ԳԻՆՈՒ ԿԱՐԱՍՆԵՐԻ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐԸ ՈՒՐԱՐՏՈՒՅՈՒՄ

Հին Արևելքի երկրներում տարբեր չափերի ու տարողության կարասները լայնորեն կիրառվել են տնտեսության տարատեսակ ճյուղերում։ Եգիպտոսում, Ասորեստանում, խեթական, ինչպես և ուրարտական թագավորություններում հացահատիկները և բազմատեսակ գյուղատնտեսական մթերքներ և հատկապես գինին, գարեջուրը և յուղերը պահվում էին կարասներում: Վանի, Արգիշթիխինիլիի, Էրեբունիի, Այանիսի, Թոփրակ Կալեի, Թեյշեբաինիի ինչպես նաև մինչհելլենիստական Արտաշատի պեղումներով հայտնագործվել են հազարավոր խեցեղեն առարկաներ:

Կարմիր Բլուրում իրականացված հնագիտական հայտնագործություններրի շարքում, կարևորագույն տեղ են զբաղեցնում պեղված գինու մառանները, որոնք մեծ նշանակություն ունեն հին աշխարհի տնտեսության մի շարք առանձնահատկությունների բացահայտման գործում: 1950-ական թվականներին մեկնարկած հնագիտական հետազոտություններով այստեղ պեղվել է 8 մառան, որտեղ զետեղված էր ավելի քան 400 հսկայածավալ կարասներ[1]: Նմանօրինակ մառաններ հայտնի են նաև ուրարտական այլ քաղաք-հնավայրերից՝ Էրեբունի[2] (շուրջ 100 հ․), Ալթին Թեփե[3] (70 հ․), Արգիշտիխինիլի (68 հ․)[4] , Ադիլջեվազ, Այանիս և այլն։

Կարմիր բլուրում ամենամեծ կարասները բացվել են N 25 և 28 մառաններում, որտեղ տեղակայված էին համապատասխան՝ 82 և 70 կարասներ[5]: Ձևաբանորեն դրանք բոլորը նույնանման են, տարբերվում են միայն չափսերով, ինչի մասին վկայում են նաև կարասների վրա առկա սեպագիր արձանագրությունները և հիերոգլիֆ թվային նշանները՝ ուրարտական հեղուկի չափման միավորները՝ «ակարկի», «տերուսի»: Առաջիններից, ով զբաղվում էր կարասների չափագիտական հետազոտություններով արշավախմբի ղեկավար, հնագետ` Բորիս Պիոտրվսկին էր, ում կողմից հրատարակված աշխատություններում  կարասները ունեն չափային երևելի տատանումներ, հիմնականում 1 «ակարկի» 4½ «տերուսի»-ից մինչև 5 «ակարկի» 5 «տերուսի»: Սեպագիր և հիերոգլիֆ նշանները օգտագործվել են միաժամանակ, ընդ որում սեպագրերը սկզբում գրվել են ամբողջությամբ, իսկ ավելի ուշ` տառային հապավումներով[6]:

Ըստ մի շարք հետազոտողների Կարմիր բլուրից հայտնաբերված կարասները պատրաստվել են տարբեր արհեստանոցներում։ Հավանաբար 8 և ավելի վարպետներ են ներգավված եղել Թեյշեբաինիի մառանների կարասները պատրաստելու գործում[7]։ Այս ամենը փաստում է այն մասին, որ քաղաքներում ներդրված է եղել  ստանդարտավորման համապետական համակարգ, որը կառավարելի ու հաշվելի է դարձրել թագավորության տնտեսությունը և խթանել դրա առաջխաղացմանը։

