Քրիստոնեական տոնը: Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը նաև հայտնի է որպես Խաղողօրհնեք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Այն Մարիամ Աստվածածնին նվիրված ամենահին տոնն է և առանձնանում է իր քրիստոնեական պատմական շերտերով և կենցաղային, մշակութաբանական ավանդույթներով, որոնք սկզբնավորված լինելով վաղնջական ժամանակներից շարունակաբար զարգացել են Քրիստոնեության միջավայրում: Վերափոխման տոնը նշվում է տվյալ տարվա օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Պատարագի ընթացքում հավատացյալները մասնակցում են աղոթքի և եկեղեցական ընթերցումների, որոնք ընդգծում են Աստվածածնի աստվածային առաքելությունը և հավատացյալների նվիրվածությունը: Հայ Առաքելական Եկեղեցում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը առանձնանում է այն փաստով, որ այն պատահում է տարվա այն ժամանակ, երբ հասունանում է խաղողը։ Այս ժամանակաշրջանը միավորում է հեթանոսական խաղողի օրհնության ավանդույթները քրիստոնեական հավատքի հետ։ Տոնի օրը Պատարագից հետո անցկացնում են խաղողօրհնեքի արարողություն, որի ընթացքում օրհնվում է ամբողջ տարվա բերքը, և միայն օրհնությունից հետո կարելի է ճաշակել խաղողը։ Օրհնված պտուղներից պատրաստում են նաև օրհնված գինի, որը պահվում է մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես բարիք, առատություն և բարեկեցություն խորհրդանշող միջոց։
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի և Խաղողօրհնեքի կապը: Դրախտից արտաքսվելուց հետո, քանի որ մարդը կարգված էր իշխելու ողջ երկրի վրա, նրա անեծքով անիծվեց նաև իր իշխանության ներքո գտնվող ամբողջ ստեղծագործությունը՝ երկիրը իր կենդանական ու բուսական աշխարհով հանդերձ։ Սակայն օրհնությունը մնաց բոլոր կենդանի արարածների վրա։ Պտուղներից առանձնակի կերպով օրհնվեց խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը բարձրացրեց և առավել պատվեց մյուս բոլոր տնկիներից վեր՝ Իրեն Խաղողի անունը տալով, ըստ աստվածային խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին` Ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Այդպիսով խաղողը կրկնակի օրհնություն ստացավ: Այդ պատճառով Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը։ Այդ ընթացքում սարկավագի քարոզով գոհություն ենք հայտնում բարերար Աստծուն՝ մեզ առատորեն պարգևած դաշտերի ու այգիների բերքի համար և աղաչում ենք, որ Նա օրհնի տաճարին բերված պտուղները իր նախնական օրհնությամբ ու շնորհ տա մեզ դրանք ընդունելու՝ որպես ուրախություն պարգևող գինի և առողջություն բերող կերակուր՝ հոգու և մարմնի համար՝ Քրիստոսի շնորհով
Պատմական ակնարկ: Դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տարածված էր «Տոն արմտեաց և պտղոց» տոնը: Այդ ծեսի ժամանակ տարվա առաջին բերքը նվիրաբերվում էր տվյալ ծեսն իրականացնող ժողովրդի դիցարանում պտղաբերությունը մարմնավորող աստվածությանը՝ ի նշան հնազանդության, հպատակության, երախտագիտության և առաջիկա տարվա բերքի առատության: Նախաքրիստոնեական շրջանում հայոց դիցարանում պտղաբերության աստվածությունը Անահիտն է եղել, որի տոնը Նավասարդի (Օգոստոսի) տասնմեկին էր: (Կարապետյան 1998, 182): Անահիտի այս գլխավոր տոնը մեծ շքեղությամբ կատարվում էր Երիզա գավառում, որին մասնակցում էին նաև թագավորներն իրենց շքախմբերով (Մելիք-Փաշայան 1963, 136):
Այսինքն՝ դեռ հնադարում էլ տոնն ու ուղեկցող ծեսերն իրականացվում էին օգոստոս ամսվա կեսերին: Հարկ է նկատել, որ ընդհանրապես առաջնապտղի՝ տարվա մեջ առաջին անգամ ծիսակարգով ճաշակման մասին հայ բանահյուսության մեջ բանավոր վկայությունները բազաթիվ են, հատկապես չափածո ստեղծագործություններում, օրինակ՝ «Ա՛խ Նուբար, թաժա նուբար» (Մելիքյան, 1949, 220), կամ՝ «Հայ Նուբար, Նուբար, Նուբար» (Բենսե 1972, էջ 88): Ս. Հարությունյանը նշում է, որ «նուբար» բառը պարսկերենում նշանակում է «Նոր պտուղ» (Հարությունյան 2001, 50), նկատի ունենալով հայերենի ու պարսկերենի սերտ հարաբերակցությունը, համեմատականը միանշանակ տեղին է: Առհասարակ, խաղողի նման պտուղը, որից միաժամանակ ստանում էին գինի, օղի, հյութ, չիր ու չամիչ և օգտագործում այլ ուտեստների մեջ, բնականաբար պետք է գովեստի արժանանար, առավել քան որևէ միրգ.
