Պատմիչը և նրա ժամանակաշրջանը: Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը» (5-րդ դար) ոչ միայն հայ պատմագրության վաղնջական հիշատակարաններից մեկն է, այլև բազմաշերտ հուշագրական, քրիստոնեական բարոյախոսության, սոցիալական վարքագծի և հոգևոր արժեքների մասին համապարփակ նյութերի հավաքածու։ Այն ընդգրկում է 4-րդ դարի երկրորդ կեսի քաղաքական ու կրոնական իրադարձությունները՝ սկսած Տրդատ Գ Մեծից մինչև Պապ և Վարազդատ թագավորների օրերը։ Այս ժամանակաշրջանը հայ ժողովրդի համար վճռորոշ էին. հեթանոսական բազմաստվածությունը վերջնականապես զիջում էր քրիստոնեությանը, իսկ Հայոց թագավորությունը կանգնած էր Հռոմեական և Պարսկական կայսրությունների միջև՝ մշտական քաղաքական ու ռազմական ճնշումների ներքո։
Գինու կերպարը, որ Փավստոս Բուզանդը բազմիցս հիշատակում է իր պատմության տարբեր հատվածներում, դառնում է խորհրդանշական առանցք՝ արտացոլելով անցումը հեթանոսական խրախճանքի աշխարհից դեպի քրիստոնեական պահեցողության և սրբագործման իրականություն։ Նրա մոտ գինին այլևս պարզապես նյութական ըմպելիք չէ․ այն կրում է բարոյական, աստվածաբանական և նույնիսկ հոգեբանական նշանակություն՝ տարբեր կերպ արտահայտվելով պատմության հերոսների վարքագծում։
Բուզանդի պատմությունը գրված է կենդանի, հարուստ հռետորական լեզվով ու երկխոսություններով։ Նա առաջիններից է, որ հոգեբանական խորությամբ է ներկայացնում իր կերպարներին՝ նրանց խղճի տագնապները, կրոնական կասկածները և հավատքի փորձությունները։ Գինու թեման, որը տարածված է նրա ամբողջ պատմության մեջ, հենց այդ հոգեբանական դրամատիզմի դրսևորումներից է․ գինին դառնում է ինչպես փորձության, այնպես էլ փրկության խորհրդանիշ։
Այսպիսով, Փավստոս Բուզանդի գործը հանդես է գալիս որպես հոգևոր և բարոյական ճանապարհի արձանագրություն, որտեղ հեթանոսական աշխարհընկալման նյութական հաճույքներն աստիճանաբար տեղը զիջում են քրիստոնեական խոհեմությանը։ Նրա պատմությունը միաժամանակ պատմական վավերագիր, բարոյախրատական գրականություն և աստվածաբանական խոհ է, որը ներկայացնում է այն ժամանակաշրջանի հոգևոր պայքարը, որի ընթացքում ձևավորվում էր նոր՝ քրիստոնեական Հայաստանը։
Գինին՝ որպես խրախճանքի և հերոսության փառաբանության խորհրդանիշ: Փավստոս Բուզանդի պատմության էջերում, բազմաթիվ վիպական ու գեղարվեստական դրվագների կողքին, հանդիպում ենք հայ զորավար Մուշեղ Մամիկոնյանի վեհանձնության յուրահատուկ դրսևորման։ Հայոց պատմության այս նշանավոր հերոսը ներկայանում է որպես բարձր բարոյական սկզբունքների կրող և օրինակելի վարքագծով անհատ, որի արարքները ոչ միայն ռազմական, այլև մարդասիրական արժեքներ են արտացոլում։ Պատմվում է, որ երբ Մուշեղը գերի է վերցնում պարսից տիկնանց և ազնվական կանանց, նա ոչ միայն անձամբ չի ոտնահարում նրանց պատիվն ու արժանապատվությունը, այլև արգելում է իր զինվորներին ցանկացած անպատշաճ արարք, և, ի վերջո, նրանց ամբողջությամբ, պատվի ու արժանապատվության պահպանմամբ վերադարձնում է Շապուհին։
Բուզանդի վկայությամբ՝ Շապուհի կողմից արտահայտվող հոգևոր ու սոցիալական գնահատանքը՝ գավաթի միջոցով, միաժամանակ հանդես է գալիս վեհանձն հերոսի գովաբանման, ազգային քաջության և բարոյական արժեքների խորհրդանիշի դերով.
«Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «ճերմակաձին թող գինի խմի»: Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարունակ նույն բանն էր կրկնում՝ «ճերմակաձին թող գինի խմի» (էջ 233)։
Այս դրվագում գինեխմությունը դառնում է ոչ միայն ծիսակարգ, այլև համամարդկային և ազգային արժեքների արտացոլում. այն վերածվում է հավատարմության, հիշողության և հերոսության խորհրդանիշի, որտեղ նյութական հաճույքի դերը ամբողջությամբ զիջում է սիմվոլիկ ու հիշատակի ֆունկցիային։ Գինին, այս իմաստով, կապակցվում է ազգային ինքնության, բարոյական օրինաչափությունների և կուռ ազգագրական նշանների հետ, դարձնելով ծիսակարգային արարքը ոչ միայն սոցիալական, այլև մշակութային հաղորդակցության միջոց։
Արշակ երկրորդը, նրա ներքինի Դրաստամատը և գինին: Չափազանց ուշագրավ են Հայոց Արշակ արքայի և նրա ներքին Դրաստամատի մասին Փավստոս Բուզանդի պատմությունները, որոնք արտահայտում են հիերարխիական, քաղաքական և հոգևոր արժեքների բարդ հարաբերությունները։ Պարսից Շապուհ Բ Սասանյան թագավորը, զրադաշտականության ամենասուրբ երդումով հանդերձ, խորամանկությամբ գերի է վերցնում հայոց թագավոր Արշակ Բ-ին։ Արշակի հավատարմությունը փորձելու նպատակով՝ Շապուհը, հետևելով վհուկների և աստղահանների խորհրդին, հրամայում է Հայաստանից բերել երկու ուղտաբեռ հող և այն փռել իր պալատի ճեմասրահի հատակի կես հատվածում։ Արշակը շրջում է այդ հողի վրա՝ ցուցադրելով իր ներքին հավատարիմ, բայց ինքնուրույն կամքի հակադրությունը։ Երբ նա կանգնում է հայկական հողի վրա, արտահայտվում է ազատության, ազգային ինքնության և անձնական արժանապատվության հակադրությունը գերության հանդեպ, ինչը վերջին հաշվով հանգեցնում է նրա բանտարկմանը։
Զրույցի ավարտական մասում հիշատակվում է Արշակի պալատական ներքինի Դրաստամատը, որը քաջությամբ աչքի էր ընկել պարսկական բանակում քուշանների դեմ պատերազմներում։ Նա հրաժարվում է Շապուհի շնորհած պարգևից և մեկ օրով խնդրում Արշակին այցելելու թույլտվություն՝ «գինի տալու և ուրախացնելու» համար (էջ 248–249)։ Այս դրվագում գինին ընդվանում է ոչ միայն նյութական խմիչք, այլև թագավորավայել պատիվ ու հոգևոր մեծարում, որն ունակ է սփոփելու գերության մեջ գտնվող արքային։
Երբ Արշակը խմում է գինին, հարբում է ու մտորում անցյալի մասին՝ արտահայտելով հոգեկան ցավի, հիշողության և ներքին պայքարի համադրությունը. «Վա՜յ ինձ, Արշակիս. որտեղից ուր ընկա և ինչ օրի հասա» (էջ 250)։ Այս դրվագում գինին դառնում է հոգեկան վերապրումների խտացում, միաժամանակ մխիթարություն և կործանման պատճառ։ Բուզանդը այդ կերպ խորագրում է մարմնի հաճույքի և հոգու խնկարկության բարդ հարաբերությունը, որտեղ գինին ծառայում է որպես միջնորդ՝ բացահայտելու արքային շրջապատող ճակատագրական, հոգևոր և սոցիալական դինամիկան։
Այս տեսանկյունից գինու դերը դառնում է երկակի. այն ոչ միայն ֆիզիկական ու նյութական հաճույք է, այլև միջավայրում տեղի ունեցող հոգևոր, քաղաքական և սոցիալական ուժերի հետ առնչվող մտորումների խմորիչ, որը հնարավորություն է տալիս ընթերցողին հասկանալ արքայի ներքին աշխարհի բարդությունը և գերության սահմանափակություններով պայմանավորված հոգեբանական տարակարծությունները։
Գինին՝ որպես հավատքի խորհրդանիշ: Հատուկ հոգևոր խորություն ունի այն դրվագը, որտեղ Փավստոս Բուզանդը նկարագրում է խստակրոն միաբանի փորձը, ով սկզբում չի հավատում գինու աստվածային զորությանը։
«Նա չէր կարող հավատալ, թե երբ գինին սուրբ սեղան է բերվում և քահանայի ձեռքով բաշխվում, իսկապես Աստծու որդու արյունն է դառնում» (էջ 263)։ Սակայն պատարագի ընթացքում նա տեսնում է Քրիստոսին՝ «իջել է սեղանի վրա, բացել էր կողքի վերքը, որ գեղարդով խոցելուց էր գոյացել, և կողքի վերքից արյունը կաթկթելով հոսում էր պատարագի բաժակի մեջ, որ դրված էր սեղանի վրա» (էջ 204–205):
Այս դրվագում գինին հասնում է իր բարձրագույն, սուրբ խորհրդական նշանակությանը. այն նույնացվում է Քրիստոսի արյան հետ, և հավատալ-չհավատալը դառնում է հավատի փորձաքար, հոգևոր առաքելության և ներքին մաքրության պայման։ Բուզանդն այստեղ օգտագործում է գինին՝ որպես սուրբ սիմվոլ, որը միավորում է նյութական ու հոգևոր ոլորտները, մարմնի ու հոգու միջավայրում խորհրդանշելով աստվածային ներկայությունը և մարդու անմիջական հոգևոր փորձը։
Այս ընկալումը գերազանցում է նյութական և ծիսակարգային սահմանները. այն վերածվում է հավատքի, հոգևոր փորձառության և աստվածային ներկայության միջոցով իրականության խտացված խորհրդանիշի, որտեղ յուրաքանչյուր հոգևոր ապրում՝ տեսնելը կամ հավատալը, առաքում է մարդու հոգու մաքրության և աստվածային կարգերի ընկալման համար։
Գինին՝ որպես մահվան և դավադրության միջոց: Գինին իր առավել մութ և համապարփակ խորհրդանշումը ստանում է հաջորդ երկու դրվագներում՝ Պապ թագավորի և Վարազդատ թագավորի պատմություններում։ Առաջին դեպքում նկարագրվում է, թե ինչպես խնջույքի ընթացքում, գինու գավաթը ձեռքին, գլխատում են հայոց Պապ թագավորին.
«Նկարագրված է, որ երբ հարվածում են Պապի պարանոցին, արյունն ու գինին խառնվում են իրար» (էջ 271–272)։
Երկրորդ դրվագում դիտարկվում է Վարազդատ Թագավորի և Մուշեղ սպարապետի միջեւ զարգացող կոնֆլիկտը. Վարազդատը, վախենալով զորավարի հեղինակությունից ու տրվելով չարախոսություններին, փորձում է գինեխմություն կազմակերպել, հարբեցնել Մուշեղին և հետո սպանել նրան.
«Վարազդատը փորձում է սպանել զորավար Մուշեղ Մամիկոնյանին, նրան հյուր է կանչում և սեղաններին առատ գինի դնում՝ նրանց հարբեցնելու համար» (էջ 275), սակայն Մուշեղը կանխում է դավադրությունը։
Այս երկու դեպքերում գինին դառնում է մահվան և դավադրության միջոց. Պարագծված խմիչքը՝ խառնվելով արյան հետ, խորհրդանշում է մեղքի, բռնության և մահվան միասնությունը, որտեղ խնջույքը և սոցիալական շփումը վերածվում են մահվան նախերգանքի։ Այն դառնում է ոչ միայն նյութական հաճույքի, այլև քաոսի և մահվան գործիք, մի կողմից ընդգծելով սեղանի շուրջ ձևավորված դավադրական սցենարը, մյուս կողմից՝ խորհրդանշելով մարդու ներքին մեղքի ու իշխանության դաժանության փոխադարձ կապը։
Գինուց հրաժարվելը՝ որպես սրբակենցաղության նշան: Հակադիր կերպով, Բուզանդը ներկայացնում է այնպիսի անձանց, որոնք ամբողջովին հրաժարվում են գինուց՝ այն դիտարկելով որպես մեղքի և նյութական ցանկությունների աղբյուր.
«…Նրանք խորշելով մերժում են անհարկի բաները այն աստիճան, որ մինչև անգամ օրվա կերակուրը, ապրուստը արհամարհում են, ո՞ւր մնաց, թե միսը կամ գինին ճաշակեն, որոնք որովայնը պարարում ու երիկամները ճարպով պատում են․ դրանից բազմատեսակ անօրինություններ են ծագում» (էջ 138)։
Այս դրվագում գինին ընկալվում է ոչ թե որպես անմիջական չարիքի արտահայտություն, այլ որպես մարմնական ցանկությունների և նյութական ախտերի խորհրդանիշ։ Նրա մերժումը վերածվում է հոգևոր կարգապահության և աստվածատուր պահպանողականության տեսակի՝ որտեղ պահեցողությունը համարվում է բարոյական և հոգևոր մաքրության ապահովման գործոն։ Բուզանդի այս դրվագը ընդգծում է նյութի և հոգու հակադրության դիալեկտիկան վաղ քրիստոնեական աշխարհում. այն ցույց է տալիս, որ գինու օգտագործումը կամ մերժումը ոչ միայն սոցիալական ու մշակութային գործոն է, այլև ուղիղ կապ ունի անհատի բարոյական, հոգևոր և կրոնական ինքնադրսևորման հետ։
Եզրակացություն: Այսպիսով՝ Փավստոս Բուզանդի հաղորդած պատմություններում գինին ներկայացվում է որպես բազմաշերտ խորհրդանիշ, որի իմաստն ու ֆունկցիան առնչվում է մարդու հոգևոր, բարոյական, սոցիալական և քաղաքական կյանքին։ Առանձին դրվագներում այն դառնում է սրբապղծության ու մեղքի ցուցիչ, որտեղ մարմնական հաճույքը և հոգևոր կարգապահությունը հակադրվում են։
Բուզանդը ցույց է տալիս նաև հիշողության և ազգային արժեհամակարգի՝ ճակատագրական փորձությունների ժամանակ մարդու դրսևորման կարևորությունը. գինին կարող է վերածվել հավատարմության, ազգային քաջության և հերոսության խորհրդանշանքի, ինչպես Մուշեղ Մամիկոնյանի և Արշակ թագավորի դրվագներում ենք տեսնում։ Այնուհետև գինին դառնում է հոգեկան վերապրումների ու ներքին պայքարի միջոց, որտեղ մարդու ներքին զգացմունքները, հիշողությունը և անցյալի անդրադարձը փոխկապակցվում են նյութական ու հոգևոր ոլորտների հետ։
Միևնույն ժամանակ Պապ և Վարազդատ թագավորների պատմությունները ցույց են տալիս գինու մութ, մահվան և դավադրության միջոց լինելու հնարավորությունը. խմիչքը, խառնվելով արյան հետ կամ օգտագործվելով դավադրության նպատակով, դառնում է բռնության, մեղքի և մահվան դիալեկտիկ խորհրդանիշ։
Արդյունքում, Բուզանդի մոտ գինին ոչ միայն նյութական խմիչք է, այլև միջավայր, որտեղ մարդկային վարքագիծը, հավատքը, հիշողությունը և հոգևոր ընկալումները ստանում են առարկայական ու սիմվոլիկ արտահայտություն։ Գինու բազմաշերտությունը վկայում է նրա մոտակա ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական, կրոնական և հոգևոր ընկալումների խորությունը. այն կարող է լինել սուրբ կամ անիծված, պահպանողական կամ դավադրական, ուրախացնող կամ մահացու՝ կախված կոնտեքստից, որի միջոցով Բուզանդը ընթերցողին առաջարկում է դիտարկել մարդու վարքագծի, նյութի ու հոգու միջակայքի բարդ և բազմափուլ հարաբերությունները։



+374 44 60 22 22
Armenia Wine Company 3 Bild., 1Dead-end, 30 Street, Sasunik 0223

