ՀԱՅՈՑ ԳԻՆԵԽՄՈՒԹՅԱՆ «ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ». ԿԵՆԱՑ

Կենաց բառը գրաբարում նշանակել է կյանք, ավելի ուշ շրջանում՝ «արեւշատութեան մաղթանք բաժակաճառի առիթով» կամ «բաժակաճառի ատեն երկար կեանք մաղթելով բաժակ պարպել» (Ճէրէճեան, Տօնիկեան, Տէր Խաչատուրեան 1992, 999): Հայտնի բառարանագիր Էդուարդ  Աղայանը կենաց բառը բացատրում է որպես «Կերուխումի՝ խնջույքի պահին մեկի կամ մի բանի պատվին առաջարկվող բարի ցանկություն, կենացաճառ, բաժակաճառ» (Աղայան 1976, 176): Հետաքրքրական են նաև կենաց բառից առաջացած կենացաճառ, կենացանվագ, կենացապար բառերը, որոնք, համապատասխանաբար, նշանակում են՝ բարեմաղթանք, կենացից հետո հնչող երաժշտություն, կենացից հետո իրացվող պար (Աղայան 1976, 176):

Կենացի ամենահին գրավոր հիշատակություններից մեկը, թերևս, պատկանում է Փվստոս Բուզանդին: Նկարագրելով Մուշեղ Մամիկոնյանի՝ կանանոցը վերադարձնելու վեհ արարքից ոգեշնչված պարսից Շապուհ արքային, պատմիչը գրում է. «Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմի»։ Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարունակ նույն բանն էր կրկնում՝ «Ճերմակաձին թող գինի խմի» (Բուզանդ 1968, 233)։

Սակայն բանահյուսության մեջ առկա են նմուշներ, որոնք պատմության ավելի հին շերտեր են շոշափում և պատմում, որ առաջին կենացը Նոյն է ասել. երբ իր տնկած խաղողի հյութը որդիները փորձել են խմել, նա թույլ չի տվել, մտածելով, որ այն կարող է վնասակար լինել: Դրա համար անձամբ է խմել առաջինը, որպեսզի,  վնասի դեպքում տուժի հենց ինքը: Տեսնելով իրենց հոր անձնազոհ արարքը, որդիներն ասել են նրան՝ «անուժ լինի», որը հետագայում դարձել է «անուշ լինի» (Գյուլումյան Գ., ԴԱՆ, 2012): Այս գաղափարից է գալիս ավելի ուշ շրջանում կենաց խմողի ու կենացի հասցեատիրոջ դիալոգը, երբ խմողն ասում է «կենդանություն», իսկ կենացի հասցեատերը պատասխանում է «Անուշ անմահություն» (Հարությունյան և այլք, 2005, 285): Հետքրիստոնեական շրջանում գինին նույնացվում էր Հիսուսի արյան հետ՝ ընկալվելով որպես սրբազան խմիչք, որը խմողն ու դրանով մեկին արևշատություն մաղթողը վստահ էր, որ իր ցանկությունն անպայման կկատարվի (Ակինեան, 1921, 106, 107): 

Կենացի հնագույն նմուշներից է նաև «Սասնա ծռեր» էպոսում բազմիցս հանդիպող «Հացն ու գինին, Տէր կենդանին» (Սասունցի Դավիթ 1993, 268)  բանաձևը, որը արտաբերում են թշնամիների դեմ դուրս եկող հերոսները, որպես  երդումի և մաղթանք-ցանկություն:

Գինին ու կենացը, կարծես, ինչ-որ կերպ միահյուսված են միմյանց, և գինեխմությունը ընկալվում էր ոչ միայն որպես խրախճանք, այլ որպես ցանկություն, խոստում, երդում, հաճախ նաև՝ վրեժխնդրության ուխտ, որի արձագանքները գտնում ենք նույնիսկ Սողոմոն Թեհլերյանին նվիրված երգում, որում Թալեաթի դատաստանի ամբողջ ընթացքն ու վճռի կատարումը նկարագրող ամեն քառատնից հետո ասվում է.

Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,

Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:

Այսինքն՝ այս դեպքում գինին ու կենացը միախառնվելով իրար՝ դառնում են վրեժի խոստում և պայման, մանավանդ, որ գործողությունը կրում էր հունական դիցաբանության վրեժի աստված Նեմեսիսի անունը:

Հայկական միջավայրում կենացը չէր կարող հենց այնպես, ուղղակի ասվել: Նախ՝ ընտրվում էր սեղանի թամադա: Սովորաբար, սեփական տան մեջ հենց տանուտերն էր լինում սեղանապետը կամ էլ հյուրերից հարգարժան, հասակավոր մեկը, որի կենացը բարձրացնում էր նրան նշանակող տանտերը.

«Թամադա ջան, քու թամադայությունը միշտ սըհենց ուրախ սեղաններում անց կենա» (Վարդումյան 1969, 98): Արցախում ոչ ոք իրավունք չուներ ինքնուրույն կենաց ասելու, դա անարգանքի ժեստ էր սեղանապետի նկատմամբ, որից նա կարող էր վիրավորվել ու նկատողություն անել բոլորի ներկայությամբ: Հարկավոր էր բարձրաձայն թույլատվություն խնդրել սեղանապետից, որից կա՛մ կստանար կենացի իավունք, կամ` ոչ: Կենացի ընդհատումը, հատկապես սեղանապետի խոսելու պահին, չափազանց մեծ անարգանք էր համարվում, և կարող էր միչև անգամ վեճի առիթ դառնալ :

Հետաքրքրական են հայկական սեղաններին հնչող կենացները: Ավանդական սեղանների վրա նախ խմում են հանդիպման, բարի տեսության կենացը, որը, ինչ-որ կերպ հանդիսանում էր խնջույքի բացման արարողությունը. «Պարով ըք յեկել, կըլըխընըրիս վըրա տըղ ունըք, կերեք, խըմըք, քեփ արըք, ծեր վըտի փուշը, իմ աշկը» (Գյուլումյան Գ., ԴԱՆ, 2012): Սա ասվում էր, հիմնականում, հյուրընկալի կողմից՝ հյուրընկալվողներին, հատկապես, երբ նրանք կարևոր մարդիկ էին: Ընդունված էր, որ կենացի ժամանակ կենացի հասցեատերը պետք է ոտքի կանգներ առաջինն ու նստեր վերջինը, երբ բոլորը արդեն դատարկել են բաժակները :

Շարունակելով խնջույքը, կախված դրա բովանդակությունից, կենացները զարգանում էին՝ շոշափելով մարդու կյանքի բոլոր փուլերը՝ ծնունդ, պատանություն, երիտասարդություն, ամուսնություն, զավակածնություն, մահ: Դրանք յուրահատուկորեն խմբավորված են և մեկը-մեկից հետո, իրար հերթագայելով, զարգացնում են խնջույքը՝ թվելով ու շաշոփելով մարդու կյանքի բոլոր փուլերն ու կյանքի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն (ուրախության կամ դժբախտության) դեպքերը: Ծննդի կենացները խմվում էին, հիմնականում, երեխայի լույս աշխարհ գալու կապակությամբ և նրա ծնողներին գեղեցիկ մաղթանքներ էին ուղղում: Գարդմանում, օրինակ, նման դեպքերում մաղթում էին.

«Ումբուրն էրգան ըլի», «Մազը ծըվի պըս սըպտակի», «Մըրուքը ծուն տառնա»  և այլն: Դրանք լավագույն կենացներն էին և շոյում էին երեխայի հարազատներին (Գյուլումյան Գ. ԴԱՆ, 2016):

Տրապիզոնից գրառված գեղեցիկ հարսանեկան կենացներ կան, որոնք նույնպես եզակի նմուշներ են. «Ծլեք-ծաղկեք մեծընDք, մեկ պարցի ծերընDք, ծիր թոռներուն-ծոռներուն ծիլ ծաղիկը տեսնեք, մեզի Dլ չմոռնDք» : «Ծաղիկ ըլլեք – ծաղկեք մնDք, շDքDր ըլլեք-շաքար մնաք, մեծերըն սովրող ըլլեք բիջիգնուն սովրըցընող» (Յալանուզյան 1981, 82): «Վարտի պես քDսում ըլլեք, բլբուլի պես երկող ըլլեք, ջահել եք, ջահել մնDք, մեծընDք Dլ-սիրով մնDք» (Յալանուզյան 1981, 82): «Ծաղկիք, փնջփնջոտիք, բարատու ծառ դառնաք» (Մինասեան 1988, 239):

Ուշագրավ կենացներ էին հնչում՝ ուղղված երիտասարդներին, որը և բարեմաղթանքի և խրատական խոսքի բնույթ ուներ: Զարմանալիորեն այդ կենացները համեմված էին լինում բարոյախրատական ծավալուն առակների մեջբերումներով ու որպես վերջաբան, որպես բուն ասելիք՝ կենացով.

«Սաղ ըլլեք, վար ըլլեք, Աստված ումռեյդ էրգըն ընD, մեգըդ-մեգիդ շըշմD  ըլլի- հըմ արեվին, հըմDլ վրայեգին, չBյս պոլեյնիդ հարկող ու հարկվող ըլլեք» (Յալանուզյան 1981, 82): Երիտասարդներին ուղղված կենացները հաճախ «դուրս էին գալիս» Հայաստանի սահմաններից ու սփռվում ամբողջ խորհրդային միության տարածքով. «Տղեք և ըխճըկեք ջան, այս մի կենացն էլ խմենք Սովետական երկրի միլիոնավոր երիտասարդ տղաների ու աղջիկների կազմակերպած կոմսոմոլ բանակի կենացը» (Վարդումյան 1969, 197): «Ինչ գործ ձեր բոլորիտ մտքով անցնի, ըսենց աջողված կատարված տենաք. ձեր բոլորիդ առողջության ու առողջության կենացն ըլի» (Վարդումյան 1969, 197): Ուշադրության են արժանի ընդհանուր, սեղանի շուրջ կամ սեղանից հեռու գտնվող այս կամ այն մարդուն ուղղված գովասանական, բարեկամական և անհատական կենացները.

«Քու մարդկության համար, սաղ ըլես քու թանկագին կենացը, քու քրուլափաթով, քու ըրեխանցով» (Վարդումյան 1969, 198) :

Հայկական բոլոր սեղաններին անպակաս են նաև խաղաղության մասին կենացները, որը, որպես պատերազմող երկիր, խորը հոգեբանական շերտեր ունի.

«Խմենք մեր աշխարհի խաղաղության կենացը, որ մեր հայերին մահմեդական արյունախում դահիճների արյան սրից փրկողը ռուս մեծ ժողովուրթն է էլել, պապերն էլ կտակել են որ ռուսի փեշը բաց չի թողէք մեր փրկարարի» (Վարդումյան 1969, 199): Սակայն այդ կենացները հաճախ դուրս էին գալիս միայն խաղաղության կոչ լինելուց ու վերածվում նաև հաղթանակի ցանկության.«Թող աշխարհը խաղաղ լինի, բայց, եթե կռիվ լինի, հաղթենք մենք, որովհետև արդար ենք» (Գյուլումյան Գ., Դան, 2018): Հայկական սեղաններին նաև անպակաս են Հայաստանի ազատության համար զոհված հերոսներին նվիրված կենացները: Այսինքն՝ կենացը վերածվում է հիշողության պահպանման միջոցի, երբ անցյալի հերոսական նվաճումները կամ ազգային կորստի մտորումները տեղափոխվում են ներկա՝ հասցեագրվելով դրանք ապագա սերունդներին։

Հայկական միջավայրում կային նաև տոներին նվիրված կենացներ՝ Ամանորին՝ «Հիլա թազա տարին մընձ թազա աչըխ պիրի», բանակին, կանանց տոնին, Զատկին և այլն (Գյուլումյան, ԴԱն, 2012): Կային նաև խոհափիլիսոփայական, տարեց մարդկանց ուղղվող կենացներ.

«Մահն էլ չի մտահան անենք, բոլոլրիս ըղաքինել կա, համա անվախտ կուրուստ չունենաք, ըլի վախտին» (Վարդումյան 1969, 200):  «Կուզենայի վախտդ որ գա մեռնես, բոլորն էլ ասեն ըղորմի քեզ, ափսոս մարթ» (Վարդումյան 1969, 200):  Խնջույքների ժամանակ ամենավերջին կենացն օջախի մասին է: Դրանով հյուրերը ամփոփում են ամբողջ խնջույքն ու շնորհակալություն հայտնում տանտիրոջը՝ լավագույն խոսքերն ու մաղթանքները շռայլեվ նրան ու նրա ընտանիքին. «Օջախին առողջություն, սրանից եդը օջաղմ սրանից մենձ ուրախութան սուփրենի բացվի (Վարդումյան 1969, 197):

Այսպիսով՝ կենացը հայոց գինեխմության մշակույթի առանցքային բաղադրիչներից մեկն է, որը համադրում է գինու, խոսքի ու ծեսի ձայնային համագործակցությունը, որի  հնագույն արմատները ապացուցում են, որ այն միայն խրախճանքի դետալ չէ, այլ՝  բարեմաղթանքի, երդման, նույնիսկ ՝ օրենքի ու պարտավորության լեզվական կոդ, որն ապրում ու փոխանցվում է սերնդեսերունդ։ Գինին այստեղ հանդես է գալիս որպես կենացը «կնքող» սրբազան հեղուկ, իսկ թամադան՝ որպես ընդհանուր գինեխմության մշակույթի, նիստուկացի գիտակն ու պահապան, ով հետևում է, որ բարեմաղթանքը հետևի ավանդական կարգին ու հասցեատիրոջը փոխանցվի պատշաճ ձևով։

Կենաց ասելու ավանդույթը մեզ համար ոչ միայն գրաֆիկական կամ ձայնային ժառանգություն է, այլ կենդանի արարողակարգ, որը միաձուլում է պատմությունը, լեզուն և հավաքական հիշողությունը։ Հետևաբար, պահպանելով մատուցման ավանդական կանոնները, միաժամանակ հարմարեցնելով դրանք ժամանակի պահանջներին, մենք ոչ միայն խնամում ենք մշակութային ինքնության կարևոր շերտը, այլև փոխանցում ենք այն գալիք սերունդներին:

 Գևորգ Գյուլումյան

 

Գրականության ցանկ

Ակինեան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ, Մինաս դպիր Թոխաթեցի, Ազգային մատենադարան, ՂԲ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1921:

Աղայան է., Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 1, Երևան, «Հայաստան» հրատ., 1976։

Բուզանդ Փավստոս, Պատմություն հայոց, Երևան, «Հայաստան» հրատ., 1968:

Հարությունյան Ս., Քալանթարյան Ա., Պետրոսյան Հ., Սարգսյան Գ., Մելքոնյան Հ., Հոբոսյան Ս., Ավետիսյան Պ., Գասպարյան Բ., Գինին հայոց ավանդական մշակույթում, Երևան, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 2005:

Ճէրէճեան Գ. արք., Տօնիկեան Կ., Տէր Խաչատուրեան Ա., Հայոց լեզուի նոր բառարան, հ. 1,Պէյրութ Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն, 1992։

Մինասեան Ղ., Գիւղական բառ ու բան (Փերիա գաւառ), Նոր Ջուղա, Տպարան Սբ. Ամենափրկիչ վանքի, Նոր Ջուղա, 1998:

Յալանուզյան Ա., Տրապիզոնի Ջենիկի հեքիաթներ, իրապատումներ, երգեր, առածներ, բառարան, ՀԱԻ արխ., 1981:

Սասունցի Դավիթ, համահավաք բնագիր, հյուսեց և խմբագրեց՝ Գր. Գրիգորյան, Երևան, Հայաստանի ԳԱ հրատ., 1993:

1, էջ 999:

Վարդումյան Բ., Վահագնի գյուղը. Կենացներ, ՀԱԻ արխ., 1969, ցուցակ 2:

 

 

ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ՝ ԸՍՏ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

