ԳԻՆՈՒ ԵՎ ԳԻՆԵԽՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՄԱՏՅԱՆՈՒՄ

Scroll down

Մովսես Խորենացին և իր դարաշրջանը: Մովսես Խորենացին V դարի հայ պատմիչ է և  համարվում է «հայերի պատմության հայրը»։ Նրա ամենահայտնի աշխատությունը՝ «Հայոց պատմություն»-ը, առաջիններից է, որ փորձել է ամբողջական ձևով ներկայացնել մեկ ազգի ամբողջական պատմությունը՝ սկսած ծագումից մինչև պատմական ներկա։ Նրա գործը ոչ միայն պատմական սկզբնաղբյուր է, այլև արժեքավոր տեղեկություններ է հաղորդում տարածաշրջանի մասին՝ ցույց տալով Հայաստանի կապերը ժամանակի հզոր պետությունների հետ։ Բացի պատմական կարևորությունից, նրա աշխատությունը առանձնանում է նաև գրական ոճով և խոր գաղափարական շերտերով։ Խորենացին փորձել է ձևակերպել ժողովրդի ինքնությունն ու անցյալի հիշողությունը:

Գինին՝ Խորենացու երկում: Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» կոթողային երկը, եզակի սկզբնաղբյուր է նաև հայոց գինեգործական մշակույթի համար: Պատմահայրն իր պատմության մեջ բավարար չափով հոլովում է գինի բառը, որը թույլ է տալիս ոչ միայն պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի գինեգործության մշակույթի մասին, այլ որոշակի վերլուծությունների գնալ: Գոնե երկու դրվագում Խորենացին նշում է զարգացած գինեգործության մասին: Առաջինը հայկական գինեգործության բնօրրան համարվող Գողթն գավառն ՝«գինեվետ Գողթն»-ը (Խորենացի 1961, 133), երկրորդը՝ Արա Գեղեցիկի մահից անմիջապես հետո Շամիրամի՝ Հայաստանում տնկած «բազմաթիվ առատաբեր և գինեբեր այգիներ»-ը (Խորենացի 1961, 114): Երկու հիշատակումն էլ վկայում են Հայաստանում գինեգործության զարգացած մշակույթի մասին:

Բացի գինու առկայությունից, Խորենացին հստակ հիշատակում է նաև դրա կիրառման ձևերն ու միջավայրը՝ հընթացս թույլ տալով պատկերացում կազմելու նաև այդ շրջանում ապրած մարդկանց նիստուկացի, վարքի մասին: Նա նկարագրում է դեպքեր, երբ գինու պատճառով մարդիկ հաճախ կորցնում են իրականության զգացումն ու կատարում քայլել, որոնք ճակատագրական են լինում: Դրանցից են Արշակի արքայի ու Գնելի, Տրդատ Բագրատունու ու Սյունյաց իշխան Բակուրի հարճի և Խոսրով Գարդմանեցու և պարսից Շապուհ արքայի մասին պատմությունները:

Արշակ արքայի պատմությունը: Հայոց արքա Արշակը որսի է գնում Մասիս (Արարատ) լեռան շրջակայքում ընկնող Կոգովիտ գավառում ու հաջողությամբ բազմաթիվ երեներ կոտորում: Որսից հետո, խնջույքի ժամանակ, արքան խմելիս պարծենում է, որ իրենից առաջ որևէ թագավորի դռ չի հաջողվել մեկ ժամվա ընթացքում այդքան շատ երեներ սպանել: Օգտվելով Արշակի հարբած վիճակից՝ Տիրիթն ու Վարդանը քեն ունենալով Արշակի եղբորորդու՝ Գնելի դեմ, արքային ստում են, թե նա այս օրերին ավելի շատ երեներ է սպանել Շապիհավան լեռան վրա (Խորենացի 1961, 287): Դրանից հետո, նա դավեր է նյութում նրա դեմ ու հենց նույն Վարդանի ձեռամբ սպանում նրան (Խորենացի 1961, 287):

Տրդատ Բագրատունու և Նազենիկի պատմությունը: Մովսես Խորենացու մատյանում հատուկ ուշադրության է արժանի Տրդատ Բագրատունու և Նազենիկի պատմությունը: Ըստ Պատմահոր՝ Տրդատը քաջ, ուժեղ, սակայն տգեղ արտաքինով տղամարդ էր, որը Տիրան թագավորի փեսան էր: Սակայն նրա կինը՝ Երանյակը, անընդհատ քահահրանքով էր վերաբերվում նրան, քանի որ շատ չքնաղ էր: Դրադատը բարկանալով՝ ծեծու է նրան, կտրում վարսերն ու դուրս գցում: Դրանից հետո նա ապստամբում ու փախչում է Մարաստանի կողմերը, սակայն ճանապարհին լսում է Տիրան թագավորի մահվան լուրն ու մնում Սյունիքում.

«Մի օր Սյունաց Բակուր նահապետը նրան ընթրիքի հրավիրեց: Երբ գինով ուրախություն էին անում, Տրդատը տեսավ մի կին, որ շատ գեղեցիկ էր և նվագում էր ձեռներով, անունը Նազինիկ: Տրդատը նրան ցանկացավ և ասաց Բակուրին. «Այդ վարձակն (հարճ) ինձ տուր»: Նա պատասխանում է. «Չեմ տա, որովհետև իմ հարճն է»: Իսկ Տրդատը բռնեց այդ կնոջը` իր մոտ քաշելով սեղանակիցների առաջ գգվում համբուրում էր նրան սիրահարված անզուսպ երիտասարդի նման: Բակուրը խանդոտելով վեր կացավ, որ կինը նրա ձեռքից խլի: Բայց Տրդատը ոտքի ելնելով ծաղկամանն ինչպես զենք գործածեց, սեղանակիցներին էլ սեղանից վանեց: Կարծես մի նոր Ոդիսևս էր առաջ եկել, որ կոտորում էր Պենելոպեի սիրեկաններին, կամ ղապիթաների և հուշկապարիկների կռիվ էր տեղի ունենում Պերիթոսի հարսանիքում: Այսպես իր կացարանը հասնելով, իսկույն ձի հեծավ և հարճի հետ միասին Սպեր գնաց: Բայց իսկապես ավելորդ էր պատմել այդ ցանկասեր մարդու քաջագործությունը» (Խորենացի 1961, 221-222): Այս պատմությունն այնքան մեծ արձագանք է գտել հայ վիպագրության մեջ, որ նույնիսկ 20-րդ դարսկզբին եռեզնազոհ (Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի կողմից սպանված) բանաստեղծ Դանիել Վարուժանը հյուսել է «Հարճը» պոեմը:

Խոսրով Գարդմանեցու և պարսից Շապուհ արքայի դիպվածը: Պատմահայրը հիշատակում է նաև Պարսկաստանի Շապուհ արքայի ու պատմական Հայաստանի Գարդման գավառի իշխան Խոսրով Գարդմանեցու միջև տեղի ունեցած միջադեպը.

 «Մի ուրիշ անգամ էլ ուրախության խնջույքի ժամանակ Խոսրով Գարդմանացին գինով հարբած` Շապուհի ներկայության սիրահարված տարփածուի նման հետամուտ է լինում մի կնոջ, որ վարժ մատներով քնար էր նվագում: Շապուհը զայրանալով հրամայում է նրան բռնել ու դահլիճում պահել, իսկ նա աջ ձեռքը սրի վրա դրած` Տրդատ Բագրատունու նման, անցավ գնաց իր տունը, և արքունի սպասավորներից ոչ մեկը չհամարձակվեց նրան բռնելու, այդ մարդու փորձն առաջուց առած լինելով» (Խորենացի 1961, 329):

Վերը բերված երեք դեպքերն էլ, առաջինը՝ մասնակի, մյուսները մաբողջությամբ կապված են գինու ու գինեխմության հետ, որով, կարծես, պատմահայրը ցույց է տալիս նաև դրա չափազանց օգտագործման վտանգներն ու դրանից բխող հնարավոր փորձանքները: Չափազանց հետաքրքրական պատմություն է նաև հայոց նախարարական տներից մեկի՝ Գնունիների տոհմանվան ծագման պատմությունը:

Որ գինու չարաշահումը հազվագույտ դեպք չէր, երևում է նաև Տիգրան Երվանդյանի դիմանկարում, որտեղ Պատմահայրը հատուկ ընդգծում է ըմպելիքների հարցում նրա պաշկեշտությունը. «Այս և այսպիսի շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել, մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր (հատկություններով), որ պիտանի էին մարդուն» (Խորենացի 1961, 125-126): Այսինքն՝ որկրամոլությունն ու ալկոհոլի չարաշահումը տարածված երևույթ էր, և Քերթողահայրը հատուկ է ընդգծում է, որ Տիգրան թագավորը զերծ է այդ արատներից:  

«Հայոց պատմության» ամենաուշագրավ հատվածում՝ «Ողբ»-ում, քննադատելով նկարագրվող շրջանի Հայաստանի վատթար վիճակը՝ Պատմահայրը նկարագրում է  «գինեմոլ» զինվորականներին ու  «արբեցող» աշխարհականներին (Խորենացի 1961, 354):

Խորենացու մատյանից տեղեկանում ենք նաև, որ հին Հայաստանում ոսկե գավաթով գինի խմելը մեծագույն պատիվ ու արտոնություն էր, որը մարդուն տալիս էր անձամբ ինքը՝ թագավորը: Այդպես Արտաշես թագավորը Արգամին ի թիվս այլ պարգևների ու պատիվների՝ շնորհում է նաև ոսկե գավաթներով գինի խմելու իրավունքը (Խորենացի 1961, 203):

Գնունի նախարարական տոհմի տոհմանվան ծագման վարկածը: Պատմահայրը գրում է, Գնունի տոհմանունը ծագել է նրանց մասնագիտությունից, քանի որ արքունիքում նրանք թագավորին արժանի ըմպելիքներ պատրաստողներ ու մատուցողներ են եղել.

«Գնունիներն էլ իմ գիտցածով գինիունի են, որ թագավորին արժանի ըմպելիքներ էին պատրաստում, և զարմանալի կերպով զուգադիպեցին նրա գործն ու անունը, որովհետև թագավորին ըմպելիքներ էր պատրաստում ընտիր և համեղ գինիներից և անունն էլ Գին էր, որի վրա Վաղարշակը շատ զվարճանալով, ասում են, դասում է նախարարական ցեղերի թվում» (Խորենացի 1961, 154-155):

Նկատենք նաև, որ Հայաստանում հայտնի է եղել «Գինակ» խաղողի տեսակը, որը, ըստ Մալխասյանի՝ «բարակ կեղևով, սպիտակ, մանր հատիկներով» տեսակ է(Մալխասյանց 1944, 435-437, Աճառյան 1971, 558): Սակայն, ի տարբերություն Խորենացու, Բուզանդը գրում է, որ Գնունիները հազարապետական պաշռտոն էին զբաղեցնում (Բուզանդ): Գնունի նախարարական տան տիրույթները տարածվել են Աղիովիտ և Առբերան գավառներում՝ Վանա լճից հյուիս-արևելեք: Այդ տարածքները մինչև նոր ժամանակներն էլ հարուստ էին խաղողի այգիներով, և Խորենացու բերած փաստը միանգամայն ապացուցելի է, դառնում, քանի որ հսկայական խաղողի այգիներ ունեցող նախարարական տունը, բնակաբար, պետք է որ մեծ քանակությամբ գինի էլ արտադրեր:

Եզրակացություն: Մովսես Խորենացիու «Հայոց պատմություն» աշխատության մեջ գինու և գինեխմության հիշատակությունները ոչ միայն վկայում են հին Հայաստանում զարգացած գինեգործական մշակույթի մասին, այլև բացահայտում են հասարակական վարքագծի, արժեքների և բարոյական ընկալումների կարևոր կողմեր։ Գինին հանդես է գալիս միաժամանակ որպես կենցաղի, տոնականության և արքունական պատվի բաղադրիչ, սակայն դրա չարաշահումը ներկայացվում է որպես վտանգավոր երևույթ, որը կարող է հանգեցնել անհատական ողբերգությունների և ճակատագրական սխալների։ Այսպիսով, Խորենացին գինու միջոցով ոչ միայն նկարագրում է իր ժամանակաշրջանի մշակութային իրականությունը, այլև փոխանցում է չափավորության և բարոյականության գաղափարը՝ ընդգծելով, որ մարդու արժանիքը դրսևորվում է ոչ թե վայելքի չափի, այլ դրա նկատմամբ զսպվածության մեջ։