ԳԻՆՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Scroll down

Հայոց իրավական մտածողության տարրերը դեռևս գալիս են հայ ժողովրդի կազմավորման ժամանակաշրջանից: Իրավունքը մարդկության պատմական զարգացման ընթացքում ձևավորված գիտելիքների համակարգ է, որը փոխազդեցությունների շնորհիվ հաղթահարել է քաղաքական և պետական սահմանները՝ ծառայելով հասարակության տարբեր շերտերի, հատկապես՝ կառավարող շրջանակների շահերին:

Միջնադարյան Հայաստանում եկեղեցու գաղափարախոսական հիմքը Աստվածաշունչն էր, որի մեջ ամրագրված բարոյախրատական նորմերը ձևավորում էին  օրենքների հիմքը: Հայոց միջնադարյան իրավական միտքը արտացոլվել է 5-րդ դարից սկսած հայկական մատենագրության մեջ ներառված համաեկեղեցական և համահայկական ժողովների կանոններում ու որոշումներում, որոնց թվում էին Կեսարիայի, Անտիոքի, Եփեսոսի, Շահապիվանի, Դվինի, Պարտավի, Շիրակավանի, Սսի և այլ ժողովները։

7-րդ դարի սկզբում Հովհան Օձնեցին միավորում է մինչ այդ հայտնի կանոնական սահմանումները և կազմում հայոց իրավաբանական փաստաթղթի առաջին ժողովածուն` Կանոնագիրքը: Վերջինիս հիման վրա եկեղեցաքաղաքացիական օրենսդրական հուշարձանի ստեղծման առաջին փորձը Դավիթ Ալավկաորդի Գանձակեցու «Կանոնական աւրէնսդրիթիւն» աշխատությունն է, որը մեզ է հասել մի քանի խմբագրություններով, որոնցից միայն մեկն է փաստորեն հրատարակված[1]:

12–13-րդ դարերի սահմանագծին Հյուսիսային Հայաստանում, Զաքարյան իշխանական տան աջակցությամբ, ստեղծվեց հայ աշխարհիկ իրավունքի առաջին քաղաքացիական իրավական ժողովածուն՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Բացառիկ է նաև Կիլիկյան հայկական թագավորության  նշանավոր պետական գործիչ, պամտիչ և զորահրամանատար Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ) ստեղծած դատաստանագիքրը:

Այսպես, գինին և գինու հետ կապված տարատեսակ երևույթներ իրենց արտացոլումն են գտել միջնադարյան կանոնական և իրավագիտական մի շարք ասպարեզներում, որոնց հիմնական դրույթները վերաբերվում են բնականաբար գինու չարաշահման նորմատիվներին: Եկեղեցու նշանավոր հայրապետների կաննոներից մեկը սահմանում է, որ եթե եպիսկոպոսը, երեցեը կամ սարկավագը գինարբուքով զբաղվեր` պետք է կարգալույծ արվեր: Կարգալույց էր արվում նաև այն հոգևորկանը ով պատարագին սուրբ սեղանին գինու փոխարեն այլ բան մատուցեր: Մեկ այլ կանոն սահմանում էր, որ Աստծո նզովքին էին արժանանում գինեմոլ կանայք և հարբած վիճակում Աստծո տուն՝ եկեղեցի մտնողը, սուրբ սեղանին ջրախառը գինի դնողը։

