Գինին համարվում է մարդկության պատմության մեջ ամենախորհրդավոր ըմպելիքներից մեկը՝ բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնց հետ միախառնված են դրամաներ և պատերազմներ, կրոնն ու քաղաքականությունը: Ինչպե՞ս է ստացվել, որ այս հասարակ ըմպելիքն այսքան հանրաճանաչ է դարձել դեռ հին ժամանակներից և ինչու է հենց նա արժանացել ոչ միայն արտոնյալ դասի, այլ նաև արվեստի մարդկանց՝ նկարիչների և գրողների ուշադրությանը: Այս բազմատեսակ և անուշաբույր խմիչքը բազմադարյա պատմություն ունի, որը հագեցած է ոչ միայն չոր թվականներով, այլև յուրահատուկ խորհրդանշերով և գունազարդ կտավներով: Սովորաբար գինին իր մեջ փիլիսոփայական մտորումների համար գեղեցիկ թեմաներ է պարունակում. Մի կողմից՝ նրա գործածությունը ժամանակավորապես մարդուն ազատում է երկրային հոգսերից՝ տալով հաճելիագույն մի անդորր, բայց, մյուս կողմից, չափից դուրս օգտագործումը բերում է ոչ ադեկվատ վիճակի, որտեղ իրականությունը խառնվում է երևակայականի հետ: Վերջինս առօրյա կյանքում կոչվում է <<արբեցում>>: Այս ըմպելիքը, որը դեռ հին ժամանակներում թույլատրվում էր օգտագործել միայն բարձր խավի ներկայացուցիչներին, կարծես մի հնարիմաց եղանակ էր՝ իրենց չափի զգացումի ստուգման համար: Եվս մեկ առանձնահատկություն. Չափից ավելի օգտագործումը կարծես <<բացում է լեզուն>>, ինչը հին հույներին բերեց մի իմաստուն մտքի՝ <<ճշմարտությունը գինու մեջ է>>: Երբ մարդկային միտքն ամեն կերպ փորձում է վերահսկել և դիմադրել իր մտքերն ամբողջովին արտահայտելուն, գինին այդ ժամանակ առաջ է գալիս որպես իմաստության կախարդական խմիչք, որն ըմպելու ընթացքում անհետանում են և ՛ կեղծավորությունը, և ՛ երկերեսանիությունը, և ՛ ստելու հակվածությունը:
Հատկապես հայկական մշակույթում գինին ու գինեգործությունը կարևոր տեղ են զբաղեցնում: Նրանց համար գինին ուղղակի հավաստիացման միջոց չէ, այն սրբազան ըմպելիք է, որի պատմությունն իր արմատներով գնում է դեպի քրիստոնեական ավանդավարքեր: Ինպես հայտնի է, առաջին խաղողի վազը Նոյն է տնկել: Եթե այս իրադարձությունը փորձենք մեկնաբանել սիմվոլիկ տեսանկյունից, այն իրենից ներկայացնում է Աստծու նվերն ու հատուցումը մարդկանց՝ իրենց հավատի և համբերության համար: Աստվածաշնչյան կոնտեքստում գինին իր մեջ կենտրոնացնում է աստվածային պարգևի գաղափարը՝ ուղղված մարդկությանը: Քանի որ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին (իսկ այս լեռը ոչ միայն Աստվածաշնչում է սրբացվում, այլ նաև Հայաստանի խորհրդանիշն է համարվում), ապա այս իրադարձությունը առիթ է տալիս ենթադրելու, որ հենց Հայաստանն է համարվում գինու հայրենիքը: Դրանից ելնելով՝ հայերը գինուն մեծ պատկառանքով ենք վերաբերվում: Վերջինս արտահայտվում է արվեստում՝ տարբեր մոտիվների և թեմաների տեսքով: Հատկապես հարավային կոլորիտը նպաստում է բնության պարգևների արտահայտիչ փոխանցմանը՝ առանձնապես խաղողի: Հայ վարպետներն իրենց հագեցած պալիտրայի միջոցով փոխանցում են խաղողի բերքի հավաքման կլանող ընթացքը՝ հիանալով դրանց հյութեղությամբ: Օրինակ՝ Մարտիրոս Սարյանի ու Մինաս Ավետիսյանի աշխատանքներում, որոնք փոխանցում են Հայաստանի կոլորիտային լայնարձակությունները, կարելի է գտնել խաղողով նատյուրմորտներ,