Մի շարք հնավայրերից հայտնաբերված տարբեր տարողությունների  կարասների բազմակողմանի չափագիտական հետազոտությունները փաստում են, որ դրանք պատրաստվել են նախապես ֆիքսված ստանդարտավորված չափսերով։ Խեցեղեն անոթների չափերի պատրաստման պետական ստանդարտավորումը լայն տարածված էր անտիկ ժամանակաշրջանում։ Այս եղանակով պետական իշխանությունը ձգտում էր ստանդարտավորել տարրաների ծավալները, ինչպես արտադրանքի պաշարը պահեստավորելու[8], այնպես էլ դրանց տեղափոխումն ու վաճառքը կազմակերպելու նպատակով։ Ինչպես փաստում է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսի թասիական հրամանագիրը, Թասոսում կարասների (Pithos) արտադրության ստանդարտացումը՝ դրանց ծավալների միատարրության հասնելու համար, խստորեն կարգավորվում էր պետության կողմից՝ որոշելով դրանց չափերը երկարության չափման միավորներով՝  դակտիլներով (մատներով)։ Ստանդարտներին է համապատախսանում նաև ուրարտական մի շարք հնավայրերից  հայտնաբերված կարմիր փայլեցրած, գնդաձև իրանով, եռատերև պսակով միականթ սափորները /օյնախոյա/, որոնք նախատեսված էին գինու մատուցման համար և չափերով գրեթե չեն տարբերվում: Այսպիսով հիմքեր կան ենթադրելու, որ անտիկ խեցեղենի արտադրության ստանդարտացման ակունքները սկիզբ են դրվել դեռևս Հին Արևելքում։

Հայտնի է, որ տարբեր խմբերի խեցեղենի պարագայում, չորացման և թրծման արդյունքում չափերի կրճատումը միջինում կազմում է 8-12 %: Հավանաբար բրուտագործին տրվել է երկու տարբեր չափսեր՝ նախնական, որով վարպետը պետք է առաջնորդվեր արտադրանքը ձևաորելիս և ավարտական, որին պետք է համապատասխաներ արտադրանքի վերջնական չափսերը։ Այդուհանդերձ այդպիսի ծավալների կարասները անհնար էր պատրաստել իդեալական ստանդարտ չափսերի մեջ, ակնհայտորեն անհրաժեշտ էր կարասները պիտակավորել իրենց տարողության նշումներով։ Հիերոգլիֆ և սեպագիր նշումները իրականացվել են կարասները թրծելուց, մառան տեղափոխելուց և գինի լցնելուց հետո միայն[9][10]: Սրա մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ կարասների վրա արձանագրությունները իրականացվել են արդեն հողի մեջ կիսաթաղված կարասներին, որպսեզի գինու մառանի խորքերը անցնելիս դրանք հստակ տեսանելի լինեն[11]։ Հատկանշական է նաև գինու կարասների վրա մինչև երեք անգամ նշված չափերը, որոնց տարբերությունը հասնում է մի քանի տերուսիի[12]։

Ըստ Բ. Պիոտրովսկու 1 «ակարկին» հավասար էր 250 լիտրի, իսկ «տերուսին» ⅒ «ակարկիի»: Կարասների վրա առկա տարողության նշանները իրարից քիչ են տարբերվում: Հավանաբար 1 «ակարկին» բաժանվել է 10 «տերուսիի», հիմնվելով այն վարկածի վրա, որ ուրարտական ​​թվային համակարգը հիմնված էր տասնորդականի հիման վրա[13]: Բրաշինսկին գտնում էր, որ խնդրի ամենապարզ լուծումը` չափագիտական ​​հաշվարկներն են, քանի որ ծավալի ցանկացած չափման հիմքում ընկած են երկարության որոշակի հիմնական չափման խորանարդ միավորները[14] (օրինակ` փյունիկյան կոր, որպես երեք խորանարդ կանգուն ծավալ[15], ուրարտական ` կանգուն /53.1 սմ/):

Կարմիր բլուրի մառաններում ամբարվել է շուրջ 400.000 լ. գինի /1500 ակարկի/, ինչը հին աշխարհի չափորոշիչներով բավականաչափ ազդեցիկ թիվ է: Հուշարձանի մառանները գերազանցել են մինչ օրս պեղված ցանկցած ուրարտական շրջանի գինու պահեստներին, նույնիսկ Մանազկերտի մոտ` Մենուայի կանգնեցրած արձանագրության մեջ հիշատակված 900 ակարկիով գինու պահեստին[16]:

Վանի թագավորությունում խեցեղենի արտադրության պետական ստանդարտացման փաստը մեծագույն հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես ստանդատացման` ընդհանրապես սկզբնաղբյուրների ուսումնասիրման և դրա ազդեցության հետագա քաղաքակրթությունների զարգացման համատեքստում:

 

 

[1] Б. Б. Пиотровский, Ванское царство, М., 1959, стр. 145—147; ср. ег о же , Город бога Тейшебы, С А, 1959, No 2, стр. 172.

[2] Демская Д., Кладовые Эребуни, “Сообщение Государственного музея изобразительных искусств имени А.С. Пушкина”, вып. IV, 1968, 176-182.

[3] Özgüç, T., Altintepe II, Ankara, 1969.

[4] А. А. Мартиросян , Раскопки Аргиштихинили, СА, 1967, No 4, стр. 228; ср. е г о же , К социально-экономической структуре города Аргиштихинили, СА , 1972, N 3 стр. 46.

[5] Б. Б. Пиотровский, Кармир-блур, II, Ереван, 1952, стр. 16—40.

[6] Ղասաբյան Զ․Մ․,  Թեյշեբաինիի գինու կարասները, «Պատմա-բանասիրական հանդես», 1959, No 4, էջ 216:

[7] Ղասաբյան, 1959, 213:

[8] И. Б. Брашииский, Методика изучения стандартов древнегреческой керамической тары, С А, 1976, No 3, стр. 87 слл.

[9] Б. Б. Пиотровский, Кармир-блур, III, стр. 23.

[10] Ղասաբյան, 1959,  215:

[11] Б. Б. Пиотровский , Кармир-блур, II, стр. 65.

[12] Ղասաբյան, 1959,  215:

[13] М. А. Исраелян. Уточнения к чтению урартских надписей, I. Об урартской системе счисления, «Древний Восток», 2, стр. 116

[14] И. Б. Брашииский, Урартсвкие карасы, , «Историко филологический журнал», Ереван 1978, с. 152.

[15] Nissen H., Griechische und römische Metrologie, Handbuch der Klassischen Altertums-Wissenschaft,C. H. Munchen 1892.

[16] Г. А. Меликишвили , УКН, ВДИ, № 2, 1953.

ԳԻՆԻՆ ԱՆՏԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ

Հայտնի է, որ գինեգործությունն ու խաղողագործությունը առանձնահատուկ տեղ են գրավել Հելլենիստական աշխարհի նյութական և հոգևոր մշակույթում: Այստեղ գինու հետ առնչվող ստեղծագործական միտքը անսպառ է: Այս մշակույթի ազդեցության, բայց  հետագայում ընգծված՝ տեղական մասնաբաժինը, կրել է նաև Հայաստանը:

Հին Հայաստանում արտադրվել է մեծ քանակությամբ ապրանքային գինի, որը վաճառքի է հանվել միջազգային շուկաներում: Պատահական չէ, որ Հերոդոտոսի ժամանակներում մեծ պահանջարկ էր վայելում «Արմենների երկրի» գինին: Նրա վկայությամբ վաճառականները Արմենիայում պատրաստած կարմիր գինին կարասներով Եփրատ և Տիգրիս գետերով տեղափոխում էին Բաբելոն: Ստրաբոնի վկայությամբ` Հայաստանում առկա էին բերրի հովիտներ` Արաքսի, Ուտիքի հովիտները[1]: Մ.թ. IV դարում այնքան  մեծ էր հայկական գինիների պահանջարկը, որ Վաղարշապատ քաղաքը վերածվել էր գինու առևտրի կենտրոնի, ինչի մասին փաստում է «Բաբելոնյան գեմառան» [2]:

Հայաստանով էին անցնում միջազգային առևտրական տարանցիկ կարևոր ճանապարհներից մի քանիսը, ինչպես Չինաստանից, Միջին Ասիայից և Հյուսիսային Հնդկաստանից դեպի Արևմուտք, այնպես էլ Հարավից, Միջագետքից, Սիրիայից, դեպի հյուսիս՝ Սև ծովի և Ազովի ափեր։ Հայաստանի քաղաքները հիմնականում տեղակայված էին առևտրային ստրատեգիական ճանապարհներին և իրենց արտադրանքով ակտիվ մասնակցություն ունեին այդ աշխույժ առևտրում։

Առանձնակի ուշադրության է արժանի գինու պահպանման և օգտագործման պարագաները` տարբեր չափերի կավե կարասները, սափորները, ըմպանակները, ռիտոնները, արծաթից, բրոնզից և ապակուց պարտրաստված սպասքը և այլն: Ստորև կներկայացնենք դրանցից մի քանիսը:

Շնորհիվ Գառնիի, Արմավիրի, Արտաշատի, Սիսիանի հնագիտական հետազոտությունների, հնարավոր դարձավ ծանոթանալու նաև անտիկ Հայաստանի տորևտիկային: Հայաստանը մետաղամշակության հնագույն օրրաններից մեկն է, ուստի մետաղի գեղարվեստական մշակումը հայտնի է դարերի խորքից: Այս առումով բացառիկ է դեռևս 1970-ական թվականներին Սիսիան քաղաքում պեղված իշխանական դամբարանը: Չմանրամասնելով դամբարանի կարևորությունը` անտիկ Հայաստանի մշակույթի ուսումնասիրությանում, նշենք միայն որ մի շարք  առարկաների հետ մեկտեղ այստեղ հայտնաբեվել է երեք արծաթե թաս` նախատեսված ամենայն հավանականությամբ գինու մատուցման համար: Թասերը չափերով իրարից քիչ են տարբերվում: Անոթների պսակները դեպի ներս լայնանում են ու կլորանում: Թասերից մեկը առանձնանում է իր շքեղ հարդարանքով, իսկ մակերեսը բաժանված է ութ հավասար մասերի, որոնցից առաջին չորսը զարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը` սուր, երկարուկ տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և ոճավորված խաղողի որթերով: Նմանօրինակ հելլենիստական համարվող կիսագնդաձև թասեր հայտնաբերվել են հարավարևմտյան Հայաստանում ` Աշվանում[3]: Այս տիպի թասերը օգտագործվել են աստվածներին ձոնված սրբազան արարողություններում: Առանձնակի ուշադրության է արժանի դամբարանից հայտնաբերված արծաթե սկահակը, որի մակերեսը զուրկ է որևէ բուսաերկրաչափական պատկերներից, փոխարենը առկա է արամեերեն եզակի արձանագրություն։ Արձանագրությունից պարզ է դառնում թե ով էր թաղված դամբարանում՝ Սյունիքի իշխաններից մեկը, հավանաբար բդեշխը[4], պահպանված է անունը, ինչպես և հավելյալ տեղեկություններ ենք ստանում անտիկ Հայաստանի կշռային միավորների վերաբերյալ։ «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»։ Գրության ձևով արամեերեն արձանագրությունը կապվում է հյուսիսմիջագետքյան արամեական ավանդների հետ[5]։ Նման տառատեսակի մուտքը Հայաստան տեղի է ունեցել մ․թ․ա․ 1-ին դարում[6] Տիգրան Բ-ի կառավարման ժամանակաշրջանում։ Նույն գրելաոճն ունեն Արտաշատի առաջին բլրից պեղված և մ.թ.ա. 1-ին դարով թվագրվող ապակե գդալի[7] և լազուրիտե պնակի[8] արամեերեն արձանագրությունները: Ըստ հետազոտողների սկահակի արձանագրության մեջ հիշատակվող Araxszat անունը թասի տիրոջ անունն է, որը հանդիպում է առաջին անգամ: Սիսիանի դամբարանի նյութերը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ չորս զորահրամանաատներից մեկը` Արևելյան մասինը Սյունյաց իշխանն էր: Araxszat անունը թարգմանվում է ` «աստվածների հովանավորթյան ներքո ծնված»:

Գինու հետ աղերսվող հաջորդ վկայությունը հայտնի է Արտաշատ մայրաքաղաքի պեղումներից, դրանք կանացի դեմքեր պատկերող բացառիկ ոսկյա ականջօղերն են։ Վերջիններս հայտնաբրեվել են 1980-ական թվականներին քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում տեղակայված` «ոսկե բլուր» կոչվող բլրի գագաթի ժայռափոր դամբարանի պեղումներից։ Դրանք մենադներին պատկերող ականջողեր են։ Հայտնի է որ մենադները հունական դիցաբանությունում խաղողագործության և գինեգործության աստված ` Դիոնիսի ուղկեցորդուհիներն ու երկրպագուհիներն էին: Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված։ Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով,  պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած։ Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենը, որը, սակայն, թունդ հարբած է։ Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին։

Արտաշատից հայտնաբերված տասնյակ կավե արձանիկների մեջ առաձնձնակի ուշադրության է  արժանի կլորավուն գլխով, ընդգծված  մկաններով, մորուքավոր ծերունու արձանիկը` կիսապարկած դիրքով, ով աջ ձեռքով գրկել է ինչ որ առարկա, հնարավոր է սափոր կամ մեծ գինով լի տիկ, այսեղ կասկած չկա որ պատկերվածը` Սիլենն է, ով հունական դիցաբանության մեջ համարվում է Դիոնիսոսի դաստիարակն ու ուսուցիչը։ Այստեղ պետք է նշել նաև Վաղարշապատ քաղաքից պատահաբար հայտնաբերված փոքրիկ կավե արձանիկի պահպանված գլուխը /բարձր․ 5սմ․/, որը պատկերում է Դիոնիսոսին: Վերջիններս պահվում և ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում։ Դիոնիսոսի պատկերը կրող շատ հետաքրքրական կավե սափոր պահվում է Շիրակի երկրագիտական թանգարանում, որը հայտնաբերվել է Բենիամինի հնավայրից և թվագրվում է մ.թ. 1-ին դարով: Այստեղ աստվածությունը ներկայացված է շատ հետաքրքիր կերպարանքով, նրա դեմքը և ձեռքերը ծեփվել են սափորի պսակի ներսի հատվածում`սափորը պատրաստելուց անմիջապես հետո, ստեղծվում է այնիպսի տպավորթյուն, որ կարծես Դիոնիսոսը փորձում է դուրս գալ սափորի միջից:

Ուշագրավ է 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունու հիշատակությունը, Արտաշես I արքայի կողմից Մեծ Հայքի Կորճայք նահագանգի Փոքր Աղբակ գավառում կառուցված Դիոնիսոսի մեհյանի վերաբերյալ[9]: Արտաշես I մեծ կարևորություն էր տալիս այգեգործության ու խաղողագործության զարգացմանը[10]: Նա Վան քաղաքի հարավային արվարձանում տնկել է «սաղարթախիտ ծառերով, խաղողի որթերով ու զանազան պտուղներով ընդաձակ այգիներ»[11]:

Հետաքրքրական են Հայաստանում գտնված երեք արջակերպ անոթները, որոնցից մեկը գտնտվել է Վայոց Ձորի մարզում, իսկ երկուսը պեղվել են Արտաշատ մայրաքաղաքից, ընդ որում տարբեր թաղամասերից: Վայոց Ձորի արջակերպ անոթը հար և նման է Արտաշատի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի սրահից հայտնաբերված արջակերպ անոթին, ծավալային և դեկորատիվ որոշակի տարբերություններով: Դրանք նույնպես կապակցվում են գինու մատուցման հետ և թվագրվում են մ.թ. 1-2-րդ դարերով:

Հայաստանի անտիկ շրջանի հուշարձանների` Արմավիրի, Գառնիի, Արտաշատի և մյուս հնավայրերի պեղումները վկայում են անտիկ շրջանի, և մասնավորապես մ.թ.ա. 2-ից մ.թ. 2-րդ դարերի հայ մշակույթի վրա հելլնիստական աշխարհի թողած մեծ ազդեցության մասին: Հելլենիստական մշակութային շրջանակներ ընգրկված երկրներում, այդ թվում և Հայաստանում, ի հայտ եկան մշակութային մի շարք ընհանուրթյուններ, որոնք ոչ այնքան փոխառություններ էին, որքան ողջ հելլենիստական Արևելքում առկա ինքնատիպ մի շրջան ձևավորող, գեղարվեստական որոշակի ընդհանուր մթնոլորտի գոյության փաստ:

[1] Страбон 1964, II, I, 14.

[2] Գասպարյան Բ., Խաղող և գինի, Երևան 2005, էջ 145:

[3] Mithcell St., Asvan Kale, Anatolian studies, vol. XXIII, 1973, fg. 23, 3.

[4] Խաչատրյան Ժ․, Սիսիանի իշխանական դամբարանը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2009։

[5] Периханян А., Арамейская надпись на серебряной чаше из Сисиана, ИФЖ 1971, N3, с. 78-81.

[6] Տիրացյան Գ․, Արտաշես Ա-ի ևս մեկ նորագյուտ արամեական արձանագրություն, ՊԲՀ, 1977, N4, էջ 255-258»։

[7] Хачатрян Ж.Д., Стеклоделие в Древней Армении, ИФЖ, 1971, N3, с. 78-81.

[8] Б. Н. Аракелян, Арташат I, Основные результаты раскопок 1970-1977, Академия наук ССР, 1982.

[9] Թովմա Արծրունի 1985, I, Ը, 91:

[10] Փալանջյան Ռ., Անտիկ Հայաստանի գինեգործությանն առնչվող հնագիտական գտածոներ Վայոց Ձորից, ՀԱԻ, Երևան 2023:

[11] Թովմա Արծրունի 1985, I, Է, Ը, 85, 87–89։

ԽԱՂՈՂԻ ՊԱՏԿԵՐԸ ԱՆՏԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄՆԵՐԻՆ և ԿՆՔԱԴՐՈՇՄՆԵՐԻՆ

Անտիկ Օյկումենեի պատմական ու մշակութային բուռն զարգացումներից հայտնի են մի շարք առևտրային գործիքներ` դրամներ, ինչպես նաև կարևոր պետական, առևտրական փաստաթղթեր կազմելու համար նախատեսված կնքադրոշմներ`բուլլաներ, որոնց վրա պատկերվել են խաղողագործության և գինեգործության հետ առնչվող տարատեսակ պատկերներ: Այս ավանդույթի ազդեցությունը նկատելի է նաև Հայաստնում:

Դեռևս 1970-ական թվականներին մեկնարկած հին Արտաշատի պեղումները, բացահայտեցին քաղաքի նշանակալի դերը անտիկ աշխարհում, որը նոր լույս սփռեց Հայաստանի նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման գործում: Պեղումներից, բազամահզար գտածոներից զատ, առանձնակի ուշադրության են արժանի հայտնաբերված երեք քաղաքային արխիվները[1], ինչպես նաև դրամական գյուտերը, վերջիններս մեծ արժեք են ներկայացնում ժամանակաշրջանի սոցիալ տնտեսական մի շարք կարևոր հարցերի բացահայտման համատեքստում:

Լինելով տարածաշրջանում խաղողագործության և գինեգործության խոշոր կենտրոններից մեկը, Հայաստանը անտիկ ժամանակաշրջանում եղել է կարևորագույն առևտրական ճանապարհների խաչմերուկում: Այս մասին են փաստում, վերջին տասնամյակներում Հայաստանում իրականացված հնագիտական հետազոտությունները: Բացառիկ են Արտաշատ մայրաքաղաքի առաջին արխիվից բացահայտված և գինու հետ առնչվող մի շարք կնքադրոշմներ, որոնցից որոշների վրա` դիմերեսին պատկերված է նեղ անոթ, հավանաբար ամֆորա` տեղակայված  երկու խաղողի ողկույզների միջև, իսկ վերևում աստղ, առանձին խմբի վրա խաղողի տերևներ, խաղողի ամբողջական վազը պատկերող, ինչպես նաև առանձին ամֆորաների, անոթների պատկերներով կնքադրոշմներ: Ամֆորաները,  խաղողի ողկույզներն ու վազերը անկասկած փաստում են Հայաստանում գինու լայն առևտրային շրջանառության մասին:  

Անտիկ Հայաստանի ծաղկման ժամանակաշրջանը մ.թ.ա 1-ին դ. և հատկապես մ.թ. 1-2-րդ դդ., պայմանավորված էր առաջին հերթին տարանցիկ առևտրով։ Մայրաքաղաքներում կրկնակի տուրք էր գանձվում ապրանքների արտահանման և ներմուծման նպատակով: Հին աշխարհի հարուստ քաղաքները, ինչպիսիք են Տիգրիսի Սելևկիան, Անտիոքը, Հռոդոսը, Եփեսոսը, Կորնթոսը, Դելոսը և այլն, նույնպես ապրում էին տարանցիկ միջազգային առևտրով։

Կնքադրոշմներից զատ, խաղողի ողկույզը պատկերվել է նաև մետաղադրամների վրա: Վերոհիշյալ կնքադրոշմներին հար և նման են Միրինայի սելևկյան դրամները, որոնց դարձերեսին Զևսի ոտքերի առջևում պատկերված է ամֆորա, որի վրա երևում են խաղողի վազը ճյուղերը ու տերևեները[2]: Տարսոնի հունա-հռոմեկան ժամանակաշրջանի դրամների վրա նույնպես պատկերված են կողքի վրա պարկած ամֆորաներ[3]: Սոլից հայտնաբերված մետաղադրամների վրա խաղողի ողկույզի պատկերի տեսակը բավականին մոտ է վերը հիշատակված Արտաշատի բուլլաներին[4]։ Փռյուգիայում` Դիոնիսոպոլիսի (մ.թ.ա. 2-1-ին դդ.)  մետաղադրամների դիմերեսին՝ պատկերված է Սիլենի դիմակը, իսկ դարձերեսին՝ խաղողի տերև[5]։ Խաղողի տերև պատկերված է նաև Լուվրի թանգարանում ցուցադրված գեմմայի վրա[6]:

Առանձնակի ուշադրության են արժանի Արտաշեսյան հարստության դրամենրի մի խումբ, որոնց դարձերեսին  պակտերված է խաղողի ողկույզ: Դրանք հայտնի են թե անձնական հավաքածուներից և թե պեղումներից հայտնաբերված: Հետազոտողների մի մասը գնտում է, որ դրամները վերաբերում են Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա բարեպաշտին, իսկ որոշները հակված են այն վերագրելու Արտաշես Բ-ին: Հայտնի են նաև Տիգրան Բ-ի թողարկած դրամներ, որոնց դարձերեսին պատկերված է խաղողի վազը[7]:

Ընդհանրապես, Փոքր Ասիայում խաղողի ողկույզներն ու տերևները հաճախ պատկերված են եղել Դիոնիսոսի պաշտամունքի, խաղողագործության և գինու արտահանման հետ կապված[8], ինչը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանում գինու առևտրի կարևորության մասին: Հայաստանի բարձակարգ գինիների մասին են փաստում հայ[9] և հույն[10] մի շարք պատմիչներ:

Հայաստանը գինի է արտահանել իր պատմական տարաժամանակյա փուլերում: Պատահական չէ, որ ատնիկ հայկական մետաղադրամների վրա, որոնք դիմերեսին պատկերում էին արքային, դարձերեսին պատկերված է եղել խաղողի վազը, որպես երկրի «տարբերանշանի» կարևորագույն արգասիք:

 

[1] Хачатрян Ж., Неверов О., Архивы столицы древней Армении – Арташата, Археологические памятники Армении, Ереван 2008.

[2] Хачатрян , Неверов, 2008.

[3] Goldmen H., Excavations at Gozlu Kule, Tarsus. The Hellenistic and Roman periods, Princeton, New-Jersey, 1950, vol. I, text, p. 403, pl. 276, plan 19, pl. 118, fig. 86.

[4] Cox D.H., A Tarsus coin collection in the Adana Museum, New York, 1941, pl. VI, 129-132.

[5] H. von Aulock, Munzen und Stadte Phrygiens . Teil II, IM, Beiheft 27, Ernst Wasmuth Verlag Tubingen, 1987, p. 52, Taf. 1, 2, 2.

[6] Walter H. B., Catalogue of the engraved gems, N 394.

[7] Գասպարյան Բ., Գինին հայոց ավանդական մշակույթում, Երևան 2005:

[8] Хачатрян , Неверов, 2008, 88.

[9] Мовсес Хоренаци, История Армении (пер. с древнеармянского языка, введение, прим. Г. Саркисяна), Ереван, 1990, I, 16, II, 12.        

[10] Ксенофонт, Анабасис (перевод, стстья и примечания-М.И> Максимовойк). М.-Л., 1951, IV, II, 22, IV, 9; Страбон , II, I, 14, XI, VII, 2, CV, I, 58.