ԽԱՂՈՂԸ ԵՎ ԳԻՆԻՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Խաղողի պատկերագրության պատմությունը սկսվում է առնվազն մ.թ.ա 1-ին հազարամյակից` հելլենիստական դարաշրջանում, իմաստաբանորեն հագեցված լինելով հունական դիցաբանության պատմությամբ, ամբողջ կրող մշակույթը և դրա առանձին տարրերը լիովին արտացոլում էին խողողի իմաստաբանությունը մշակույթի, ճարտարապետության, արվեստի գրեթե բոլոր ճյուղերում:

Միջնադարյան Հայաստանի տարաժամանակյա  ճարտարապետական գոհարները մշտապես հանդես են գալիս խաղողի ողկույզների, նռան և գինու հարուստ և յուօրինակ առատությամբ: Հայկական վաղմիջնադարյան հուշարձանների պատկերագրությունների հիմնական նպատակը, Աստվածաշունչը  զանազան կերպարների ու խորհրդանշանների միջոցով ներկայացնելն էր, որտեղ ընգծվում էր Քիստոսի փրկչական տեսարանը[1]: Խաղողի և նռան պակերագրությունները  հանդիպում են առնվազն վաղ միջնադարից` Աղցքի արքայական դամբարան,  Տեկորի, Պտղնի, Քասախի, Երերույքի տաճարներում և այլուր:  Առանձնահատուկ տեղ ունի Զվարթնոցի 7-րդ դարով թվագրվող տաճարը, որը իր կատարումներով առավել արտահայտչական է և եզակի խաղողի ու նռան զարդագոտիների պատկերագրությամբ:

Այգի-աշխարհի լավագույն պատկերագրությունն է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ վանական համալիրի որթագալար ռեգիստրները: Այս հուշարձանը իր եզակի քանդակային հարդարանքով, բացառիկ որմնանկարներով, ինչպես նաև նրա պատվիրատուի՝ Գագիկ Գ Արծրունու (904/8–943) հետ կապված կարևոր պատմական անցքերի և աղբյուրների շնորհիվ մինչ օրս գրավում է հայ և օտարազգի մասնագետների ուշադրությունը: Սբ. Խաչի ռելիեֆները դասավորված են գոտիներով. հիմական՝ ամենալայն գոտում քանդակված են սյուժետային տեսարանները՝ մեծ մասամբ հինկտակարանային, ինչպես նաև Տիրամոր, Քրիստոսի և սրբերի պատկերներ, կտիտորական հորինվածք, մի շարք դիցաբանական և սիմվոլիկ կենդանիներ և այլն: Դրանից վեր տեղադրված է բարձրաքանդակների շարքը, որին հաջորդում է «խաղողակութի» գոտի-ռեգիստրը[2]: Այգին պատկերված է հասուն պահին, սկզբունքորեն չընդհատվող կամարաձև որթն ինքն է հանդես գալի սիբրև աշխրահաստեղծ  հարատև ժամանակը, որը լցնում է ամբողջ տիեզերքը ողկույզներով: Պատկերված են այգու մշակման` փորելու և էտելու մի շարք տեսարաններ: Բազում են խաղողը վնասող կենդաներիներին պատկերող տեսարանները: Զարդագոտին Աղթամարի արևելյան ճակատին ավարտվում է բերքի և գինու համտեսման տեսարանով, որտեղ և պատկերված է արքան` իր երկու մերձավորների հետ: Արքան նստել է ոչ թե պալատում գահի վրա, այլ խաղողի այգում ` որթի և նռնենու տակ, աջ ձեռքում կենաց բաժակը բռնած, իսկ ձախով խաղող է պոկում կենաց ծառից: Որթատունկի առանցաքյին տեսարաններից են խաղողաքաղն ու գինու ստացումը, որոնցից մեկում պատկերված է այգեկութի մասնակից, կողովը ձեռքին մի մարդ, քիչ հեռու` հնձանում խաղող ճզմելու տեսարան:

Քրիստոսի` որպես ճշմարիտ որթի և ողկույզի այլաբանական պատկերացումը սերտորեն կապվում էր նաև խաչի հետ: Խաչ-կենաց ծառի նույն խորհուրդն է բովանդակում նաև Աշտարակի ծիրանավոր եկեղեցու 5-րդ դարով թվագրվող քանդակը, ուր խաչի վերին ուղղաձիգ  թևերից աճող խաղողի ողկույզները կտցում են զույգ սիրամարգերը: Օձնեցու միտքը, թե դրախտի ծառը համեմատելի է խաչի հետ, իր պատկերագրական հավաստումը կարող է գտնել մի շարք եկեղեիների բարավորների քանդակներում` Քասախ, Մրեն, Ցաղաց Քար, Նոր Գետիկ, Գեղարդ, Արենի և այն:

Չէ որ Քրիստոսը խաչի վրա «ճզմվելով» ինչպես խաղող`զոհաբերեց իր արյունը, որպեսզի մաքրի մեղագործներին: Ուշագրավ է Դավիթ Անհաղթի մեջբերումը այս առիթով.   «Օրհնեալ ես փայտ սուրբ, իմանալի հնձան, քանզի ի քեզ նոյնում վերայ երկնային այն ճմլեցաւ ողկոյզ` բաւական յուրախութիւն երկնայնոցն և երկրայնոցս» Դաւիթ Անհաղթ; «Քանզի նման է արքայութիւն երկնից առն տանուտեառն, որ ել ընդ առաւօտս ի վարձու ունել մշակս յայգի յիւր», Մատթ., Ի, 1 նաև «այր մի էր տանուտէր` որ տնկեաց այգի, և ցանգով պատեաց զնա, և փորեաց ի մնա հնձան, և շինեաց աշտարակ…», Մատթ., ԻԱ, 33, 34, Մարկ.,  ԺԲ,1

Խաչը, նույնանալով Քրիստոսի հետ, հանդես է գալիս որպես խաղողի որթ, որը կազմակերպում է ողջ տիեզերքը, ինչպես տեսնում են քօրինակ Դվինից հայտնաբերված բարավորի քանդակում:

Վաղմիջնադարյան քանդակի որոշ օրինակներում խողողի ողկույզները համադրվում են նռան պտուղների հետ կամ փոխարինվում դրանցով: Այս առումով բավականաչափ առատ են խաչքարային հորինվածքները, մասնավորապես 12-րդ դարից սկսած, որոնք հիմնականում ձևավորում էին խաղողի քիվը, կամ խորանի վերին հատվածը: Խաչքարերի խորանների վերնամասը ու քիվը ակնահյտորեն ներկայացնում են  երկնային դրախտը: Դրախտը որպես խաղողի այգի է պատկերել Տրդատ կազմողը Սևանավանքի նշանավոր խաչքարի վրա:

Միջնադարյան Հայաստանի հուշարձանների զարդաքանդակներում գերիշխողը բուսական զարդամոտիվներն են, որտեղ խաղողն ու նուռը հանդես են գալիս որպես զարդագոտու հիմնական տարր, որպես գաղափարական հենք: Մի շարք եկեղեցիների պորտալներ, պատուհանները, խոյակները և ընդհանրապես ներսի և դրսի մաս կազմող ճարտարապետական մանրամասներն առավելապես զարդարված են ոճավորված բազմաճյուղ հյուսածո զարդամոտիվներով: Այս հորինվածքները մատնանշում են որ Աստծո տունը երկնային այգի է: Հոգևոր կառույցների մուտքերն, ավետարանների մուտքերի-կանոնների նման ներկայանում են որպես հավատացյալի համար դեպի աստվածային աշխարհը հատուկ բացված և հավատացյալին ներս հրավիրող հանդիսավոր մուտք:

 

 

[1] Պետրոսյան Հ.,  Խաչքար, Երևան 2007:

[2] Միքաելյան Լ., Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու Հովնանի պատմության տեսարանների պատկերագրությունը. վաղքրիստոնեական, հուդայական, սասանյան ակունքները և նորարարական լուծումները // Վէմ համահայկական հանդես, 2018, 3 (63), էջ 182-204

ԽԱՂՈՂԸ ԵՎ ԳԻՆԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՈՒՄ

Հայ ժողովրդական հանելուկները դարեր շարունակ կուտակել ու փոխանցել են մեր ժողովրդի փորձառությունը, կյանքի հետ կապած իմաստները, առօրյայի պատկերներն ու մթնոլորտը: Սակայն դրանք չեն սահմանափակվել միայն զվարճանքով կամ, այսպես ասած, «խելք չափելու խաղ» լինելով, այլ դարձել են հայ մարդու հոգևոր և մշակութային պատկերացումների արտահայտությունները։

Հանելուկների այս առատ ժառանգության մեջ առանձնակի տեղ են գրավում խաղողն ու գինին՝ որպես ազգային ինքնության ու մշակույթի խորհրդանիշներ, մնավանդ, որ գինին էական, անկյունաքարային նշանակություն ունի նաև Քրիստոնեության մեջ: Հայկական լեռնաշխարհում խաղողն ու գինին կապված են կենսագործունեության, Քրիստոնեության, բերրիության, ընտանիքի և այլ կարևորագույն գաղափարների հետ: Խաղողի որթատունկը, բերքը և գինու պատրաստումը համարվել են ո՛չ միայն գյուղատնտեսական գործունեության կարևոր գործողություններ, այլ առօրյա ու հին ծիսական արարողությունների անբաժան մասնիկներ: Խաղողն ու գինին արտահայտել են կյանքի կորսված ու վերածնվող շրջանները, բնության արմատական տիրապետումը մարդկային ճակատագրին, ինչպես նաև հոգևոր հարաբերություններ՝ կապված Աստծո հետ.

Մի կով ունեմ,

Պըտկըները կը նմանի Սպահանի,

Տարին մի հետ (ամգամ) կաթ կտա:

[որթատունկ և խաղող]

(Վաղարշապատ):

Ամռան գա,

Աշուն կը մեռնի,

Ձմռան կը կատղի: [խաղող, գինի]

(Մուշ)

Աստված շարեց,

Մարդը քակեց (քանդել, պոկել):

[խաղող]

(Խարբերդ, Բաբերդ, Կյուրին):

Առաջին հանելուկում «կովը» առաքում է որթատունկը, որ նմանեցնում են Սպահանի բերքին՝ նշելով դրա բարձր որակը։ «Կաթ տալը» խորհրդանշում է բերքատու վազը, որը տարին մեկ անգամ բերք է տալիս: Սպահանի հիշատակումն ընդգծում է պատմական կապերն ու փոխգործակցությունը, խաղողի տարածման լայն աշխարհագրությունը: Երկրորդում պատկերում է խաղողի կենսաչափական ցիկլը՝ իր սեզոնային կյանքով՝ ամռանը աճում է, աշնանը պտուղ տալիս ու դառնում գինի, ձմռանը գտնվում է իր ամրացման փուլում: Իսկ երրորդն արտացոլում է բնության բարիքների ծագման նկատմամբ մարդու ունեցած պատկերացումները. բխում է Աստծուց:

Հայ ժողովուրդը, հատկապես ժողովրդական բանահյուսության մեջ, խաղողին վերագրել է միասնության, հարստության, համախմբման խորհրդանիշ: Հանելուկները, որոնց մեջ խոսվում է խաղողի, որթատունկի, գինու մասին, հաճախ կրում են բազմաշերտ, տեսական հղումներ՝ բացահայտելով ժողովրդի կյանքն ու հոգևոր մշակույթը: Ստորև ներկայացված են հանելուկներ, որոնք ուղեկցվում են պարզաբանումներով և մեկնաբանություններով.

Մի կով ունեմ Վանից է,

Ծիծը Իսպահանից է,

Կաթը կտա, տուն չի գա: [որթատունկ և խաղող], (Նախիջևան):

Հատկանշական է նաև, այն, որ որթատունկը համեմատվում է կովի հետ, իսկ այգեկութը, գինին՝ կաթի հետ: Այստեղ արտացոլված են հայ նահապետական ընտանիքների հնագույն պատկերացումները՝ կապված տնտեսության և ընտանիքի համար կաևրորություն ունեցող մշակովի բուսատեսակների ու կենդանիների հետ:

Հանելուկներից մեկում խաղողի ողկույզը վերացական կերպով ներկայացվում է ոչխարի գլխի նմանությամբ, ինչը սովորական է ժողովրդական պատկերապատումների մեջ՝ կենդանու ու բույսի համեմատությամբ.

Հարուր գլուխ ոչխար,

Մին կապավ կապած: [խաղող], (Արցախ):

Որոշ հանելուկներում էլ խաղողը դիտվում է որպես աստվածային ընծա, իսկ մարդու դերը՝ ոչ թե որպես ստեղծող, այլ որպես խնամող ու մշակող ուժ, որն ունի պատասխանատվություն՝ պահպանելու և զարգացնելու այդ սուրբ պարգևը.

