ԱՐՑԱԽԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՈՂԿՈՒԶԱԿԻՐ ԱՆՈԹՆԵՐԸ

Scroll down

Արցախի Տիգրանակերտի անտիկ ժամանակաշրջանի (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 3-րդ դդ.) նյութական և հոգևոր մշակույթի ուսումնասիրության առումով մեծ աղբյուրագի­տա­կան նշանակություն ունի վերոհիշյալ ժամանակաշրջանի խեցեղենը, որը մոտ մեկ ու կես տասնամյակ ընթացող պեղումների ամենաառատ հնագիտական նյութն է:

Այն, բացի ձևերի բազմազանությունից հանդես է բերում նաև մեկ այլ առանձնահատկություն. ներկայանում է շքեղ գունազարդ, սև և մոխրագույն, փայլեցված, դրոշմազարդ և փորագիր զարդերով հարդարված տեսակներով: Այս շարքում թեև փոքրաքանակ, բայց յուրահատուկ խումբ են կազմում դրոշմազարդման եղանակով հարդարված անոթները, որոնք կարող են լույս սփռել Տիգրա­նակերտի մշակութային նորամուծությունների, առևտրա-մշակութային կապերի և տարածաշրջանում նրա խաղացած մշակութային դերա­կատար­ման վրա:

Դրոշմազարդ խեցեղենի բացառիկ օրինակներ են Տիգրանակերտի պեղումներով տարբեր տարիներին հայտնաբերված ներքուստ ողկուզակիր գոտիներով հարդար­ված սև, հայելափայլ արտաքինով գավաթների, ըմպանակ-փիալաների և թասի բե­կոր­ները (նկար 1): Այս անոթներն անվանում ենք ողկուզակիր, նկատի ունենալովոր կոնաձև, սուր գագաթով դեպի ներքև ուղղված, կլոր գնդիկ­նե­րով լցված դրոշմազարդ պատկերներն ամենայն հավանականությամբ խաղողի ող­կույզ են ներկայացնում:

Տիգրանակերտում հայտնաբերված երեսունից ավելի ողկուզակիր օրինակների քննությունը պարզում է, որ անտիկ վարպետները դրոշմազարդումն իրականացրել են կոնաձև, երեքից տասնմեկ հատիկներից կազմված ողկույզներ պատկերող առնվազն ինը դրոշմիչով: Ընդ որում՝ որոշ դեպքերում միևնույն քանակի հատիկներից բաղկացած ողկույզները հատիկների տարբեր դասավորվածություն ունեն (օրինակ՝ վեց կամ ութ հատիկների դեպքում): Վերոհիշյալ մոդիֆիկացված տարբերակների բազմա­զա­նութ­յան հետ մեկտեղ Տիգրանակերտում դեռևս չեն հայտնաբերվել խեցեղենի դրոշ­միչներ: Դրանց արտաքին տեսքի մասին կարելի է պատկերացում կազմել Արևմուտքի անտիկ հուշարձաններից հայտնի օրինակներով (նկար 2): Կիրառման համար հարմարա­վե­տութ­յամբ պայմանավորված՝ խեցանոթների դրոշմիչներն ունեցել են երկար բռնակ­ներ, որոնց երբեմն մեկ, երբեմն էլ երկու աշխատող ծայրերը փորագրազարդ են եղել: Դրոշմազարդումն իրականցվել է անոթների պատրաստման գոր­ծըն­թացի այն փուլում, երբ խեցանոթների կավը դեռ խոնավ և փափուկ է եղել, այսինքն՝ մինչև պատրաստի արտադրանքի լրիվ չորացումը:

Տիգրանակերտի խնդրո առարկա սևափայլ անոթները ներքուստ շրթեզրից 1,5-2,0 սմ ցած ունեն իրարից 1,5 սմ հեռավորությամբ ձգվող փորագիր հորիզոնական գոտիներ, որոնց արանքում, անոթի ողջ շրջագծով դրոշմված են ողկույզների ռիթմիկ կրկնվող պատկերներ: 2013 թ.-ին Անտիկ առաջին քաղաքային թաղամասի պեղումներով հայտնաբերված ամբողջացող գավաթի միակ ողկուզա­կիր գոտին տեղադրված է անոթի հատակամերձ հատվածում (նկար 3): Դրա և շրթեզրից 2,5 սմ ցած համակենտրոն գծի միջև առաջացած մոտ 5 սմ լայնությամբ գոտին հարդարված է ներգծված փորագրազարդ եռանկյունիներով: Ընդ որում, հորիզոնական գծերի մեջ ներգծված մեկ և ավելի եռանկյունիների համաչափ կրկնությամբ ստացված զարդամոտիվը Տիգրա­նա­կերտի վարպետների կողմից սիրված և գունազարդ խեցեղենի վրա լայն կիրառում ունեցող զարդապատկերներից է:   

Երբեմն միևնույն անոթի ներսում առկա են միաժամանակ երկու ողկուզակիր գոտիներ: Ընդ որում՝ դրոշմազարդ առաջին գոտին երբեմն դրվում էր շրթեզրին շատ մոտ, ինչպես ըմպանակներից մեկի դեպքում է: Ողկուզակիր երկրորդ գոտին զետեղվում էր անոթի ստորին մասում՝ ընդգծելով հատակը: Որոշ նմուշների դեպքում շուրթի երիզն էլ է ընդգծված փորագիր շատ նուրբ գոտիով: Հայտնի են նաև շուրթն ակոսագծով ձևավորված մի քանի օրինակներ: Հայտնաբերված խեցանմուշների վրա ողկույզները փորագիր հորիզոնական գոտիների մեջ հիմնակա­նում մեկ շարքով են դրոշմված, սակայն հանդիպում են օրինակներ, որոնց շուրթից ներքև գոտին հարդարված է ողկույզների շախմատաձև դասավորված երկու շարքով (նկար 4):

Այս ողկուզակիր անոթները ստեղծվել են ձևի, կիրառա­կան նշանակության, զարդապատկերի միասնական ամբողջականության մեջ:  Նյութի քննությունը ցույց է տալիս, որ ողկույզներով դրոշմվել են բացառապես բաց անոթները, որոնք նախատեսված են եղել հեղուկ/գինի ըմպելու համար: Խաղողի ողկույզներ կրող գավաթներն ու փիալա­ներն այն բանի վկայությունն են, որ Տիգրանակերտում անտիկ ժա­մա­նակա­շրջանում զարգացած է եղել գինեգործությունը: Այս եզրակացությունը հաստատելու են գալիս Տիգրանակերտի Ամրաց­ված թաղամասի արևելյան ստորոտում 2012 թ. պեղումներով բացված՝ խաղողը ճզմելու բազմանկյուն հարթակ առագաստից և հորից բաղկացած ժայռափոր հնձա­նը, հուշարձանի բոլոր պեղա­վայրերից հայտնաբերված անտիկ կարասների, գունա­զարդ սափորների և գավաթների հարյուրավոր բեկորները, Անտիկ առաջին քաղաքա­յին թաղամասից գտնված կապույտ ապակուց խաղողի ողկույզ պատկերող նրբագեղ կա­խիկը, ինչպես նաև խաղողի (Vitis vinifera) կենսա­հան­քայ­նացած կամ ածխացած կորիզների գտածո­ների հնա­բու­սա­­բանական անալիզների տվյալները, հա­մա­ձայն որոնց՝ Տիգրա­նա­­կեր­տում անտիկ շրջանում մշակել են առնվազն երկու տե­սա­կի խաղող՝ տեխնիկական և սեղանի:

Տիգրանակերտյան ողկուզակիր անոթների ողջ հորինվածքի նրբագեղ կատարումը, սևափայլ մակերեսը, որը ձգտում ունի թողնելու սև լաքապատման տպավորություն, այս անոթներին տալիս է յուրահատուկ գեղեցկություն և հիմք է տալիս ենթադրել, որ դրանք կիրառվել են հատուկ նպատակով:

Արմինե Գաբրիելյան

Պ.գ.թ., ՀԱԻ գիտաշխատող