Հառաջ զխաղողն տնկեցին,
Եվ բարձրաձայն զայն գովեցին (Կոստանյանց 1892, 41-47):
Խաղո՛ղ, զքեզ գովել պիտի,
Անմահության պտուղ ես դու:
Զքեզ քաղեն, տանին հնձան,
Ճմլեն զքեզ ու տան յիրար,
Տանին լնուն զքեզ կարաս (Կոստանյանց 1892, 46-47):
Բանասերներից ոմանք Խաղողօրհնեքի տոնի ակունքները փնտրում են Վանի թագավորության շրջանում՝ հիշատակելով Վանի թագավորության շրջանից հայտնի Մհերի Դռան արձանագրությունում բազմիցս հիշատակվող Խալդյան տոները, «որոնցում խաղողուտ հիմնելու, խշմարելու, էտելու, խնամելու, բերքահավաքի զանազան ծեսեր էին կատարվում» (Հմայակյան 1990, 76):
Ազգագրագետ Սամվել Մկրտչյանը նույնպես ուշադրություն է հրավիրում տոնի նախապատմական և քրիստոնեության սկզբնավորման զուգահեռների վրա՝ իր հերթին մեջբերելով Մհերի դռան վրա հիշատակված «խաղողի ու բերքահավաքի» տոնը, «որը ժամկետային ու բովանդակային առումով որոշակի ընդհանրություններ ուներ Արշակունյաց շրջանի ամառային Նավասարդ ու Աստվածածնի Վերափոխում կամ Խաղողօրհնեք տոների հետ» (Մկրտչյան 2010, 107):
Գոհար Վարդումյանը պատահական չի համարում, որ «հենց խաղողօրհնեքի ծեսն է պահպանվել Հայ Եկեղեցու տոնակարգում, որով առաջին բերքն ընծայվում է աստծուն և օրհնվում, ապա՝ մատուցվում ժողովրդին: Ընդ որում, «քրիստոնյա աշխարհում, թերևս, միայն Հայ Եկեղեցին է նման տոն նշում՝ այդ կերպ ևս պահելով գինին իբրև Հիսուսի արյուն դիտելու հուշը» (Վարդումյան 2020, 181):
Այս համատեքստում չափազանց հետաքրքրական է նաև այն, որ «Աստծո որդին ևս հաճախ նմանեցվել է խաղողի որթի, իսկ սուրբ պատարագի արարողակարգի գինին պատրաստում էին խաղողից» (Մկրտչյան 2010, 106-107), կամ, որ արդեն ուշ քրիստնեական շրջանում գինին հստակորեն նույնացվում էր Աստծո որդու արյան հետ, որի գաղափարական գագաթնակետը քրիստոնեության մեջ «Խորհրդավոր ընթրիքի» ընթացքումժամանակ Քրիստոսի ուղերձն է իր աշակերտներին. նա գինին մեկնում է նրանց և ասում. «Այս է իմ արյունը»: Այս առումով ակնառու են եկեղեցական տոների ժամանակ խմվող «կենաց բաժակն»-ները, որոնք պետք է խմվեին մինչև վերջ, որովհետև կյանքի խորհուրդն ունեին (Ակինեան 1921, 106-17): Հայերը գինի համարել են խաղողի արյունը և այն Փրկչի արյունն էր խորհրդանշում (Պետրոսյան 2002, 423):
Քրիստոնյա Հայասանում գինեխմությունն այնքան տարածված էր, և գինի այնքան շատ էր ասոցացվում Հիսուս Քրիստոսի հետ, որ գինեխմության մեջ չափն անցնող մարդիկ հաճախ նույնիսկ արդարցել են.
Աստվածաշնչում կարդում ենք Աստծո պատգամը Մովսես Մարգարեին. ««Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը քեզ է տալու իբրև սեփականություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ, ապա կվերցնես քո Տեր Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների առաջին բերքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, ուր Տեր Աստվածը կընտրի, որպեսզի իր անունը հայտնի դարձնի այնտեղ։ Այդ ժամանակ կգնաս քահանայություն անողի մոտ և կասես նրան. «Այսօր գոհություն եմ հայտնում իմ Տեր Աստծուն… Արդ, ահա բերել եմ Տիրոջ՝ ինձ տված երկրի բերքի երախայրիքը…» (Երկրորդ Օրենք Ի2 1-3, 10):
Հետագայում խաղողօրհնեքի արարողությունը մարգարեական, ավետարանական և առաքելական ընթերցվածքներով, ինչպես նաև հատուկ աղոթքով ճոխացվեց Ա. Ներսես Շնորհալի Հայրապետի ձեռամբ. «…Օրհնիր, Տեր, և (այն) որթատունկերն ու նրանց այգիները, որոնցից հատվեցին օրհնության (այս) ողկույզները և Սուրբ Եկեղեցուն ընծայվեցին։ Նրանց բազմաբեր դարձրու՝ պտղաբերությամբ պարարտ ու բարեբեր հողին նմանվելու համար։ Անփորձ պահիր, Տեր, այգեստաններն ու դաշտերը բոլոր (այն) պատուհասներից, որոնք ի վերուստ իջնում են մեր մեղքերի պատճառով՝ կարկտից, եղեմնահառ սառնամանիքներից, խորշակահար հողմերից և վնասակար ճիճուներից…» («ճաշոց Գիրք», հտ. Բ. էջ 201):
Խաղողօրհնեքի տոնը Հայկական լեռնաշխարհի տարբեր ազգագավառներում
Աստվածածնի վերափոխման տոնը կամ խաղողօրհնեքը տարբեր ազգագավառներում հայտնի է եղել նաև հետևյալ անուններով՝ Աստվածածնի Զատիկ, Խաղողի Զատիկ (Մուսալեռ), Աստվարածին (Հարք-Բուլանըխ), Աստաձաձին (Վանք-Մեղրի) և այլն։ Շատ շրջաններում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը նաև հիշատակվել է որպես Պտղի օրհնանքի տոն՝ հոմանիշ անվանմամբ (Մկրտչյան 2010, 107): Որոշ շրջաններում կանայք այդ օրը Մարիամ Աստվածածնին խնդրում էին, որ իրենց զավակ պարգևի և պահպանի նրանց. «Հավանաբար ոչ մի սրբի այնքան աղոթք չէր հղվում, որքան Մարիամին» (Խառատյան-Առաքելյան 2005, 228):
Հ. Հովսեփյանը հաղորդում է, որ Ղարադաղում Խաղողօրհնեքի տոնը ոչ միայն մշտապես նշվում էր, այլև այնքան սիրված է եղել, որ նույնիսկ ավանդազրույց է հյուսվել. ««Ըստ ավանդության՝ երբ Նոյը աղավնուն ուղարկում է տեղեկություն բերելու, աղավնին հանդիպում է Քրիստոսին: Քրիստոսը մի ճութ խաղող է տալիս աղավնուն, օրհնում այն, հետո մի բաժակ գինի է վերցնում, խփում խաղողի ողկույզին ու ասում. «Տար, տուր Նոյին, որ գինին իմ արյունն է, խաղողը իմ մարմինը, թող հավատա ու վախի ոչ մի նշույլ չունենա, թող հավատա ու տապանից դուրս գա, իջնի երկիր»: Դրա համար էլ քրիստոնյա մարդը չպետք է խաղող ուտի մինչև Խաղողօրհնեքի տոնը, որպես Քրիստոսի օրհնած պտուղ: Այդ օրը խաղողը եկեղեցի էին տանում, օրհնում ու պատարագից հետ, բաժանում» (Հովսեփյան 2009, 421): Որոշ ազգագրական շրջաններում նույնիսկ հավատացել են, որ խաղողի որթը այդքան մեծ տառապանքների դիմաց Նոյին տրված աստվածային պարգև է, որպեսի գինի պատրաստի և խմի (Մելիք-Շահնազարեանց 1902, 1): Նոյը նույնիսկ համարվում էր Թիֆլիսի գինեվաճառների համքարության սուրբը (Հոբոսյան և այլք 2021, 98: Եզիազարեանց 1891, 1-2):
Մեղրիում, օրինակ, սկզբնական շրջանում Խաղողօրհնեքի տոնն այնքան կարևոր է եղել, որ մինչև տոնին առնչվող ծեսի իրականացումն ու խաղողի պասի լուծումը խաղող կերած մարդուն ոչ միայն քահանան էր կշտամբում, այլ տանուտերը ծեծում բանտարկում էր (ՀԱԱ, ֆոնդ 428, գործ 4): Սակայն նույն աղբյուրը մեկ այլ տեղ հայտնում է, որ 19-րդ դարասկզբին այն արդեն կորցնում էր ժողովրդական մեծ հռչակը:
Ջավախքում այդ տոնից մեկ կամ երկու շաբաթ առաջ մարդիկ արդեն պահք էին պահում. «…Սուրբ Աստուածածնայ «ոտքն» եմ բռնէ, նշանակում է Սուրբ Աստուածածնայ պասից զատ մի շաբաթ առաջ էլ կամավոր պաս եմ բռնել» (Լալայեան 1896, 371): Սիսիանի շրջանում նույնպես պահպանվել է Խաղողօրհնեքի պասը.
«…երբ եկեղեցում օրհնում են և բաժանում ժամուորներին, որ ահագին աղմուկով միմեանց ձեռից խլխլում են և ուտում են՝ ժողովուրդը սկսում է գործ ածել խաղող» (Լալայեան 1898, 260): Նույն պահքը պահպանվում էր և Շիրակում (Մխիթարեանց 1901, 273), իսկ Լոռիում, օրինակ, Երվանդ Լալայանը նշում է, որ մարդիկ (Օձունի շրջանից) այցի էին գնում Օձունի Սուրբ Աստվածածին կամ Խաչգունդ եկեղեցիներ (Լալայեան 1903, 267): Այդ հիմնականում կոչվում էր «Մարիամի պաս» կամ «Մարիամա պաս» կամ «Աստվածածնի պաս»:
Պահք լուծելուց առաջ քահնան հաճախ գնում էր խաղողի այգի և սկսում ծեսը: Նա բարեմաղթանքներ էր հնչեցնում. «Երկնքի լույս Թուխ-մանուկներեն ցողված են այս մեր այգիների ողկույզները» (Խառատյան-Առաքելյան 2005, 230): Տարբեր ազգագավառներում Խաղողօրհնեքի հաջորդ օրը սկսվում էր տոնախաղերով՝ կոխով, լախտիով կամ պարերով:
Խաղողօրհնեքի օրը կամ դրա նախօրեն կամ հաջորդ օրը նաև ուխտագնացության օր էր համարվում: Հայտնի ուխտավայրեր կային Հայկական լեռնաշխարհի տարբեր կողմերում, Գարդմանում, օրինակ, հայտնի էր Պանդասարի «Պանդի սուրբը», որը, Պանտալեոն սրբի անվան տեղյանացված ձևն է: Գարդմանում հայտնի ուխտավայր էր նաև Ռուսկան հատակ կամ Հուսկան նահատակը սրբավայրը, որը, ըստ ավանդության թշնամիների կողմից սպանված քույր ու եղբոր գերեզմանատեղին է և մեծ հռչակ է ունեցել ամբողջ երկրամասում, և նույնիսկ Գանձակից են եկել այցի (ԴԱՆ 2018): Ուխտագնացություն են իրկանացվում նաև այլ շրջաններում: Օրինակ՝ Կոտայքի մարզի Բջնի գյուղում օրս Խաղողօրհնեքի տոնը համարվում է նաև ուխտի օր, քանի որ գյուղի գլխավոր եկեղեցին Աստվածածնի անունով է, իսկ գյուղի ընտանիքներից շատերը այդ օրը մատաղ են անում: Նման ուխտագնացություններ լինում են նաև Տավուշում (Հաղարձինի վանք), Երևանում (Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում):
Ամփոփագիր
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորագույն տոներից է, որը միավորում է հավատացյալներին՝ արտացոլելով Մարիամ Աստվածածնին նվիրված պաշտամունքը և քրիստոնեական ծիսական ավանդույթները: Տոնը նշվում է տարվա այն պահին, երբ հասունանում է խաղողը, և խաղողօրհնեքի արարողությունը խորհրդանշում է հավատքի, շնորհքի և կյանքի շարունակության անքակտելի կապը: Օրհնված խաղողն ու դրանից պատրաստվող գինին ոչ միայն նյութական առատություն են ներկայացնում, այլ նաև հոգևոր արժեք՝ որպես Աստծո հետ անմիջական կապի խորհրդանշան:
Պատմական տվյալները ցույց են տալիս, որ որոշ հնագույն ավանդույթներ՝ հատկապես Անահիտի հետ կապված ծեսերը, հետագայում ադապտացվել են՝ կապված Մարիամ Աստվածածնի պաշտամունքին: Այս ադապտացիան բացառապես մշակութային է և չի խեղաթյուրում քրիստոնեության ճշմարիտ էությունը. այն պարզապես արտացոլում է այն ձևը, որով յուրաքանչյուր ժողովուրդ փորձել է հին սովորույթները հարմարեցնել նոր հավատքի շրջանակներին:
Այդպիսով, Խաղողօրհնեքը միաժամանակ արտացոլում է Հայաստանի ազգային մշակույթը, եկեղեցական հավատքը և համայնքային արժեքները՝ հաստատելով քրիստոնեության ճշմարիտ ուղին և հիշեցնելով հավատացյալներին, որ Աստծո հետ կապն ու աղոթքը միշտ կապված են կյանքի ամենօրյա ու հոգևոր գործերի հետ:
Գրականության ցանկ
Ակինեան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ… Վիեննա, 1921:
Արթուր դպիր Կարապետյան, Խաղողօրհնեք // Էջմիածին, 1998, հմ Ը-Թ, էջ 182-184:
Բենսե. Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 3, Երևան, 1972:
Ե.ծ.վ.Մ., Հարբեցութիւնն ու նրա հետեւանքները եւ զգաստութիւն՝ որպէս Աւետարանական պահանջ // Արարատ, 1905, Վաղարշապատ, էջ 1905:
Եղիազարեանց Ս., Համքարական միութիւններ // Մշակ, 1891, թիւ 7, էջ 1-2:
Լալայեան Ե., Բորչալու Գաւառ //Ազգագրական հանդէս, հտ. 10, 1903, էջ 249-268:
Լալայեան Ե., Ջավախք // Ազգագրական հանդէս, 1896, հտ Ա, էջ 371-378:
Լալայեան Ե., Սիսիան // Ազգագրական հանդէս, 1898, հմ 1, էջ 249-260:
Խառատյան-Առաքելյան Հ., Հայ ժողովրդական տոներ, Երևան, 2005:
Կոստանյանց Կ., Նոր ժողովածու…, պր. Բ, Թիֆլիս, 1892:
Հարությունյան Ս., Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը, Երևան, 2001:
Հոբոսյան Ս., Գասպարյան Բ., Հարությունյան Հ., Սարատիկյան Ա., Ամիրխանյան Ա., Խաղողի և գինու հայոց մշակույթը, Երևան, 2021:
Հովսեփյան Հ., Ղարադաղի հայերը, հտ. 1, Ազգագրություն, Երևան, 2009:
Մելիքյան Ս., Հայ ժող. երգեր և պարեր, հ. I, Երևան, 1949:
Մելիք-Շահնազարեանց Կ., Ուղեցույց գործնական գինեգործութեան, Տփղիս, 1885:
Մելիք-Փաշայան Կ., Անահիտ դիցուհու պաշտամունքը, Երևան, 1963:
Մխիթարեանց Աղ., Փշրանք Շիրակի ամբարներից // Էմինեան Ազգագրական ժողովածու, հտ. Ա, Մոսկուա-Վաղարշապատ, 1901, էջ 261-274:
Մկրտչյան Ս., Տոնր: Հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (Ավանդույթ եւ արդիականություն), Երևան, «Գասպրինտ, 2010:
Պետրոսյեան Հ., Հայ միջնադարեան պատկերացումները իդէալական կենսատարածքի եւ կենսընթացի մասին. Աշխարհը որպէս այգի // Հանդէս ամսօրեայ, 2002, թիւ 1-2, էջ 411-440:
Վարդումյան Գ., Ժողովրդական քրիստոնեության դրսևորումները հայոց տոնական կյանքում // Պատմաբանասիրական հանդես, 2020, հ.1, էջ 163-186:









+374 44 60 22 22
Armenia Wine Company 3 Bild., 1Dead-end, 30 Street, Sasunik 0223

