քաղաքի հյուսիս-արևելյան այս ծայրամասի գործառույթի մասին։
* * *
Ինչպես հայտնի է, Փոքր Վեդի գյուղի հարավային արվարձանում տարված փրկարարական հնագիտական աշխատանքների ընթացում, դեռևս 1967 թ-ին, Տրայանոս կայսեր մեծածավալ արձանագրույան հետ մեկտեղ, հայտնաբերվել էր նաև հռոմեական զինվորի տապանաքար, լատիներեն արձանագրությամբ (Աղ. I, նկ. 1): Ի տարբերություն Արտաշատի պատմության տեսանկյունից՝ կարևոր այս վիմագրին, թաղումն ինքնին՝ չի արժանացել առանձին ուսումնասիրության։ Դրա պատճառը, թերևս, դամբարանի պատահական հայտնաբերումն էր և, համապատասխանաբար՝ առկա որոշ կենցաղային գտածոների (I-III դդ. խեցեղեն, աղորիքներ և այլն) նրա հետ կապակցման թեականությունը։ Այդուհանդերձ, քաղաքի տվյալ տարածքում այս առանձնահատուկ դամբարանի հայտնաբերումն արդեն, արժանի է ուշադրության (տես ստորև)։ Ու թեև հայտնաբերման վերոհիշյալ հանգամանքներից ելնելով, թաղման ձևն ու նրա ուղեկցող նյութը մնում են անհայտ, I Իտալիկյան լեգեոնի զինվորի դամբարանը պետք է որ թվագրվի 114-116 թթ. սահմաններում՝ ելնելով Հայաստանում Տրայանոսի բանակի կայանման ժամանակային հանգամանքներից։
Հետագայում, 1978 թ-ի հնագիտական աշխատաքների ժամանաակ, Լուսառատ – Փոքր Վեդի ճանապարհի ձախակողմյան հատվածում, Արտաշատի արշավխմբի անդամ Մկրտիչ Զարդարյանի կողմից պեղվել էր մի այլ, թալանված անտիկ դամբարան, որի մանրամասն նկարագրությունը բերված է հնագետի դաշտային օրագրում (Աղ. V, նկ. 2): Դամբարանը շարքային հիմնահողային թաղում էր, սակայն, հյուսիսային կողմից ուներ ուշագրավ, 9,80 մ երկարությամբ, մոտ 0, 50 մ լայնությամբ և 0, 35 մ պահպանված բարձրությամբ հարթակ (Աղ. VI, նկ. 1): Վերջինս կազմված էր անտաշ քարերով շարված զուգահեռ երկու “պատերից”, որոնք հյուսիս-արևելյան հատվածում կորանալով՝ միանում էին իրար, իսկ հարավ-արևմտյան ծայրում կցված էին դամբարանին: Հարթակի միջնամասը լցված էր ամուր տոփանված հողով, որի մակարդակը, հավանաբար՝ սկզբնապես հավասարացված էր դամբանաթմբին: Հենց այս հարթակի վրայից ու քարաշարերի կողքից գտնվեցին մեծ քանակությամբ մանր և խոշոր եղջերավորների ոսկորներ, ըմպանակների, թասերի, խոհանոցային անոթների բեկորներ, ինչպես նաև թափանցիկ ապակուց պատրաստված, գոգավոր զարդագոտիով գավաթի բեկոր (Աղ. VI, նկ. 2) ու երկաթե դանակ: Խաթարված դամբարանում հայտնաբերվեցին առանձին մարդկային ոսկորներ, բրոնձե հայելու և խեցեղենի առանձին բեկորներ։ Ինչպես դամբարանի, այնպես էլ հարթակի գտածոների ողջ համալիրը թվագրվում է մ.թ. II դարի ավարտի -III դ-ի սահմաններում։ Նկարագրված հարթակն, ամենայն հավանականությմաբ՝ ծառայել է իբրև հոգեհացի սեղան, որի վրա, կատարված արարողություններից հետո՝ ջարդվել է օգտագործված սպասքը և թողնվել են ուտեստի մնացորդները: Իր հերթին, հարթակի երկարությունը թույլ է տալիս որոշ դատողություններ անել նաև ծիսակատարությանը մասնակցած մարդկանց քանակի մասին: Ընդունված հաշվարկային չափորոշիչներից ելնելով՝ կարելի է ենթադրել որ այդ “սեղան” -հարթակի շուրջ կարող էր տեղավորվել շուրջ 30 անձ:
Քննվող տարածքի երրորդ դամբարանը բացահայտվեց նորերս։ 2016-2018 թթ-ին ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Արտաշատի հնագիտական արշավախումբը Լեհաստանի Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հետ համատեղ աշխատանքներ ծավալեց մայրաքաղաքի հս-ար հատվածում (“Փոքր-Վեդի հայ-լեհական ծրագիր”): Ծրագրի հիմնական նպատակը՝ 1967 թ-ին պատահաբար հայտնաբերված Տրայանոս կայսեր արձանագրության մեջ հիշատակվող IV սկյութական լեգեոնի կողմից կառուցած ենթադրյալ ճամբարի, կամ այլ մոնումենտալ շինության հայտնաբերումն էր: Այդ իսկ նպատակով 2016-2017 թթ-ի ապրիլ և հոկտեմբեր ամիսներին, ապա 2018 թ-ի ապրիլին դաշտային հետախուզումներ ու ստուգողական պեղումներ տարվեցին վերոհիշյալ արձանագրության հայտնաբերման տարածքում և գյուղի հարակից հանդամասերում: Հետախուզման ընթացքում, հանդիպեցինք Փոքր Վեդու բնակիչ Հարություն Առաքելյանին, ով տեղեկացրեց, որ 2016 թ. մարտին իր տան բակում (Ջ. Դուրյան փ. 16) տարված շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերել է մի կարասային թաղում (Աղ. V, նկ. 1): Հարությունը պատմեց վերջինիս հայտնաբերման հագամանքները, ինչպես նաև տրամադրեց որոշ լուսանկարներ, արված կարասի բացահայտման պահին (Աղ. II, նկ. 1,2): Հայտնաբերողի վկայությամբ, 1,5 մ խորության վրա բացված կարասը դրված էր 45 աստիճան թեքությամբ, ուներ արևելք-արևմուտք կողմնորոշում (շուրթը՝ դեպի արևմուտք) և խնամքով փակված էր շրթին ընդհուպ հենած անմշակ, տափակ ֆիլզիտե սալով (լայն.՝ 45սմ, բարձր 95 սմ, Աղ. II, նկ.3): Արշավախմբի կողմից գրանցման ժամանակ կարասն արդեն բեկորային վիճակում էր, խառնված էին մարդկային և կենդանական ոսկորները, առանձնացված էին նաև կարասում գտնված կավանոթների բեկորները: Հայտնաբերման վայրի և գտածոների հետ տեղում ծանոթանալուց և դրանք ֆիքսելուց հետո, ողջ հնագիտական նյութը տեղափոխվեց Արտաշատի հնագիտական հանգրվան, որտեղ և իրականացվեց կարասային թաղման մանրամասն ուսումնասիրությունը:
Կարասն ունի ձվածիր իրան, առանց ընդգծված վզի, կլոր պսակի արտաքին տրամագիծը կազմում է 56 սմ, ներքինը՝ 45 սմ, ընդհանուր բարձրությունը՝ մոտ 120 սմ է, այն ունի քիչ փռված հատակ և “պտկաձև” նստուկ (Աղ. II, նկ.4): Հավանաբար, ննջեցյալին կարասում տեղադրել են վերջինիս ուսը ջարդելով, ինչի մասին են վկայում անոթի in situ լուսանկարներն ու հայտնաբերողի նկարագրությունը: Դամբարանի ուղեկցող հնագիտական նյութերը տեղադրված են եղել ինչպես կարասի ներսում, այնպես էլ նրա կողքին, սակայն, դրանց ստույգ տեղակայումը պարզել չհաջողվեց։ Թաղումից հայնաբերված կարմիր փայլեցված գնդաձև, հաստապատ սափորն (“տափաշիշը”) ունի կլոր պսակ, կարճ ու նեղ վիզ և իրանի վերին հատվածում ամրացված երկու կոր, երկայնական ներճկմամբ կանթերով: Անոթի չափերն են. բարձրությունը՝ 26 սմ, պսակի տրամագիծը՝ 5,5 սմ, բռնակի երկարությունը 7 սմ (Աղ. III, նկ.1):Տափաշշերն առհասարակ առանձնահատուկ դիրք են գրավում Հայաստանի անտիկ խեցանոթների հավաքածուներում (Արմավիր, Գառնի, Արտաշատ, Դվին, Օշական և այլն): Դրանք ձեռքով պատրաստված, երկու կողմից սեղմված անոթներ են: Արտաշատի դամաբարանադաշտերից հայտնաբերված տափաշշերի որոշ օրինակների մի կողմն ավելի ուռուցիկ է քան մյուսը, ինչը միտված է տեղափխման հարամարությանը: Տափաշշերը մեծ մասամբ ունենում են գունազարդում, մասնավորապես՝ հարդարված են կարմիր և շագանակագույն համակենտրոն շրջաններով: Իրական տափաշշերից զատ, մ. թ. ա. I դարում ի հայտ են գալիս գնդաձև “տափաշշերը”, գոյատևելով մինչև մ. թ. II դ. ներառյալ: Այս շրջանում դրանք կորցնում են իրենց տափակ կողերը, ստանում գնդաձև տեսք և կատարում են ջրամանի, սափորի գործառույթ: Միաժամանակ, այս անոթները, վզի, շրթի, կանթերի, ինչպես նաև իրանի երկմաս մոդելավորման հարցում՝ կրկնում են տափաշշերի պատրաստման ավանդույթը։ Արտաշատից զատ, նման գնդաձև անոթներ հայտնաբերվել են նաև Սյունիքում (Սիսիան, Վայք): Գնդաձև “տափաշշերը” հիմնականում ունենում են կարմիր փայլեցում: Փոքր վեդու գնդաձև սափորն իր արտաշատյան զուգահեռներով՝ թվագրվում է մ. թ. I – II դ. առաջին կեսով:
Ուշադրության են արժանի դամբարանից գտնված երկու խոշոր ծորակավոր կավանոթների բեկորները։ Պահպանվել են միայն իրանին ամրացված ծորակների հատվածները, որոնք հորիզոնական կցված են անոթի դեպի դուրս հակված շրթին և իջնում են մինչև ուսը (Աղ. III, նկ.2, 3): Հայտնաբերվել են նաև չորս տնտեսական սափորների պսակների մասեր, պատված բաց դեղնա-կանաչավուն անգոբով, որը շատ տիպական է քննվող ժամանակաշրջանի խեցեղենի համար (Աղ. III , նկ. 4, Աղ IV, նկ. 1): Դամբարանում առկա էր նաև խոհանոցային խեցեղեն: Դրանք թուխ, կամ դարչնագույն խոշորահատիկ կավից պատրաստված ձեռածեփ անոթներ են: Վերջիններիս թվում՝ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում խուլ, ուղղահայաց կանթերով և թույլ ընդգծված ուսերով անոթը։ Կանթերի երկարություն կազմում է 3սմ, դրանք բարձրանում են դեպի անոթի պսակը: (Աղ III, նկ. 5): Դամբարանային գույքի մասն են կազմում նաև կարմիր փայլեցրած նրբախեցի, ներճկված պսակով և օղակաձև նստուկով գնդաձև թասը (տրամ. 11սմ, բարձրությունը 4,5 սմ, Աղ IV, նկ. 2), ինչպես նաև մեկ այլ՝ ընդգծված շրթով թասը (տրամ. 35 սմ, բարձր 7 սմ, Աղ IV, նկ. 3): Նմանատիպ թասեր հայտնի են Արտաշատից, Արմավիրից, Դվինից և թվագրվում են մ.թ.ա. I – մ.թ. I դարերով: Ուշագրավ է դամբարանից հայտնաբերված փիալայի բեկորը, որն ունի շեշտված անցում կիսագնդաձև իրանից դեպի պսակը: Անոթի խեցին բավականաչափ նուրբ է, լավ թրծված, հղկված և փայլեցրած է (տրամ.՝ 14, 5 սմ, բարձր. 7 սմ, Աղ IV, նկ. 4): Փոքր վեդի գյուղի կարասային թաղման նյութերի քննությունը թույլ է տալիս թվագրել այն մ. թ. I-II դդ-ով: Կարասային թաղումներ հայտնաբերվել և ուսումնասիրվել են պատմական Հայաստանի բազմաթիվ հնավայրերից, որոնց վերաբերյալ հանգամանալից ակնարկներ տրված են Բ. Առաքելյանի, Գ. Տիրացյանի, Ժ. Խաչատրյանի և մի շարք այլոց աշխատանքներում: Հայտնի տվյալների կրկնությունից և հոդվածի չարդարացված ծանրաբեռնումից խուսափելու նպատակով, այստեղ բավարարվենք փաստելով միայն, որ թաղման այս ձևն ամնատարածվածներից մեկն է եղել ոչ միայն անտիկ Հայաստանի պատմական տարածքում, այլև համաժամանակյա Վիրքում, Աղվանքում և Մերձավոր Արևելքի հարակից այլ շրջաններում։ Դիադրությունն ու դիակիզումը (մասունքների զետեղմամբ) կատարված կարասային թաղումներում՝ միանգամայն տիպական են Արտաշատի համար ևս։
Արտաշատ հուշարձանի սահմաններում՝ կարասային թաղումները առավել բնորոշ են քաղաքի արևելյան դամբարանադաշտին, որտեղ 1971 թ.-ին պեղումներ է իրականացրել Արտաշատի արշավախումբը: Փոքր Վեդի գյուղի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներումում հայտնաբերված դամբարանները գալիս են հաստատելու այն սկզբնական վարկածը, որ տվյալ տեղանքը ծառայել է իբրև դամբարանադաշտ, ընդ որում՝ անտիկ շրջանի տարբեր ժամանակահատվածներում: Այդ են վկայում նաև վերը բերված հնագիտական տվյալները, ինչպես և Փոքր Վեդիի նույն Ջ. Դուրյան փողոցի սկբնամասում պատահական հայտնաբերված ու ավերված երկու այլ կարասային թաղումները, որոնք գրանցվեցին 2016թ. հետախուզման շրջանակներում: Ակներևաբար, մ. թ. ա. I – մ. թ. I դարերում այս տեղանքը քաղաքի հյուսիս-արևելյան դամբարանադաշտի քաղաքամերձ ծայրամասն էր, որտեղ թաղումները շարունակաբար կատարվել են առնվազն մինչև մ.թ. III դար։ Ուստի և միանգամայն օրինաչափ էր Իտալիկների I լեգիոնի զինվորի թաղումը արդեն իսկ գոյություն ունեցող դամբարանադաշտի տարածքում: Բերված տվյալների լույսի ներքո՝ 1967 թվականի փրկարարական պեղումների ժամանակ կրաքարե փոքր խարիսխների, առանձին քարե կվադրների հում աղյուսի բեկորների, աղորիքների և տարաժամակյա անտիկ խեցեղենի հայտնաբերումը կարող է գնահատվել որպես այտեղ առկա թաղումների և նրանց վերգետնյա կառույցների վկայություն: Անտիկ Հայաստանում վերջիններիս գոյությունը փաստված է մասնավորապես՝ Կարինի (Հասան-Կալա) և Սիսիանի դամբարանային համալիրներում։
Վստահելի փաստերի բացակայության պայմաններում, դժվար է պնդել թե բոլոր այս ճարտարապետական և հնագիտական գտածոները վերաբերել են Իտալիկների I լեգեոնի շարքային զինվորի դամբանին։ Հավանաբար, 1967-ին Փոքր Վեդիի հարավային ծայրամասում ջրագծի խրամատի անցկացման ընթացքում, ավերվել են մի շարք դամբարանային և այլ կառույցներ, որոնցից՝ աչքի է ընկել միայն Տրայանոսի լատիներեն արձանագրությունն ու իտալիկ զինվորի տապանաքարը։ Այդուհանդերձ, առկա հնագիտական տվյալները թույլ են տալիս Արտաշատ հուշարձանի քննվող տարածքը գնահատել որպես քաղաքի Հյուսիս-արևելյան դամբարանադաշտի մի հատվածը, որտեղ քաղաքային բնակչության հետ մեկտեղ, թաղվել են նաև օտարերկրացիները։ Առանձին խնդիր է թե ի՞նչ շարժառիթներ է ունեցել քաղաքային դամբարանադաշտի տարածքում Տրայանոսի արձանագրության տեղակայումը։ Այս, ինչպես նաև անտիկ մայրաքաղաքի դաշտային հատվածներին առնչվող մի շարք այլ հարցերի լուսաբանմանը կնպաստեն Արտաշատի հետագա ուսումնասիրությունները։
Հայկ Գյուլամիրյան,
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ,
Հայաստանի գինու պատմության թանգարան
«Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները», Միջազգային կոնֆերանս
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հայաստանի գինու պատմության թանգարանի և Գերմանիայի Մյունսթերի համալսարանի կլասիկ հնագիտության ինստիտուտի համատեղ Ապրիլի 18-20 անկացվեց «Հայաստանի Արարատյան հարթավայրի հնագույն մայրաքաղաքները» խորագրով միջազգային կոնֆերանս, որը Հայաստանի գինու պատմության թանգարանում հավաքել էր համաշխարհային համբավ ունեցող հնագետների, պատմաբանների ու բնագետների՝ բացահայտելու փառահեղ պատմություն ու ժառանգություն ունեցող հայկական մայրաքաղաքները և քննարկելու դրանց հիմնադրման ու զարգացման փուլերի առանցքային մի շարք թեմաներ:
Կոնֆերանսի 3 հագեցած օրերի ընթացքում հայ և օտարերկրյա հնագետները, պատմաբանները և բնագետները ոչ միայն ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնք կազմվել էին Հայաստանում նրանց կատարած 4 տարիների պեղումների հիման վրա, այլ նաև ունեցան գործնական այց դեպի Արտաշատի և Դվինի հնավայրեր։
Այս միջազգային կոնֆերանսը գիտական համատեղ գործունեության սկիզբն էր և կարևորագույն քայլ ՝ ուղղված Հայկական մշակույթի ու պատմության հանրայնացմանը։