‹‹Խաղողներ›› Մ. Սարյան 1911
Բոլոր սարյանական նատյուրմորտներն իրենց մեջ մարմնավորում են մի մեկ պարզ գաղափար՝ բաբախող ու անմահ կյանքը: Բայց, ի տարբերություն մյուս նատյուրմորտների, այստեղ կոլորիտն ավելի լակոնիկ է: Սակայն Սարյանին հաջողվում է սուղ պալիտրայի սահմաններում ցույց տալ մրգերի հյութեղությունը: Արևի շողերն ընկնում են նրանց վրա՝ ուժեղացնելով թարմության ու բնականության զգացողությունը: Կոմպոզիցիոն առումով սև խաղողը կենտրոնական տեղ է զբաղեցնում, որի գույնն իրեն ավելի զանգվածային ու հյութեղ է դարձնում: Իսկ մյուս ատրիբուտները միայն ծառայողական բնույթ են կատարում՝ կոմպոզիցիան բերելով հավասարակշռվածության և ՛ գունային, և ՛ կոմպոզիցիոն առումով: Այս նատյուրմորտը մտնում է մաեստրոյի միջին շրջանի մեջ, երբ նկարիչն արդեն ծանոթացել էր ֆովիզմի հետ և հենց նրանում գտել իր հարավային խառնվածքի արտահայտման միջոցը. Վերջինս արտահայտվում է ուժեղ գունային ցայտերանգությամբ, ճիշտ ընտրված հարաբերակցություններով ու թեթև կոմպոզիցիայով:
‹‹Խաղողով նատյուրմորտ›› Մ. Ավետիսյան
Եթե Սարյանի արվեստում ամեն ինչ ենթարկվում է հարմոնիայի և հավասարակշռության կանոններին, ապա Մինասի մոտ ամեն ինչ հակառակն է. Էքսպրեսիան, վառ խառնվածքը գերակայում են գծի և կոմպոզիցիայի վրա: Եթե Սարյանի մոտ նատյուրմորտը հանգստության, խաղաղման հաղորդիչն է, կյանքի հիմնն է, ապա Մինասի մոտ՝ լարված մտքի ու էմոցիայի արտահայտումն է տարածականության մեջ: Նրա կտավում սարյանական հանգստությանը տեղ չկա, այստեղ միայն հակադրություններ են: Վերջինիս են ավելանում պաստոզությունը, ինչը աշխատանքն իսկապես դարձնում է շնչող, չնայած իրերի ստատիկությանը: Եթե Սարյանի նատյուրմորտն ընդգծում է բնության առատությունը, ապա Մինասն ամենևին նման նպատակ չի դնում իր առջև: Նրան ավելի շատ գրավում է վառ կարմիրի, մուգ կապույտի և դեղնականաչի համադրությունը: Սարյանի նատյուրմորտն ավելի ստատիկ է, ինչը համապատասխանում է նրա կյանքի փիլիսոփայությանը: Իսկ ինչ վերաբերում է Մինասի աշխատանքին, և՛ գույնը, և ՛ կոմպոզիցիան ենթարկվում են դինամիկային:
‹‹Սև խաղող›› Բ. Քոլոզյան 1957 թ.
Վրձնի վարպես, հիասքանչ նկարիչ Բ. Քոլոզյանը նույնպես առավելագույնս ուշադիր է բնությանն ու նրա բարիքներին, ինպես Սարյանը, բայց, ի տարբերություն վերջինիս, նրա գործերը բառացիորեն առատ են մրգերով, կարծես կտավը սահմանափակում է նրանց՝ թույլ չտալով փոխանցել բնության ողջ հարստությունն ու առատությունը: Նկարիչն իր նատյուրմորտում հակադրում է խաղողի սևաթույր կապույտը սավանի ճերմակության հետ՝ ստեղծելով անսահմանության և տարածության անսահմանափակության խաբկանք: Այստեղ բոլոր կողմերից կարծես ամեն ինչ հոսում է, իսկ փոքրիկ ափսեում անգամ հույս չկա, որ խաղողները կկարողանան տեղավորվել:
Ռուզաննա Լազարյան