Հայկական գինեգործական մշակույթի կարևոր շրջաններից է Աշտարակը, որի մասին, ի թիվս բազմաթիվ սկզբնաղբյուրների և ուսումնասիրողների,  էական տվյալներ են հաղորդում նաև ականավոր գրող, պատմաբան, ազգարագետ Երվանդ Շահազիզն իր «Աշտարակի պատմություն» գրքով (Երևան, «Հայաստան» հրատ., 1987, 251 էջ), ու հետագայում նրան լրացնող՝ Գևորգ Գևորգյանը, որի ձեռագրերը (ՀԱԻ արխ., Գևորգյան Գևորգ, Աշտարակի ազգագրական նյութեր, 1972, գործ 1, 99 թերթ) պահվում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Շահազիզն իր աշխատությունն սկսել է գրել 1908 թ.՝ ավարտելով 1934 թ.: Ավելի քան քառորդ դար տևած ուսումնասիրության մեջ առանձին տեղ հատկացնելով Աշտարակի շրջանի գինեգործությանը, հենվելով ավելի վաղ աղբյուրների վրա, Շահազիզը գալիս է պատմության խորքից և հասնում մինչև իր ապրած ժամանակաշրջանը: Հատկապես ուշագրավ են համեմատաբար նոր շրջանի գինեգործական մշակույթին վերաբերող վկայությունները, մանավանդ, որ հեղինակն ինքն էլ ականատես է եղել այդ ամենին:  Նա գրում է, որ 18-19-րդ դարերից սկսած՝ աշատարակի խաղողագործները սկզբում քաղում էին խաղողն ու այն փոխանակում Արագածոտնի լեռներից իջնող անասպահապների հետ՝ այդպիսով ամբարելով իրենց ձմռան պաշարը (յուղ, պանիր, կարագ ևն), որից հետո անմիջապես ձեռնամուխ էին լինում գինու համար նախատեսվող այգեկութին: Ազգագրագետը նշում է, որ վաղ շրջանում աշտարակեցիներն իրենց հնձանները[1] կառուցում էին հենց խաղողի այգիներում՝ այդպիսով տարվա երկու-երեք ամիսներին բնակվելով այգիներում պատրաստված ժամանակավոր կացարաններում. «…նա մի կողմից քաղել է խաղողը, մեծ կթոցներով հնձանի կտուրը հանել և երդիկից ուղիղ թափել առագաստը, որտեղ տրորել են, և մուզն առու դարձած գնացել, թափվել է տաքարները, մյուս կողմից՝ տաքարներում շատ թե քիչ նստած, պարզված շիրան կամ, ինչպես ասում են՝ քաղցուն, լեշքերով (լեշկ), այսինքն՝ հորթի անկպրիլ տկերով, կրել է յուր շիրատունը և լցրել կարասները, երրորդ կողմից էլ կանայք են առել իրենց բաժին քաղցուն, մաթ եփել, ամանել և շփոթ պատրաստել, պոպոքի, նշի, սեխի կորիզի շարերը թաթախել, շուջուխ արել: Մնացել է խաղողի մնացորդը՝ կնճեռը, որից աշտարակցին սովորություն է ունեցել օղի քաշել…» (Շահազիզ 1987, 216): 20-րդ դարասկիզբից հետո (այսինքն այն ժամանակ, երբ Շահազիզը ձեռնամուխ է եղել իր աշխատության ստեղծմանը) աշտարակեցիներն իրենց այգիներում այլևս հնձաններ չեն ունեցել: Նախկին հնձանների փոխարեն նրանք այդ ժամանակ այգիներում կառուցում էին երեքպատանի երեսբաց, թեթև, ժամանակավոր շինություններ՝ «դագաներ», որոնց մեջ պտղաքաղի ու այգեկութի ամիսներին այգիներում գտնվող այգետերերը պատսպարվում են անձրևներից. «…վաղուց արդեն խաղողն այլևս չի տրորվում այգիներում, այլ քաղի ժամանակ մի կողմից խաղողը քաղվում է, մյուս կողմից էլ՝ ձիերով, էշերով և սայլերով կրվում է գյուղը, որտեղ տներում, ամեն տեղ շինված են առագաստներ ու տաքարներ»  (Շահազիզ 1987, 218):

Այդ շինությունները կոչվել են հնձանաբագեր, սակայն Շահազիզը դժավարում է հստակ նշել դրանց կառուցվածքը: Պ. Պռոշյանը հնձանաբագն այսպես է նկարագրում. «Այդ մի աւերակ է, որի գաղաչափ երկայնութեամբ քառանկիւնի կոփածոյ քարերի երեսները ժամանակի մաշող զօրութիւնից տեղ տեղ խորդուբորդուել են: Հնագէտը նորան առ սակաւն 700-800 տարիներ կ’ընծայի»  (Պ. Պռոշյան, Ցեցեր, Թրֆլիս, 1889, տպ. Մ.Դ. Ռօտինեանցի, էջ 48):

Գրող-ազգագրագետն առանձնակի ճոխությամբ ու գունեղ պատկերներով է ներկայացնում այգեկութից հետո, արդեն ձմռանը «տուն մտած» աշտարակեցու մասին, երբ սկսվում էր նրա խրախճանքը և «նա սեղանին էր դնում նոր գինին, որը դեռ չէր էլ խմորվել և, կարելի է ասել, մաճառ էր՝ «կծպծան քաղցր-մեղցր, պղտոր քաղցուն, որ դեռ յուր եռալու, իսկական գինի դառնալու պրոցեսի, կացության մեջ է եղել» (Շահազիզ 1987, 219): Համաձայն լինելով աշտարակեցու ապահովվածության բոլոր պնդումներին, Շահազիզը, սակայն, ընդդիմանում է «գինեխում աշտարակցի» ձևակերպման հետ, նշելով, որ, այո, Աշտարակում շատ գինի է ստեղծվում, բայց Շիրակեցիք ու Փամբակեցիք ավելի շատ են խմում Աշտարակի գինին ու օղին, քան դրանք պատրաստողները. «…նա խմել ու խմում է, նրա սեղանն առանց գինու և օղու չի եղել, բայց նա խմել է չափավոր, արբեցողությունն աշտարակցուն միշտ անծանոթ մոլություն է եղել»: …  Հին աշտարակցին սիրել է ուրախանալ, զվարճանալ, բայց այդ «զվարճությունները երբեք էլ խուժանական բնույթ չեն կրել» (Շահազիզ 1987, 220):

Աշտարակի գինեգործական մշակույթի մասին, առավել մանրամասն, պատկերավոր գրում է Գ. Գևորգյանը: Նա գրում է, որ կարասներն Աշտարակում լվացել են ջրով, ապա հալած ճարպ քսել ներսի կողմի պատերին, որից հետո միայն լցրել շիրայով, որը պետք էր հատուկ չափով լցնել, քանի որ լիքը լցնելու դեպքում եփի ժամանակ կարասը կարող էր պայթել: Այդ ամենից խուսափելու և ապահովված լինելու համար մարդիկ կարասները տեղադրում էին ցեմենտապատ առագաստների վրա, որի շնորհիվ, կարասի կոտրվելու դեպքում, շիրան չէր ներծծվում հողի մեջ, այլ հոսելով լցվում էր տաքարը: Գևորգյանը գրում է, որ ծծմբի օգտագործման հնարավորություն ստանալուց հետո աշտարակցի գինեգործներն առավել հեշտությամբ էին ախտահանում տակառները. նրանք դատարկ տակառում վառում էին ծծումբով պատած թղթեր, որը կատարյալ կերպով մաքարում էր այն բոլոր բակտերիաներից ու սնկերից, որոնք կարող էին մնալ ու փչացնել գինին. «Շիրան կարասները լցնելուց հետո մի քանի օր հետո սկսում է եռալ, արտադրելով ածխաթթու գազ, այնպես որ, եթե կարասների թիվը շատ է, այդ պահին մառան մտնելը ահավոր է, մարդը կարող է խեղդվել գազից: Պատահել են դեպքեր, որ տաքարից կնջիռը հանելու ժամանակ մարդ է խեղդվել» (Գևորգյան 1972, 70):

 Մոտ մեկ ամիս հետո հարկավոր է լինում գինին «կռտել», որը նշանակում է դիրտը առանձնացնել մաքուր գինուց: Դա ևս կարևոր ու հետաքրքրական գործողություն է, որն ազգագրագետը ներկայացնում է ամենայն մանրամասնություններով ու նշում ամբողջական գործընթացի մեջ կիրառվող բոլոր գործիքների բարբառային անվանումները (առագաստ, տաքար, գուփ, տիկ, կարաս, աբիգարդան, ջուջում (չափ է կես դույլի չափով), փարչ, քերեղան (խմելու համար) ): Պետք էր երկար փայտը մտցնել տակառի մեջ, հասկանալ՝ որքան մասն է դիրտ, որքան մասը՝ մաքուր գինի, հետո աբիգարդանով հանել մաքուր գինին ու լցնել այլ՝ արդեն մաքրած-պատրաստած կարասի մեջ. «Հետագայում, երբ տակառը մուտք է գործել Աշտարակ, նրա հետ մուտք է գործել և սիֆոնը՝ ռեզինի խողովակը, քանզի աբիգարդանը չի մտնի տակառի մեջ, ապա, երբ չափել են կարասի կամ գինով լիքը տակառի դիրտի չափը, ռեզինի խողովակի մի ծայրը կապել են չափող փայտի այնտեղից, ուր գինին ու դիրտը անջատվում են իրարից, ապա փայտը խողովակի հետ իջեցրել են կարասի կամ տակառի մեջ, խողովակի մի ծայրից բերանով քաշել են գինին, և երբ սկսել է գինին հոսել, դրել են դատարկ կարասի կամ տակառի  մեջ, մաքուր գինին փոխադրել դատարկ տակառի կամ կարասի մեջ: Այսպես լիքը լցրել են տակառը և փայտի խցանով փակել բերանը, խցանի շուրջը լցրել ծծմբափոշի… քացախամլակներից պաշտպանելու համար» (Գևորգյան 1972, 70):

Ուշագրավ է նաև, որ աշտարակիցների մոտ կտրականապես արգելված էր գինու կարասի կամ տակառի մոտ դնել պանիր, թթու, նավթ, կամ չորացրած համեմունքներ, որովհետև գինին զգայուն է հոտերի ու համերի նկատմամբ և կարող է դրանք վերցնել իր վրա. «…պատկերացրեք գինի խմեք և նավթի հոտ զգաք» (Գևորգյան 1972, 71):  Գ. Գևորգյանն անդրադառնում է նաև խաղողի հայտնի «Խարջի» տեսակին ու նշում  դրանից ստացված «Խերես» տեսակի գինու ստացման պատմությունը. «Աշտարակեցին շուտ է նկատել, որ իր կարասի գինու երեսին փառ է բռնել, կարծել է, որ փչացել է գինին, բայց երբ խմել է, տեսել է, որ ավելի համեղ է ու հոտավետ, առանց հասկանալու, որ այն կարասի երեսի փառը ոչ այլ ինչ է, այլ Խերեսի սունկը: …Առաջին անգամ այդ սնկի ուսումնասիրությունը կատարել է Աշտարակ այցելած գինեգործուհի Աֆրիկյանը, հայտնաբերելով, որ դա ավելի լավն է, քան իսպանական Խերեսը և շնորհիվ սովետական իշխանության, Աշտարակում կառուցվեց գինու գործարան: Հենց գինու գործարանի շնորհիվ է 1970 թ. գինու միջազգային համտեսի ժամանակ նվաճել աշխարհում առաջին տեղը, արժանանալով ոսկե մեդալի» (Գևորգյան 1972, 71-72):

 

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

[1] Աշտարակի շրջանի հնձանային մշակույթի մասին տես՝ Գ.Ս. Թումանյան, Հնձանային մշակույթը Հայաստանում, Երևան, «Զանգակ-97», էջ 31-32, 40, 44, 50-54: Հ.Լ. Պետրոսյան, Ս.Գ. Հոբոսյան, Հ.Պ. Հակոբյան, Աշտարակի միջնադարյան հնձանները, Երևան, 1989, 90-92: Է.Ն. Հակոբյան, Աշտարակի շրջանի ժողովրդական բնակարանի ճարտարապետությունը, Երևան, էջ 34-39:

Գիտակրթական և մշակութային նոր համագործակցություն ԵՊՀ-ի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև

Երևանի պետական համալսարանի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով համատեղ ջանքերով նպաստելու գիտակրթական ծրագրերի իրականացմանը և հայոց նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրայնացմանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով կրթագիտական ոլորտում համալսարանի գրանցած հաջողություններին ու ձեռքբերումներին, ընդգծեց, որ ԵՊՀ-ն խրախուսում է գիտական տարբեր նախագծերի իրականացումը և արտերկրի գիտնականների հետ համագործակցության ընդլայնումը: Նա մատնանշեց, որ մասնավոր ընկերությունների կողմից ԵՊՀ հետազոտողներին տրվող գիտական պատվերների թիվը տարեցտարի աճում է, և նրանք ընկերությունների ներկայացրած խնդիրներին առաջարկում են ժամանակակից և արդյունավետ լուծումներ:

«Արմենիա Վայն» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանն ընդգծեց, որ չնայած ընկերությունը բավական «երիտասարդ» է, սակայն արդեն հասցրել է մեծ հաջողություններ գրանցել։

«Մեր ընկերության առանձնահատկությունն այն է, որ փորձել ենք միջազգային փորձը տեղայնացնել Հայաստանում: Ընկերությունն իր ամբողջ գործունեության ընթացքում մշտապես ունեցել է արտասահմանյան խորհրդատուներ, ինչը նպաստել է բնագավառում առաջատարը լինելուն: Կարծում եմ, որ ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրելու առումով, այլև իր կառավարման որակով ընկերությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- ընդգծեց Վ. Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ ընկերությունում աշխատանքի են ընդունվում բազմաթիվ ուսանողներ, որոնք տարեցտարի կատարելագործվում են իրենց աշխատանքում: Այս համատեքստում կողմերը քննարկեցին նաև ԵՊՀ ուսանողների՝ ընկերությունում պրակտիկա անցնելու, ինչպես նաև հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները։ Բացի դրանից՝ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ոգելից խմիչքների մանրէաբանական լաբորատորիայի մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը` առաջարկելով համագործակցել նաև այդ ոլորտում:

Հուշագրով ամրագրված դրույթների համաձայն՝ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների համար կկազմակերպվեն դասախոսություններ, սեմինար-քննարկումներ, կկատարվեն գիտական հետազոտություններ, վերլուծություններ պատմագիտության, ազգաբանության, հնագիտության և այլ ոլորտներում, ինչպես նաև կանցկացվեն մշակութային միջոցառումներ՝ նպաստելու հայոց նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության՝ գիտական տեսանկյունից գրագետ հանրահռչակմանն ու հանրայնացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր գաղափարներ ու ծրագրեր, որոնք կարող են իրագործվել գործակցության շրջանակում և նպաստել համատեղ նպատակներին հասնելուն։

 

ԳԻՆՈՒ ԿԱՐԱՍՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐԸ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հին Արևելքի երկրներում տարբեր չափերի ու տարողության կարասները լայնորեն կիրառվել են տնտեսության տարատեսակ ճյուղերում։ Եգիպտոսում, Ասորեստանում, խեթական, ինչպես և ուրարտական թագավորություններում հացահատիկները և բազմատեսակ գյուղատնտեսական մթերքներ և հատկապես գինին, գարեջուրը և յուղերը պահվում էին կարասներում: Վանի, Արգիշթիխինիլիի, Էրեբունիի, Այանիսի, Թոփրակ Կալեի, Թեյշեբաինիի ինչպես նաև մինչհելլենիստական Արտաշատի պեղումներով հայտնագործվել են հազարավոր խեցեղեն առարկաներ:

Կարմիր Բլուրում իրականացված հնագիտական հայտնագործություններրի շարքում, կարևորագույն տեղ են զբաղեցնում պեղված գինու մառանները, որոնք մեծ նշանակություն ունեն հին աշխարհի տնտեսության մի շարք առանձնահատկությունների բացահայտման գործում: 1950-ական թվականներին մեկնարկած հնագիտական հետազոտություններով այստեղ պեղվել է 8 մառան, որտեղ զետեղված էր ավելի քան 400 հսկայածավալ կարասներ[1]: Նմանօրինակ մառաններ հայտնի են նաև ուրարտական այլ քաղաք-հնավայրերից՝ Էրեբունի[2] (շուրջ 100 հ․), Ալթին Թեփե[3] (70 հ․), Արգիշտիխինիլի (68 հ․)[4] , Ադիլջեվազ, Այանիս և այլն։

Կարմիր բլուրում ամենամեծ կարասները բացվել են N 25 և 28 մառաններում, որտեղ տեղակայված էին համապատասխան՝ 82 և 70 կարասներ[5]: Ձևաբանորեն դրանք բոլորը նույնանման են, տարբերվում են միայն չափսերով, ինչի մասին վկայում են նաև կարասների վրա առկա սեպագիր արձանագրությունները և հիերոգլիֆ թվային նշանները՝ ուրարտական հեղուկի չափման միավորները՝ «ակարկի», «տերուսի»: Առաջիններից, ով զբաղվում էր կարասների չափագիտական հետազոտություններով արշավախմբի ղեկավար, հնագետ` Բորիս Պիոտրվսկին էր, ում կողմից հրատարակված աշխատություններում  կարասները ունեն չափային երևելի տատանումներ, հիմնականում 1 «ակարկի» 4½ «տերուսի»-ից մինչև 5 «ակարկի» 5 «տերուսի»: Սեպագիր և հիերոգլիֆ նշանները օգտագործվել են միաժամանակ, ընդ որում սեպագրերը սկզբում գրվել են ամբողջությամբ, իսկ ավելի ուշ` տառային հապավումներով[6]:

Ըստ մի շարք հետազոտողների Կարմիր բլուրից հայտնաբերված կարասները պատրաստվել են տարբեր արհեստանոցներում։ Հավանաբար 8 և ավելի վարպետներ են ներգավված եղել Թեյշեբաինիի մառանների կարասները պատրաստելու գործում[7]։ Այս ամենը փաստում է այն մասին, որ քաղաքներում ներդրված է եղել  ստանդարտավորման համապետական համակարգ, որը կառավարելի ու հաշվելի է դարձրել թագավորության տնտեսությունը և խթանել դրա առաջխաղացմանը։

Մի շարք հնավայրերից հայտնաբերված տարբեր տարողությունների  կարասների բազմակողմանի չափագիտական հետազոտությունները փաստում են, որ դրանք պատրաստվել են նախապես ֆիքսված ստանդարտավորված չափսերով։ Խեցեղեն անոթների չափերի պատրաստման պետական ստանդարտավորումը լայն տարածված էր անտիկ ժամանակաշրջանում։ Այս եղանակով պետական իշխանությունը ձգտում էր ստանդարտավորել տարրաների ծավալները, ինչպես արտադրանքի պաշարը պահեստավորելու[8], այնպես էլ դրանց տեղափոխումն ու վաճառքը կազմակերպելու նպատակով։ Ինչպես փաստում է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսի թասիական հրամանագիրը, Թասոսում կարասների (Pithos) արտադրության ստանդարտացումը՝ դրանց ծավալների միատարրության հասնելու համար, խստորեն կարգավորվում էր պետության կողմից՝ որոշելով դրանց չափերը երկարության չափման միավորներով՝  դակտիլներով (մատներով)։ Ստանդարտներին է համապատախսանում նաև ուրարտական մի շարք հնավայրերից  հայտնաբերված կարմիր փայլեցրած, գնդաձև իրանով, եռատերև պսակով միականթ սափորները /օյնախոյա/, որոնք նախատեսված էին գինու մատուցման համար և չափերով գրեթե չեն տարբերվում: Այսպիսով հիմքեր կան ենթադրելու, որ անտիկ խեցեղենի արտադրության ստանդարտացման ակունքները սկիզբ են դրվել դեռևս Հին Արևելքում։

Հայտնի է, որ տարբեր խմբերի խեցեղենի պարագայում, չորացման և թրծման արդյունքում չափերի կրճատումը միջինում կազմում է 8-12 %: Հավանաբար բրուտագործին տրվել է երկու տարբեր չափսեր՝ նախնական, որով վարպետը պետք է առաջնորդվեր արտադրանքը ձևաորելիս և ավարտական, որին պետք է համապատասխաներ արտադրանքի վերջնական չափսերը։ Այդուհանդերձ այդպիսի ծավալների կարասները անհնար էր պատրաստել իդեալական ստանդարտ չափսերի մեջ, ակնհայտորեն անհրաժեշտ էր կարասները պիտակավորել իրենց տարողության նշումներով։ Հիերոգլիֆ և սեպագիր նշումները իրականացվել են կարասները թրծելուց, մառան տեղափոխելուց և գինի լցնելուց հետո միայն[9][10]: Սրա մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ կարասների վրա արձանագրությունները իրականացվել են արդեն հողի մեջ կիսաթաղված կարասներին, որպսեզի գինու մառանի խորքերը անցնելիս դրանք հստակ տեսանելի լինեն[11]։ Հատկանշական է նաև գինու կարասների վրա մինչև երեք անգամ նշված չափերը, որոնց տարբերությունը հասնում է մի քանի տերուսիի[12]։

Ըստ Բ. Պիոտրովսկու 1 «ակարկին» հավասար էր 250 լիտրի, իսկ «տերուսին» ⅒ «ակարկիի»: Կարասների վրա առկա տարողության նշանները իրարից քիչ են տարբերվում: Հավանաբար 1 «ակարկին» բաժանվել է 10 «տերուսիի», հիմնվելով այն վարկածի վրա, որ ուրարտական ​​թվային համակարգը հիմնված էր տասնորդականի հիման վրա[13]: Բրաշինսկին գտնում էր, որ խնդրի ամենապարզ լուծումը` չափագիտական ​​հաշվարկներն են, քանի որ ծավալի ցանկացած չափման հիմքում ընկած են երկարության որոշակի հիմնական չափման խորանարդ միավորները[14] (օրինակ` փյունիկյան կոր, որպես երեք խորանարդ կանգուն ծավալ[15], ուրարտական ` կանգուն /53.1 սմ/):

Կարմիր բլուրի մառաններում ամբարվել է շուրջ 400.000 լ. գինի /1500 ակարկի/, ինչը հին աշխարհի չափորոշիչներով բավականաչափ ազդեցիկ թիվ է: Հուշարձանի մառանները գերազանցել են մինչ օրս պեղված ցանկցած ուրարտական շրջանի գինու պահեստներին, նույնիսկ Մանազկերտի մոտ` Մենուայի կանգնեցրած արձանագրության մեջ հիշատակված 900 ակարկիով գինու պահեստին[16]:

Վանի թագավորությունում խեցեղենի արտադրության պետական ստանդարտացման փաստը մեծագույն հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես ստանդատացման` ընդհանրապես սկզբնաղբյուրների ուսումնասիրման և դրա ազդեցության հետագա քաղաքակրթությունների զարգացման համատեքստում:

 

 

[1] Б. Б. Пиотровский, Ванское царство, М., 1959, стр. 145—147; ср. ег о же , Город бога Тейшебы, С А, 1959, No 2, стр. 172.

[2] Демская Д., Кладовые Эребуни, “Сообщение Государственного музея изобразительных искусств имени А.С. Пушкина”, вып. IV, 1968, 176-182.

[3] Özgüç, T., Altintepe II, Ankara, 1969.

[4] А. А. Мартиросян , Раскопки Аргиштихинили, СА, 1967, No 4, стр. 228; ср. е г о же , К социально-экономической структуре города Аргиштихинили, СА , 1972, N 3 стр. 46.

[5] Б. Б. Пиотровский, Кармир-блур, II, Ереван, 1952, стр. 16—40.

[6] Ղասաբյան Զ․Մ․,  Թեյշեբաինիի գինու կարասները, «Պատմա-բանասիրական հանդես», 1959, No 4, էջ 216:

[7] Ղասաբյան, 1959, 213:

[8] И. Б. Брашииский, Методика изучения стандартов древнегреческой керамической тары, С А, 1976, No 3, стр. 87 слл.

[9] Б. Б. Пиотровский, Кармир-блур, III, стр. 23.

[10] Ղասաբյան, 1959,  215:

[11] Б. Б. Пиотровский , Кармир-блур, II, стр. 65.

[12] Ղասաբյան, 1959,  215:

[13] М. А. Исраелян. Уточнения к чтению урартских надписей, I. Об урартской системе счисления, «Древний Восток», 2, стр. 116

[14] И. Б. Брашииский, Урартсвкие карасы, , «Историко филологический журнал», Ереван 1978, с. 152.

[15] Nissen H., Griechische und römische Metrologie, Handbuch der Klassischen Altertums-Wissenschaft,C. H. Munchen 1892.

[16] Г. А. Меликишвили , УКН, ВДИ, № 2, 1953.

ԳԻՆԻՆ ԱՆՏԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

Հայտնի է, որ գինեգործությունն ու խաղողագործությունը առանձնահատուկ տեղ են գրավել Հելլենիստական աշխարհի նյութական և հոգևոր մշակույթում: Այստեղ գինու հետ առնչվող ստեղծագործական միտքը անսպառ է: Այս մշակույթի ազդեցության, բայց  հետագայում ընգծված՝ տեղական մասնաբաժինը, կրել է նաև Հայաստանը:

Հին Հայաստանում արտադրվել է մեծ քանակությամբ ապրանքային գինի, որը վաճառքի է հանվել միջազգային շուկաներում: Պատահական չէ, որ Հերոդոտոսի ժամանակներում մեծ պահանջարկ էր վայելում «Արմենների երկրի» գինին: Նրա վկայությամբ վաճառականները Արմենիայում պատրաստած կարմիր գինին կարասներով Եփրատ և Տիգրիս գետերով տեղափոխում էին Բաբելոն: Ստրաբոնի վկայությամբ` Հայաստանում առկա էին բերրի հովիտներ` Արաքսի, Ուտիքի հովիտները[1]: Մ.թ. IV դարում այնքան  մեծ էր հայկական գինիների պահանջարկը, որ Վաղարշապատ քաղաքը վերածվել էր գինու առևտրի կենտրոնի, ինչի մասին փաստում է «Բաբելոնյան գեմառան» [2]:

Հայաստանով էին անցնում միջազգային առևտրական տարանցիկ կարևոր ճանապարհներից մի քանիսը, ինչպես Չինաստանից, Միջին Ասիայից և Հյուսիսային Հնդկաստանից դեպի Արևմուտք, այնպես էլ Հարավից, Միջագետքից, Սիրիայից, դեպի հյուսիս՝ Սև ծովի և Ազովի ափեր։ Հայաստանի քաղաքները հիմնականում տեղակայված էին առևտրային ստրատեգիական ճանապարհներին և իրենց արտադրանքով ակտիվ մասնակցություն ունեին այդ աշխույժ առևտրում։

Առանձնակի ուշադրության է արժանի գինու պահպանման և օգտագործման պարագաները` տարբեր չափերի կավե կարասները, սափորները, ըմպանակները, ռիտոնները, արծաթից, բրոնզից և ապակուց պարտրաստված սպասքը և այլն: Ստորև կներկայացնենք դրանցից մի քանիսը:

Շնորհիվ Գառնիի, Արմավիրի, Արտաշատի, Սիսիանի հնագիտական հետազոտությունների, հնարավոր դարձավ ծանոթանալու նաև անտիկ Հայաստանի տորևտիկային: Հայաստանը մետաղամշակության հնագույն օրրաններից մեկն է, ուստի մետաղի գեղարվեստական մշակումը հայտնի է դարերի խորքից: Այս առումով բացառիկ է դեռևս 1970-ական թվականներին Սիսիան քաղաքում պեղված իշխանական դամբարանը: Չմանրամասնելով դամբարանի կարևորությունը` անտիկ Հայաստանի մշակույթի ուսումնասիրությանում, նշենք միայն որ մի շարք  առարկաների հետ մեկտեղ այստեղ հայտնաբեվել է երեք արծաթե թաս` նախատեսված ամենայն հավանականությամբ գինու մատուցման համար: Թասերը չափերով իրարից քիչ են տարբերվում: Անոթների պսակները դեպի ներս լայնանում են ու կլորանում: Թասերից մեկը առանձնանում է իր շքեղ հարդարանքով, իսկ մակերեսը բաժանված է ութ հավասար մասերի, որոնցից առաջին չորսը զարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը` սուր, երկարուկ տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և ոճավորված խաղողի որթերով: Նմանօրինակ հելլենիստական համարվող կիսագնդաձև թասեր հայտնաբերվել են հարավարևմտյան Հայաստանում ` Աշվանում[3]: Այս տիպի թասերը օգտագործվել են աստվածներին ձոնված սրբազան արարողություններում: Առանձնակի ուշադրության է արժանի դամբարանից հայտնաբերված արծաթե սկահակը, որի մակերեսը զուրկ է որևէ բուսաերկրաչափական պատկերներից, փոխարենը առկա է արամեերեն եզակի արձանագրություն։ Արձանագրությունից պարզ է դառնում թե ով էր թաղված դամբարանում՝ Սյունիքի իշխաններից մեկը, հավանաբար բդեշխը[4], պահպանված է անունը, ինչպես և հավելյալ տեղեկություններ ենք ստանում անտիկ Հայաստանի կշռային միավորների վերաբերյալ։ «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»։ Գրության ձևով արամեերեն արձանագրությունը կապվում է հյուսիսմիջագետքյան արամեական ավանդների հետ[5]։ Նման տառատեսակի մուտքը Հայաստան տեղի է ունեցել մ․թ․ա․ 1-ին դարում[6] Տիգրան Բ-ի կառավարման ժամանակաշրջանում։ Նույն գրելաոճն ունեն Արտաշատի առաջին բլրից պեղված և մ.թ.ա. 1-ին դարով թվագրվող ապակե գդալի[7] և լազուրիտե պնակի[8] արամեերեն արձանագրությունները: Ըստ հետազոտողների սկահակի արձանագրության մեջ հիշատակվող Araxszat անունը թասի տիրոջ անունն է, որը հանդիպում է առաջին անգամ: Սիսիանի դամբարանի նյութերը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ չորս զորահրամանաատներից մեկը` Արևելյան մասինը Սյունյաց իշխանն էր: Araxszat անունը թարգմանվում է ` «աստվածների հովանավորթյան ներքո ծնված»:

Գինու հետ աղերսվող հաջորդ վկայությունը հայտնի է Արտաշատ մայրաքաղաքի պեղումներից, դրանք կանացի դեմքեր պատկերող բացառիկ ոսկյա ականջօղերն են։ Վերջիններս հայտնաբրեվել են 1980-ական թվականներին քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում տեղակայված` «ոսկե բլուր» կոչվող բլրի գագաթի ժայռափոր դամբարանի պեղումներից։ Դրանք մենադներին պատկերող ականջողեր են։ Հայտնի է որ մենադները հունական դիցաբանությունում խաղողագործության և գինեգործության աստված ` Դիոնիսի ուղկեցորդուհիներն ու երկրպագուհիներն էին: Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված։ Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով,  պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած։ Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենը, որը, սակայն, թունդ հարբած է։ Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին։

Արտաշատից հայտնաբերված տասնյակ կավե արձանիկների մեջ առաձնձնակի ուշադրության է  արժանի կլորավուն գլխով, ընդգծված  մկաններով, մորուքավոր ծերունու արձանիկը` կիսապարկած դիրքով, ով աջ ձեռքով գրկել է ինչ որ առարկա, հնարավոր է սափոր կամ մեծ գինով լի տիկ, այսեղ կասկած չկա որ պատկերվածը` Սիլենն է, ով հունական դիցաբանության մեջ համարվում է Դիոնիսոսի դաստիարակն ու ուսուցիչը։ Այստեղ պետք է նշել նաև Վաղարշապատ քաղաքից պատահաբար հայտնաբերված փոքրիկ կավե արձանիկի պահպանված գլուխը /բարձր․ 5սմ․/, որը պատկերում է Դիոնիսոսին: Վերջիններս պահվում և ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում։ Դիոնիսոսի պատկերը կրող շատ հետաքրքրական կավե սափոր պահվում է Շիրակի երկրագիտական թանգարանում, որը հայտնաբերվել է Բենիամինի հնավայրից և թվագրվում է մ.թ. 1-ին դարով: Այստեղ աստվածությունը ներկայացված է շատ հետաքրքիր կերպարանքով, նրա դեմքը և ձեռքերը ծեփվել են սափորի պսակի ներսի հատվածում`սափորը պատրաստելուց անմիջապես հետո, ստեղծվում է այնիպսի տպավորթյուն, որ կարծես Դիոնիսոսը փորձում է դուրս գալ սափորի միջից:

Ուշագրավ է 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունու հիշատակությունը, Արտաշես I արքայի կողմից Մեծ Հայքի Կորճայք նահագանգի Փոքր Աղբակ գավառում կառուցված Դիոնիսոսի մեհյանի վերաբերյալ[9]: Արտաշես I մեծ կարևորություն էր տալիս այգեգործության ու խաղողագործության զարգացմանը[10]: Նա Վան քաղաքի հարավային արվարձանում տնկել է «սաղարթախիտ ծառերով, խաղողի որթերով ու զանազան պտուղներով ընդաձակ այգիներ»[11]:

Հետաքրքրական են Հայաստանում գտնված երեք արջակերպ անոթները, որոնցից մեկը գտնտվել է Վայոց Ձորի մարզում, իսկ երկուսը պեղվել են Արտաշատ մայրաքաղաքից, ընդ որում տարբեր թաղամասերից: Վայոց Ձորի արջակերպ անոթը հար և նման է Արտաշատի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի սրահից հայտնաբերված արջակերպ անոթին, ծավալային և դեկորատիվ որոշակի տարբերություններով: Դրանք նույնպես կապակցվում են գինու մատուցման հետ և թվագրվում են մ.թ. 1-2-րդ դարերով:

Հայաստանի անտիկ շրջանի հուշարձանների` Արմավիրի, Գառնիի, Արտաշատի և մյուս հնավայրերի պեղումները վկայում են անտիկ շրջանի, և մասնավորապես մ.թ.ա. 2-ից մ.թ. 2-րդ դարերի հայ մշակույթի վրա հելլնիստական աշխարհի թողած մեծ ազդեցության մասին: Հելլենիստական մշակութային շրջանակներ ընգրկված երկրներում, այդ թվում և Հայաստանում, ի հայտ եկան մշակութային մի շարք ընհանուրթյուններ, որոնք ոչ այնքան փոխառություններ էին, որքան ողջ հելլենիստական Արևելքում առկա ինքնատիպ մի շրջան ձևավորող, գեղարվեստական որոշակի ընդհանուր մթնոլորտի գոյության փաստ:

[1] Страбон 1964, II, I, 14.

[2] Գասպարյան Բ., Խաղող և գինի, Երևան 2005, էջ 145:

[3] Mithcell St., Asvan Kale, Anatolian studies, vol. XXIII, 1973, fg. 23, 3.

[4] Խաչատրյան Ժ․, Սիսիանի իշխանական դամբարանը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2009։

[5] Периханян А., Арамейская надпись на серебряной чаше из Сисиана, ИФЖ 1971, N3, с. 78-81.

[6] Տիրացյան Գ․, Արտաշես Ա-ի ևս մեկ նորագյուտ արամեական արձանագրություն, ՊԲՀ, 1977, N4, էջ 255-258»։

[7] Хачатрян Ж.Д., Стеклоделие в Древней Армении, ИФЖ, 1971, N3, с. 78-81.

[8] Б. Н. Аракелян, Арташат I, Основные результаты раскопок 1970-1977, Академия наук ССР, 1982.

[9] Թովմա Արծրունի 1985, I, Ը, 91:

[10] Փալանջյան Ռ., Անտիկ Հայաստանի գինեգործությանն առնչվող հնագիտական գտածոներ Վայոց Ձորից, ՀԱԻ, Երևան 2023:

[11] Թովմա Արծրունի 1985, I, Է, Ը, 85, 87–89։

ԽԱՂՈՂԻ ՊԱՏԿԵՐԸ ԱՆՏԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄՆԵՐԻՆ և ԿՆՔԱԴՐՈՇՄՆԵՐԻՆ

Անտիկ Օյկումենեի պատմական ու մշակութային բուռն զարգացումներից հայտնի են մի շարք առևտրային գործիքներ` դրամներ, ինչպես նաև կարևոր պետական, առևտրական փաստաթղթեր կազմելու համար նախատեսված կնքադրոշմներ`բուլլաներ, որոնց վրա պատկերվել են խաղողագործության և գինեգործության հետ առնչվող տարատեսակ պատկերներ: Այս ավանդույթի ազդեցությունը նկատելի է նաև Հայաստնում:

Դեռևս 1970-ական թվականներին մեկնարկած հին Արտաշատի պեղումները, բացահայտեցին քաղաքի նշանակալի դերը անտիկ աշխարհում, որը նոր լույս սփռեց Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման գործում: Պեղումներից, բազամահզար գտածոներից զատ, առանձնակի ուշադրության են արժանի հայտնաբերված երեք քաղաքային արխիվները[1], ինչպես նաև դրամական գյուտերը, վերջիններս մեծ արժեք են ներկայացնում ժամանակաշրջանի սոցիալ տնտեսական մի շարք կարևոր հարցերի բացահայտման համատեքստում:

Լինելով տարածաշրջանում խաղողագործության և գինեգործության խոշոր կենտրոններից մեկը, Հայաստանը անտիկ ժամանակաշրջանում եղել է կարևորագույն առևտրական ճանապարհների խաչմերուկում: Այս մասին են փաստում, վերջին տասնամյակներում Հայաստանում իրականացված հնագիտական հետազոտությունները: Բացառիկ են Արտաշատ մայրաքաղաքի առաջին արխիվից բացահայտված և գինու հետ առնչվող մի շարք կնքադրոշմներ, որոնցից որոշների վրա` դիմերեսին պատկերված է նեղ անոթ, հավանաբար ամֆորա` տեղակայված  երկու խաղողի ողկույզների միջև, իսկ վերևում աստղ, առանձին խմբի վրա խաղողի տերևներ, խաղողի ամբողջական վազը պատկերող, ինչպես նաև առանձին ամֆորաների, անոթների պատկերներով կնքադրոշմներ: Ամֆորաները,  խաղողի ողկույզներն ու վազերը անկասկած փաստում են Հայաստանում գինու լայն առևտրային շրջանառության մասին:  

Անտիկ Հայաստանի ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա 1-ին դ. և հատկապես մ.թ. 1-2-րդ դդ., պայմանավորված էր առաջին հերթին տարանցիկ առևտրով։ Մայրաքաղաքներում կրկնակի տուրք էր գանձվում ապրանքների արտահանման և ներմուծման նպատակով: Հին աշխարհի հարուստ քաղաքները, ինչպիսիք են Տիգրիսի Սելևկիան, Անտիոքը, Հռոդոսը, Եփեսոսը, Կորնթոսը, Դելոսը և այլն, նույնպես ապրում էին տարանցիկ միջազգային առևտրով։

Կնքադրոշմներից զատ, խաղողի ողկույզը պատկերվել է նաև մետաղադրամների վրա: Վերոհիշյալ կնքադրոշմներին հար և նման են Միրինայի սելևկյան դրամները, որոնց դարձերեսին Զևսի ոտքերի առջևում պատկերված է ամֆորա, որի վրա երևում են խաղողի վազը ճյուղերը ու տերևեները[2]: Տարսոնի հունա-հռոմեկան ժամանակաշրջանի դրամների վրա նույնպես պատկերված են կողքի վրա պարկած ամֆորաներ[3]: Սոլից հայտնաբերված մետաղադրամների վրա խաղողի ողկույզի պատկերի տեսակը բավականին մոտ է վերը հիշատակված Արտաշատի բուլլաներին[4]։ Փռյուգիայում` Դիոնիսոպոլիսի (մ.թ.ա. 2-1-ին դդ.)  մետաղադրամների դիմերեսին՝ պատկերված է Սիլենի դիմակը, իսկ դարձերեսին՝ խաղողի տերև[5]։ Խաղողի տերև պատկերված է նաև Լուվրի թանգարանում ցուցադրված գեմմայի վրա[6]:

Առանձնակի ուշադրության են արժանի Արտաշեսյան հարստության դրամենրի մի խումբ, որոնց դարձերեսին  պակտերված է խաղողի ողկույզ: Դրանք հայտնի են թե անձնական հավաքածուներից և թե պեղումներից հայտնաբերված: Հետազոտողների մի մասը գնտում է, որ դրամները վերաբերում են Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա բարեպաշտին, իսկ որոշները հակված են այն վերագրելու Արտաշես Բ-ին: Հայտնի են նաև Տիգրան Բ-ի թողարկած դրամներ, որոնց դարձերեսին պատկերված է խաղողի վազը[7]:

Ընդհանրապես, Փոքր Ասիայում խաղողի ողկույզներն ու տերևները հաճախ պատկերված են եղել Դիոնիսոսի պաշտամունքի, խաղողագործության և գինու արտահանման հետ կապված[8], ինչը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանում գինու առևտրի կարևորության մասին: Հայաստանի բարձակարգ գինիների մասին են փաստում հայ[9] և հույն[10] մի շարք պատմիչներ:

Հայաստանը գինի է արտահանել իր պատմական տարաժամանակյա փուլերում: Պատահական չէ, որ ատնիկ հայկական մետաղադրամների վրա, որոնք դիմերեսին պատկերում էին արքային, դարձերեսին պատկերված է եղել խաղողի վազը, որպես երկրի «տարբերանշանի» կարևորագույն արգասիք:

 

[1] Хачатрян Ж., Неверов О., Архивы столицы древней Армении – Арташата, Археологические памятники Армении, Ереван 2008.

[2] Хачатрян , Неверов, 2008.

[3] Goldmen H., Excavations at Gozlu Kule, Tarsus. The Hellenistic and Roman periods, Princeton, New-Jersey, 1950, vol. I, text, p. 403, pl. 276, plan 19, pl. 118, fig. 86.

[4] Cox D.H., A Tarsus coin collection in the Adana Museum, New York, 1941, pl. VI, 129-132.

[5] H. von Aulock, Munzen und Stadte Phrygiens . Teil II, IM, Beiheft 27, Ernst Wasmuth Verlag Tubingen, 1987, p. 52, Taf. 1, 2, 2.

[6] Walter H. B., Catalogue of the engraved gems, N 394.

[7] Գասպարյան Բ., Գինին հայոց ավանդական մշակույթում, Երևան 2005:

[8] Хачатрян , Неверов, 2008, 88.

[9] Мовсес Хоренаци, История Армении (пер. с древнеармянского языка, введение, прим. Г. Саркисяна), Ереван, 1990, I, 16, II, 12.        

[10] Ксенофонт, Анабасис (перевод, стстья и примечания-М.И> Максимовойк). М.-Л., 1951, IV, II, 22, IV, 9; Страбон , II, I, 14, XI, VII, 2, CV, I, 58.

Միջազգային գիտաժողով` «Հայկական լեռնաշխարհը ՝ խաղողագործության և գինեգործության նախնյաց երկիր» խորագրով

Հայաստանում անցկացվեց «Հայկական լեռնաշխարհը ՝ խաղողագործության և գինեգործության նախնյաց երկիր. Գինին որպես միջմշակութային հաղորդակցության բաղադրիչ տարբեր գիտակարգերի հատույթում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Լիլի համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Մատենադարանի,  Հայաստանի գինու պատմության թանգարանի,  և մի շարք ինստիտուցիաների համատեղ ջանքերով։ Այն միտված էր հայկական լեռնաշխարհի համապարփակ և բազմակողմանի ուսումնասիրությանը՝ որպես գինու հայրենիք։

Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը, որը նաև գիտական կոմիտեի անդամն էր, հայկական ժամանակակից գինեգործության զարգացման հարցում կարևոր է համարում միջազգային փորձի գիտական կիրառումը և մասնագիտական հետհայացքը ՝ հայկական գինեգործական անցյալին։

  • Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները սկսվել են 2023 թվականին, երբ հանդիպեցինք Լիլի համալսարանի ներկայացուցիչներից մեկի` Գարի Գալստյանի հետ։ Նրանք  առաջարկեցին Հայաստանում իրականացնել գինեգործական թեմայով գիտաժողով։ Նախապատրաստական աշխատանքներին մեզ միացան նաև ֆրանսիական մի շարք կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրի մասնակցությունն ավելի ամբողջական էր դարձնում գիտաժողովը։ 

Գիտաժողովի 3 հագեցած օրերի ընթացքում քննարկվել են տարաբնույթ միջմշակությին հագեցած թեմաներ․ զեկույցները հնչել են Երևանի պետական համալսարանում, Հայաստանի գինու պատմության թանգարանում և Մատենադարանում։

  • Գիտաժողովի երկրորդ օրը որոշեցինք անցկացնել Հայաստանի գինու պատմության թանգարանի գլխավոր սրահում` խաղողագործական և գինեգործական բացառիկ նմուշների միջավայրում։ Գիտաժողովի խորհրդի անդամները, խոսնակներն ու հյուրերը ոչ միայն շրջայց կատարեցին Հայաստանի գինու պատմության թանգարանում ու համահավաք կերպով ծանոթացան հայկական գինու պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին, այլ նաև հենց թանգարանի սրահում ներկայացրեցին իրենց զեկույցներն և ելույթները ՝  հայկական գինեգործության ու խաղողագործության թեմայով։

Միջազգային գիտաժողովը կյանքի կոչվեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

  • Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հենց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը․ Գիտաժողովի նիստերը հյուրընկալել է նաև Երևանի պետական համալսարանը, իսկ փակման պաշտոնական արարողությունը վստահված էր Մատենադարանին։ Զեկույցներում մասնավորապես ընդգծվում էր  գինու կարևորությանը ՝  որպես միջմշակութային հաղորդակցության տարր գիտությունների խաչմերուկում․ այս գաղափարի շուրջ էին հավաքվել գիտաշխատողներ աշխարհի մի շարք երկրներից,-նշեց Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը։ 

Միջգիտակարգային կոնֆերանսն ընդգրկում էր բազմազան թեմաներ, որոնք առնչվում էին հայկական գինու ինքնությանը, գինեգործական շրջաններին, սպառման միջազգային շուկաներին, տնտեսական ռազմավարություններին և էնոտուրիզմին։

 
  • Սա Հայաստանի գինու պատմության թանգարանում անցկացված երրորդ միջազգային կոնֆերանսն է․  նախորդ երկուսի օրինակով ՝ այս կոնֆերանսի վկայությունը ևս կտպագրվի միջազգային հեղինակավոր պարբերականներում, ինչը կաջակցի հայկական խաղողագործության և գինեգործության զարգացմանը նաև գիտական հիմքով։ Մշտապես լինելով գիտական նախաձեռնությունների կողքին, այս անգամ ևս իր աջակցությունը ցուցաբերեց Արմենիա Վայն ընկերությունը,- իր խոսքում նշեց Հայկ Գյուլամիրյանը։

«Սիրելից» և «Խնդալից»․ նոր էլիքսիրներ՝ Հայաստանի գինու պատմության թանգարանի և Մատենադարանի կողմից

Արմենիա Վայն գինեգործարանում օրերս տեղի ունեցավ «Սիրելից» և «Խնդալից» կոչվող էլիքսիրների շնորհանդեսը․ 

Էլիքսիրներն ստեղծվել և թողարկվել են Հայաստանի գինու պատմության թանգարանի և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ և Արմենիա Վայն ընկերության աջակցությամբ։ Անուշաբույր խմիչքները պատրաստվել են միջնադարյան տարաժամանակյա ձեռագրերում զետեղված բաղադրատոմսերով․ հիմքում հայկական  գինին է, որի հրաշագործ և բուժիչ հատկությունների մասին հիշատակում են միջնադարյան մեծանուն բժիշկներ Ամիրդովլաթ Ամասիացին, Մխիթար Հերացին, Գրիգորիսը և այլք։ Բաղադրության մեջ օգտագործվել էն նաև հայկական լեռնաշխարհում աճող խոտաբույսեր և ծաղիկներ, որոնք ցուցադրված են Հայաստանի գինու պատմության թանգարանում։

Ձեռագրերում առկա բաղադրատոմսերի երկար հետազոտությունների  և մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծված «Խնդալից» էլիքսիրը կախարդիչ ուժ ունի․ խոստանում է բարձրացնել տրամադրությունն ու երջանկություն պարգևել․  «Սիրելից» էլիքսիրի առաքելությունը ևս կարևոր է․ ինչպես ձեռագրերում է նշվում՝ «վասն զորաց մերձավորության»։

Հայաստանի գիու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով ծրագրի մտահղացումը ծագել է 2021 թվականին, իսկ 2023 թվականին Մատենադարանի հետ համագործակցության հուշագիրը կարևոր քայլ էր Էլիքսիրներն արտադրելու և նոր  համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար․

-Մատենադարանը հայկական բարձր մշակույթի և գիտության պահպանման բացառիկ օջախ է․ նման կառույցի հետ աշխատելը մեզ համար պարտավորեցնող է և ոգևորիչ է․ էլիքսիրներ պատրաստելու ծրագրի նպատակը միջնադարյան ժառանգությունը հանրայնացնելն ու կիրառելի դարձնելն էր․ էլիքսիրների հանդեպ մեր այցելուների և հյուրերի մեծ հետաքրքրությունը փաստում է, որ ծրագիրը հաջողվել է,- պատմում է Հայկ Գյուլամիրյանը՝ ավելացնելով,- Մատենադարանի հետ սպասվող համատեղ ծրագրերը, ցուցադրությունները շատ են․ վերջերս իրականացրինք նաև մի հետաքրքիր նախաձեռնություն, որի շնորհիվ յուրաքանչյուր շաբաթ օր զբոսաշրջիկների համար շուտով կգործի անվճար երթուղի՝  Մատենադարան-Հայաստանի գինու պատմության թանգարան-Մատենադարան ուղղությամբ։

«Սիրելից» և «Խնդալից» էլիքսիրների շնորհանդեսը տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի ամփոփիչ միջոցառման շրջանակում, որտեղ ներկա էին մի շարք գիտական կառույցների ու թանգարանների ղեկավարներ և ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։

 

Արմենիա Վայն Ընկերությունը և Հայաստանի գինու պամտության թանգարանը հյուրընկալեց “Yerevan Dialogue 2024” միջազգային ֆորումի մասնակիցներն

Ընկերության համար հրաշալի առիթ էր՝ միջազգային գործընկերներին և հյուրերին հավուր պատշաճի ներկայացնելու իր արտադրանքը և զարգացման ծրագրերը։
Որպես ֆորումի գործընկեր՝ Արմենիա Վայն Ընկերությունն աշխարհի ավելի քան 20 երկրներից ժամանած պատվիրակություններին ծանոթացրեց հայկական գինեգործության և խաղողագործության հարուստ մշակույթին ու պատմությանը, ճարտարապետությանը, քանդակագործությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին։
ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնած «Yerevan Dialogue» ֆորումի գործընկերներն են Արմենիա Վայն, Դիջիթեյն, Իմեջին Լայվ ընկերությունները, Նոա ՖԱ-ը և Հայաստանի գինու պատմության թանգարանը։

Հայաստանի գինու պատմության թանգարանը Երևանի գինու օրերի շրջանակում

Երևանի գինու օրերի շրջանակում Հայաստանի գինու պատմության թանգարանը ներկայացավ հետաքրքիր և կարևոր խորագրով ՝ «Պատմության պահպանում և վերականգնում»․ սա Հայաստանի գինու պատմության թանգարանի կարևորագույն առաքելություններից է։
Հենց այս նպատակով թանգարանի տաղավարում 3 օրերի ընթացքում մեր հյուրերն ականատես եղան էքսպոնատների ռեստավրացիոն գործընթացին,որը կատարում էր հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Տիգրան Իսահակյանը։
 
Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը պատմում է. «Թանգարանը նպատակ ունի նորարարական լուծումներով հանրահռչակել գինու պատմությունը: Այս տարի հանդես ենք գալիս պատմության պահպանման եւ վերականգնման կոչով. մեր հյուրերը տաղավարում կտեսնեն ինչպես բնօրինակ էքսպոնատներ, այնպես էլ ռեստավրացիոն գործընթաց, որը կատարվելու է հենց տեղում»։