Մխիթար Գոշի «Դատաստանագիրքում», ի տարբերություն եկեղեցական կանոնների, առավել ընդգծված կերպով արտացոլվում են աշխարհիկ կյանքի իրողությունները, այդ թվում՝ գինու օգտագործման, դրա հետ կապված վեճերի և իրավական հետևանքների վերաբերյալ մի շարք դրույթներ։ Առևտրի կանոնակարգմանը նվիրված հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ տարբեր սննդամթերքների գների փոփոխության գործընթացի համար որպես օրինակ և չափանիշ առավել հաճախ ծառայում են հացն ու գինին։ Այսպիսով, առավել ակնհայտ է դառնում, որ նույնիսկ նորկտակարանյան կանոններով ձևավորված պատկերացումները խորապես ներգծված են աշխարհիկ իրավական դրույթների մեջ։ Համաձայն տվյալ իրավական նորմի՝ հացի և գինու գների կարգավորումը պետք է իրականացվեր՝ հաշվի առնելով տվյալ տարվա բերքատվության աստիճանը, մինչդեռ գների փոփոխության վերաբերյալ վերջնական որոշումը վերապահված էր թագավորի կամ իշխանի իրավասությանը։ Ի մասնավորի Դատաստանագրքում հարբած վիճակում կատարված հանցագործությունների նկատմամբ որդեգրված է բացառիկ խստության սկզբունք։ Նման դեպքերում ներում կամ պատասխանատվության մեղմացում չի նախատեսվում, քանի որ հարբեցողությունը դիտարկվում է ոչ միայն որպես հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք, այլև որպես ինքնին դատապարտելի վարքագիծ։ Այս մոտեցումը վկայում է, որ գինու օգտագործման նկատմամբ օրենսդրի վերաբերմունքը երկակի էր․ մի կողմից այն հանդիսանում էր տնտեսական և առօրյա կյանքի կարևոր բաղադրիչ, իսկ մյուս կողմից՝ դրա չարաշահումը դիտվում էր որպես հասարակական կարգի և բարոյական նորմերի խախտման պատճառ։ Միևնույն ժամանակ Դատաստանագիրքը զգալի ուշադրություն է հատկացնում գինու արտադրության, պահպանման և առևտրի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը։ Հատկապես ուշագրավ է գինու կարասների առքուվաճառքին վերաբերող դրույթը, որը բացահայտում է միջնադարյան Հայաստանի տնտեսական կյանքի գործնական առանձնահատկությունները։ Օրենսգիրքը սահմանում է, որ կարասի վաճառքը համարվում է իրավաբանորեն ավարտված և անվիճելի միայն այն դեպքում, երբ գինով լցված անոթը մեկ տարվա ընթացքում չի հոսում, չի ծորում և չի ի հայտ բերում որևէ թերություն։ Հետևաբար, գործարքի վերջնական հաստատումը կախված էր ոչ թե միայն կողմերի համաձայնությունից, այլև վաճառվող ապրանքի որակի և գործնական պիտանելիության ստուգումից։ Եթե կարասը վնասվում է և գինին հոսում է կավի վատ թրծման պատճառով, ապա բրուտը կարասը պետք է ետ վերցնի և հատուցի վնասի առնվազն կեսը։ Այս դրույթը վկայում է, որ գինին միջնադարյան հայկական հասարակության մեջ ոչ միայն սպառման առարկա էր, այլև տնտեսական արժեք ունեցող արտադրանք, որի պահպանությունն ու անվտանգ տեղափոխումը պահանջում էին հստակ իրավական կարգավորում։ Կարասի ամրության և հուսալիության նկատմամբ նման ուշադրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գինու կորուստը կարող էր հանգեցնել զգալի նյութական վնասների։ Ուստի օրենսդիրը ձգտել է պաշտպանել ինչպես գնորդի, այնպես էլ վաճառողի շահերը՝ սահմանելով գործարքի իրավական ուժի համար հստակ և չափելի չափանիշներ։ Այս տեսանկյունից գինու հետ կապված դրույթները կարևոր վկայություն են ոչ միայն իրավական մշակույթի, այլև ժամանակի տնտեսական կյանքի, գինեգործության զարգացման և առևտրային հարաբերությունների բարձր կազմակերպվածության մասին։ Հետաքրքրական է որ այս սահմանումը առկա է նաև 13-րդ դարի մյուս նշանավոր օրենսգետ՝ Սմբատ Սպարապետի դատաստանագրքում։

Ուշագրավ է նաև Մխիթար Գոշի հորդորը, որը վերաբերում է հարևանի խաղողի այգի մտնող անձին։ Ըստ այդ դրույթի՝ թույլատրելի էր տեղում ուտել այնքան խաղող, որքան անհրաժեշտ էր քաղցը հագեցնելու համար, սակայն խստիվ արգելվում էր խաղողը որևէ ամանի մեջ հավաքել և դուրս տանել այգուց՝ անկախ նրանից՝ անձը քաղցած էր, թե արդեն կուշտ։ Այս իրավական սահմանումը նպատակ ուներ հավասարակշռել անհատի բնական կարիքների բավարարումն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Մի կողմից այն արտահայտում էր մարդասիրական մոտեցում՝ թույլատրելով անցորդին օգտվել այգու բերքից իր անմիջական կարիքը հոգալու չափով, իսկ մյուս կողմից կանխում էր հնարավոր չարաշահումները՝ պաշտպանելով այգետիրոջ և գինեգործի տնտեսական շահերը։ Հետևաբար, տվյալ դրույթը ոչ միայն կարգավորում էր հարևանական հարաբերությունները, այլև հանդես էր գալիս որպես գյուղատնտեսական արտադրության և մասնավոր սեփականության պահպանության կարևոր իրավական երաշխիք։

[1] Աբրևահամյան Ա., Դավիթ Ալավկաորդու կանոնները, «Էջմիածին», 1952թ: