Ի տարբերություն արվեստի մյուս տեսակների, ճարտարապետությունը հակված է իր մեջ կենտրոնացնելու ազգերի և պետությունների հավաքական կերպարը: Այն միակ արվեստն է, որտեղ միավորվում են մարդկային մեծ աշխատանքը, տեխնիկական հմտությունները և, վերջիվերջո, ստեղծագործական ոգեշնչումն ու ազգի ոգին: Զվարթնոցը այն հոյակերտ տաճարն է որի մեջ ի մի բերվեցին նրանցից դարեր աոաջ մշակված ճարտարապետական մշակույթը և շինարարական արվեստը, որտեղ հայ հանճարեղ ճարտարապետները կարողացան դրսևորել իրենց մտահղացումների ամբողջ վեհությունը: Շատ պատմիչներ են հիացել նրա գեղեցկությամբ ու վսեմությամբ. Սեբեոսի մոտ տեսնում ենք գովասանական արձագանք՝ «տաճար, որն արժանի է աստվածային պատվի», Կաղանկատվացու մոտ՝ «բազմապայծառ եկեղեցի», Ասողիկի մոտ `«զարմացուցիչըն տիեզերաց» եզրույթները:
Զվարթնոցից մեզ հասած հնագույն վկայությունը ուրարտական Ռուսա II-րդ արքայի սեպագիր արձանագրությունն է, որի մեջ խոսվում է նշանակալի ծավալի հասնող շինարարական աշխատանքների, մրգատու և խաղողի այգիներ տնկելու, գետից ջրանցք բերելու և զոհաբերություններ մատուցելու մասին:
Տաճարի ստեղծումը կապված էր Հայաստանում մշակութային վերելքի հետ՝ 5-րդ դարում գրերի ստեղծման, Դվինի՝ արհեստների և առևտրի քաղաք դառնալու, մշակույթի զարգացմամբ՝ գրականության և թարգմանչաց արվեստի տեսքով, որը հանգեցրեց համընդհանուր մշակութային վերածննդի: Բայց, մյուս կողմից, տաճարի կառուցման ընթացքում քաղաքական իրադրությունը լարված էր՝ այն էր արաբական արշավանքներն ու Բյուզանդիայի իշխողական ձգտումները: Հենց այս բարդ շրջանում է Ներսես III-ը ընտրվում կաթողիկոս, ով նախկինում եղել էր զորապետ ու կրթություն ստացել Բյուզանդիայում: Ներսես կաթողիկոսն իր վրա պարտականություն է վերցնում ոչ միայն հանդարտեցնել լարված իրավիճակն, այլև զբաղվել ծավալուն շինարարական գործունեությամբ, ինչի պատվին ստացավ ‹‹Շինարար›› մականունը:
Տաճարի կառուցումը սկսվել է 641-643 թվականներին ընդուպ մինչև 652 թվականը: Տաճարի անվան բառացի թարգմանությունն է՝ «զվարթունների բազմություն», որը կապված է տվյալ տեղանքի և այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների հետ: Սեբեոսը հիշատակում է, որ ժամանակին այստեղ են հանդիպել Տրդատ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը: Ներսես III-ը հենց այս պատճառով է ընտրում իրեն աթոռանիստ տվյալ վայրը: Համալիրի Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել Կոնստանտին II-ը, ով, խիստ զարմացած լինելով նրա գեղեցկությամբ, ցանկանում է նույնպիսի մի տաճար կառուցել Կոնստանդնուպոլսում:
Չնայած նրան, որ տաճարը չի պահպանվել մինչ մեր օրերը, համառ վեճերն ու հետաքրքրությունն ամենևին չեն դադարում նրա շուրջը: 20-րդ դարում առաջինը, ով փրկեց տաճարը մոռացությունից Թորոս Թորամանյանն էր՝ տաճարի վերակազմության նախագծի հեղինակը: Տաճարի հարավ-արևմուտքում այժմ գտնվում են Կաթողիկոսական պալատի և նրա բնակելի հատվածների ավերակները։ Պալատը բաղկացած էր երկու մասից, որոնք միացված էին միջանցքով` արևմտյան հատվածում տեղակայված են հանդիսությունների սրահներ իսկ արևելքում` տնտեսական նշանակության կառույցներ ինչպես նաև ծավալուն հնձան։ Զվարթնոց տաճարի շուրջը Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից այգիներ տնկելու մասին հաղորդում են միջնադարյան հայ պատմիչներ Սեբեոսը և Հովհաննես Դրասխանակերտցին: Գինու մեծածավալ հնձանը բացվել է Թորոս Թորոմանյանի պեղումներով` 1931 թվականին։ Այն VII դարում կառուցված շինություն է, սրբատաշ տուֆե հաստ պատերով, ուղղանկյուն հատակագծով, որը կազմված է երկու բաժանմունքից և սրանց միջև առկա երկար միջանցքից։ Հնձանի բոլոր տաքարների ընդհանուր տարողությունը կազմել է շուրջ 22 հազար լիտր։