Աստված շարեց,

Մարդը քակեց (քանդել, պոկել): [խաղող], (Խարբերդ, Բաբերդ, Կյուրին):

Սա հստակ շեշտադրում է հայ մարդու աշխարհընկալման մեջ բնության սրբության գաղափարը. խաղողը ոչ միայն պտուղ է, այլև Աստծո կողմից տրված հնարավորություն՝ կյանք բերելու, գինի դարձնելու, տոն սփռելու, հոգևոր երանելիության ու կենցաղի ներդաշնակության համար։ Հանելուկը պարզ բառերով փոխանցում է խորիմաստ մի ճշմարտություն՝ մարդը բնության տերը չէ, այլ նրա հավատարիմ մշակը, ով մասնակից է Աստծո գործին, երբ պահպանում է խաղողի վազը, ջրում է, կապում… իրագործում բարին։

Բազմաթիվ են նաև խաղողի կոնկրետ անձնավորումները և նմանեցումները մարդու արտաքինի հետ:  Օրինակ՝ խաղողի մի հատը՝ վազի պտուղները, որոնք նման են աչքերի, հազարավոր են, և վերջում, հավաքված, տարվում են շուկա՝ վաճառքի համար.

Ինքը մին, աչքը հազար,

Ըռավոդը քշերով կերթա բազար:

[խաղող], (Լոռի):

Դուզ (ուղիղ) հեր, ծուռտիկ մեր,

Խելոք քիր, գիժ ախպեր:

[վազ, ողկույզ, խաղող, գինի], (Լոռի):

Չոր հեր, կանանչ մեր,

Գիժ աղպեր, անուշ քիր:

[…], (Շիրակ):

Մի շարք հանելուկներում էլ արտահայտված են խաղողի և գինու միջև կապի բարդ, մշակութային գործառույթները: Վազը՝ ուղիղ, բերում է պտուղներ, իսկ գինին՝ կյանքի ուրախությունների և ցավերի ծանոթը՝ խելոք ու գժակ՝ երկու ախպեր: Իսկ որոշ ազգագրական շրջաններում հյուսված հանելուկներում էլ հստակորեն արտահայտված են խաղողի ու գինու սերունդների կապը, փոխանցումն ու անընդհատությունը՝ կրկին նմանեցված մարդու հետ.

Պապայիս կուտին,

Ինձ կը խմին:

[խաղող, գինի], (Նոր Նախիջևան): 

Կուկուզ (պպզած) մոմը (մայր),

Խելոք տղեն,

Խելառ թոռը:

[այգի, խաղող, գինի], (Շիրակ):

Այսպիսով՝ խաղողն ու գինին հայ մարդու առօրյա կյանքի ու մշակութային արարողությունների անբաժանելի մասն են կազմում: Դրանք կապված են տոների, ուրախությունների ու նույնիսկ հոգևոր ծեսերի հետ: Հայկական հին տեքստերում, ինչպես նաև պատմական վկայություններում, գինին խորհրդանշում է զարթոնք, պտղաբերություն և հոգևոր մաքրություն: Այդ պատճառով խաղողագործությունն ու գինեգործությունը միանշանակ կարևոր են հայ ժողովրդի մշակութային ինքնության համատեքստում:

Հայ ժողովրդական հանելուկները, որոնց մեջ արտացոլված են խաղողն ու գինին, չեն սահմանափակվում միայն խաղի կամ զվարճանքի մակարդակով: Դրանք արտահայտում են խոր մշակութային իմաստներ, կյանքի փիլիսոփայություն և մարդու կապը բնության հետ: Խաղողն ու գինին հայկական հոգևոր և մշակութային աշխարհընկալման հիմնասյուներն են, որոնք հնում և հիմա շարունակում են միավորել ժողովրդի հոգին: Այս հանելուկների վերլուծությունը բացահայտում է, թե ինչպես հայ ժողովուրդը, պահպանելով իր ավանդույթները, միաժամանակ փոխանցել է կենսական, տնտեսական ու հոգևոր արժեքներ, որոնք այսօր էլ են արժեքավոր՝ իբրև հայկական մշակույթի կարևոր մաս: