Միջազգային գիտաժողով` «Հայկական լեռնաշխարհը ՝ խաղողագործության և գինեգործության նախնյաց երկիր» խորագրով

Հայաստանում անցկացվեց «Հայկական լեռնաշխարհը ՝ խաղողագործության և գինեգործության նախնյաց երկիր. Գինին որպես միջմշակութային հաղորդակցության բաղադրիչ տարբեր գիտակարգերի հատույթում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Լիլի համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Մատենադարանի,  Հայաստանի գինու պատմության թանգարանի,  և մի շարք ինստիտուցիաների համատեղ ջանքերով։ Այն միտված էր հայկական լեռնաշխարհի համապարփակ և բազմակողմանի ուսումնասիրությանը՝ որպես գինու հայրենիք։

Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը, որը նաև գիտական կոմիտեի անդամն էր, հայկական ժամանակակից գինեգործության զարգացման հարցում կարևոր է համարում միջազգային փորձի գիտական կիրառումը և մասնագիտական հետհայացքը ՝ հայկական գինեգործական անցյալին։

  • Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները սկսվել են 2023 թվականին, երբ հանդիպեցինք Լիլի համալսարանի ներկայացուցիչներից մեկի` Գարի Գալստյանի հետ։ Նրանք  առաջարկեցին Հայաստանում իրականացնել գինեգործական թեմայով գիտաժողով։ Նախապատրաստական աշխատանքներին մեզ միացան նաև ֆրանսիական մի շարք կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրի մասնակցությունն ավելի ամբողջական էր դարձնում գիտաժողովը։ 

Գիտաժողովի 3 հագեցած օրերի ընթացքում քննարկվել են տարաբնույթ միջմշակությին հագեցած թեմաներ․ զեկույցները հնչել են Երևանի պետական համալսարանում, Հայաստանի գինու պատմության թանգարանում և Մատենադարանում։

  • Գիտաժողովի երկրորդ օրը որոշեցինք անցկացնել Հայաստանի գինու պատմության թանգարանի գլխավոր սրահում` խաղողագործական և գինեգործական բացառիկ նմուշների միջավայրում։ Գիտաժողովի խորհրդի անդամները, խոսնակներն ու հյուրերը ոչ միայն շրջայց կատարեցին Հայաստանի գինու պատմության թանգարանում ու համահավաք կերպով ծանոթացան հայկական գինու պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին, այլ նաև հենց թանգարանի սրահում ներկայացրեցին իրենց զեկույցներն և ելույթները ՝  հայկական գինեգործության ու խաղողագործության թեմայով։

Միջազգային գիտաժողովը կյանքի կոչվեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

  • Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հենց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը․ Գիտաժողովի նիստերը հյուրընկալել է նաև Երևանի պետական համալսարանը, իսկ փակման պաշտոնական արարողությունը վստահված էր Մատենադարանին։ Զեկույցներում մասնավորապես ընդգծվում էր  գինու կարևորությանը ՝  որպես միջմշակութային հաղորդակցության տարր գիտությունների խաչմերուկում․ այս գաղափարի շուրջ էին հավաքվել գիտաշխատողներ աշխարհի մի շարք երկրներից,-նշեց Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը։ 

Միջգիտակարգային կոնֆերանսն ընդգրկում էր բազմազան թեմաներ, որոնք առնչվում էին հայկական գինու ինքնությանը, գինեգործական շրջաններին, սպառման միջազգային շուկաներին, տնտեսական ռազմավարություններին և էնոտուրիզմին։

 
  • Սա Հայաստանի գինու պատմության թանգարանում անցկացված երրորդ միջազգային կոնֆերանսն է․  նախորդ երկուսի օրինակով ՝ այս կոնֆերանսի վկայությունը ևս կտպագրվի միջազգային հեղինակավոր պարբերականներում, ինչը կաջակցի հայկական խաղողագործության և գինեգործության զարգացմանը նաև գիտական հիմքով։ Մշտապես լինելով գիտական նախաձեռնությունների կողքին, այս անգամ ևս իր աջակցությունը ցուցաբերեց Արմենիա Վայն ընկերությունը,- իր խոսքում նշեց Հայկ Գյուլամիրյանը։