Ըստ ճարտարապետական վերակազմության տաճարը շրջանաձև ռոտոնդա է: Այդ շրջանում, հայ միջնադարյան ճարտարապետության մեջ տարածված էին խաչաձև-կենտրոնագմբեթ եկեղեցիները, որոնք ունեին ուղղանկյունաձև կամ քառանկյուն հիմք: Զվարթնոցի պարագայում, որպես հիմք, քառակուսու փոխարեն ընտրվում է շրջանը, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է, և տաճարը հանդես է գալիս որպես ինքնատիպ փորձարարություն: Տաճարի արտաքին տեսքը զարմացնում էր իր վիթխարիությամբ՝ մեկը մյուսի վրա դրված համաչափորեն փոքրացող գլանների տեսքով: Այստեղ, իհարկե, տեղ են գտնում հայկական հանրածանոթ խորհրդանիշները՝ խաղողի վազը, նռան պտուղներն ու բուսաերկրաչափական պատկերաքանդակները:
Տաճարի արտաքին կամարաղեղների վրա քանդակված խաղողի ոստի առանձին հատվածներ գրեթե կազմում են լրիվ կիսաշրջաններ, և միայն հարևան գալարների հատման տեղերում է, որ ընդհատվում և թեքվում են տարբեր ուղղություններով: Այսպես, տերևին սովորաբար հաջորդում է խաղողի միաճյուղ ողկույզը, հետո գալիս է նորից տերև ու խաղողի երկճյուղ ողկույզը։ Ողկույզները, առանց բացառության, կախված են վերևից, իսկ տերևները դեպի վեր են բարձրանում ոստի ներհակ ճյուղերից, իսկ որթերի մանրամասները մշակվել են այնպես, որ դրանցից ոչ մեկը նույնիսկ մոտավոր նմանություն չունի մեկ անգամ արդեն ընտրված կոմպոզիցիային: Հարևան կամարաղեղների հատման կետերում, ուղիղ որմնասյուների վրա, դրված են մեծածավալ քարեր։ Ահա այդ քարերի վրա են մեծ հետաքրքրություն ներկայացնող այն պատկերաքանդակները, որոնք իրենց բնույթով եզակի երևույթ են հայկական ճարտարապետության մեջ և V— VII դարերի զարդարվեստում մասնավորապես։ Պատկերաքանդակներից (թվով 32) մեզ են հասել ընդահմենը ինը: Պատկերաքանդակներում, որպես կանոն, մարդիկ ներկայացված են շինարարական գործիքները ձեռքերին։ Գործիքներից պատկերված են սրածայր բահ և երկու տեսակի մուրճեր` կեռ և ուղղանկյուն գլուխներով։ Ըստ Թորոս Թորամանյանի այս պատկերաքանդակները պատկերում են եկեղեցու շինության ժամանակակից աշխատավոր, եկեղեցական և աշխարհիկ անձերի բարձրաքանդակները:
Կարևոր է նշել, որ քրիստոնեական շատ գաղափարներ յուրացվել են հայ մշակույթի կողմից՝ ազգային աշխարհայացքի օգնությամբ։ Միջնադարյան հայաստանի նյութական մշակույթում մեծ նշանակություն ունեն խաղողի որթի և ողկույզների, նռան թփերի և ողկույզների քանդակային հորինվածքները։ Հայ վարդապետները քրիստոնեության գաղափարները քարոզելիս լայնորեն օգտվել են ժողովրդական աշխարհընկալման համակարգից, որտեղ բացառիկ էր այգու դերը։ Այգային պատկերացումների արտահայտման լայն դաշտ էին ստեղծում և նորկտակարանային մի շարք դրվագներ․ երկնային թագավորությունը որպես խաղողի այգի, Քրիստոսը որպես ճշմարիտ որթատունկ «Ես եմ որթն ճշմարիտ․․․ Ես եմ որթ՝ և դուք ուռ․․․», գինին որպես աստվածային արյուն, արդար դատաստանը որպես հոգի ողկույզների հավաքում և ճզմում աստվածային հնձանում, Աստված որպես վերին այգեպան։
Զվարթնոցի մասին խոսել են այն բոլոր ուսումնասիրողները, որոնք այս կամ այն առիթով անդրադարձել են հայկական ճարտարապետության պատմությանը: Այս հանգամանքը, իհարկե, պատահսական չէ, որովհետև հայտնի դաոնալով քսաներորդ դարի աոաջին կեսին, Զվարթնոցն իր վրա գրավեց շատ գիտնականների ուշադրությունը և իր արժանի տեղը գտավ ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ: