Հին Արևելքի երկրներում տարբեր չափերի ու տարողության կարասները լայնորեն կիրառվել են տնտեսության տարատեսակ ճյուղերում։ Եգիպտոսում, Ասորեստանում, խեթական, ինչպես և ուրարտական թագավորություններում հացահատիկները և բազմատեսակ գյուղատնտեսական մթերքներ և հատկապես գինին, գարեջուրը և յուղերը պահվում էին կարասներում: Վանի, Արգիշթիխինիլիի, Էրեբունիի, Այանիսի, Թոփրակ Կալեի, Թեյշեբաինիի ինչպես նաև մինչհելլենիստական Արտաշատի պեղումներով հայտնագործվել են հազարավոր խեցեղեն առարկաներ:
Կարմիր Բլուրում իրականացված հնագիտական հայտնագործություններրի շարքում, կարևորագույն տեղ են զբաղեցնում պեղված գինու մառանները, որոնք մեծ նշանակություն ունեն հին աշխարհի տնտեսության մի շարք առանձնահատկությունների բացահայտման գործում: 1950-ական թվականներին մեկնարկած հնագիտական հետազոտություններով այստեղ պեղվել է 8 մառան, որտեղ զետեղված էր ավելի քան 400 հսկայածավալ կարասներ[1]: Նմանօրինակ մառաններ հայտնի են նաև ուրարտական այլ քաղաք-հնավայրերից՝ Էրեբունի[2] (շուրջ 100 հ․), Ալթին Թեփե[3] (70 հ․), Արգիշտիխինիլի (68 հ․)[4] , Ադիլջեվազ, Այանիս և այլն։
Կարմիր բլուրում ամենամեծ կարասները բացվել են N 25 և 28 մառաններում, որտեղ տեղակայված էին համապատասխան՝ 82 և 70 կարասներ[5]: Ձևաբանորեն դրանք բոլորը նույնանման են, տարբերվում են միայն չափսերով, ինչի մասին վկայում են նաև կարասների վրա առկա սեպագիր արձանագրությունները և հիերոգլիֆ թվային նշանները՝ ուրարտական հեղուկի չափման միավորները՝ «ակարկի», «տերուսի»: Առաջիններից, ով զբաղվում էր կարասների չափագիտական հետազոտություններով արշավախմբի ղեկավար, հնագետ` Բորիս Պիոտրվսկին էր, ում կողմից հրատարակված աշխատություններում կարասները ունեն չափային երևելի տատանումներ, հիմնականում 1 «ակարկի» 4½ «տերուսի»-ից մինչև 5 «ակարկի» 5 «տերուսի»: Սեպագիր և հիերոգլիֆ նշանները օգտագործվել են միաժամանակ, ընդ որում սեպագրերը սկզբում գրվել են ամբողջությամբ, իսկ ավելի ուշ` տառային հապավումներով[6]:
Ըստ մի շարք հետազոտողների Կարմիր բլուրից հայտնաբերված կարասները պատրաստվել են տարբեր արհեստանոցներում։ Հավանաբար 8 և ավելի վարպետներ են ներգավված եղել Թեյշեբաինիի մառանների կարասները պատրաստելու գործում[7]։ Այս ամենը փաստում է այն մասին, որ քաղաքներում ներդրված է եղել ստանդարտավորման համապետական համակարգ, որը կառավարելի ու հաշվելի է դարձրել թագավորության տնտեսությունը և խթանել դրա առաջխաղացմանը։
Մի շարք հնավայրերից հայտնաբերված տարբեր տարողությունների կարասների բազմակողմանի չափագիտական հետազոտությունները փաստում են, որ դրանք պատրաստվել են նախապես ֆիքսված ստանդարտավորված չափսերով։ Խեցեղեն անոթների չափերի պատրաստման պետական ստանդարտավորումը լայն տարածված էր անտիկ ժամանակաշրջանում։ Այս եղանակով պետական իշխանությունը ձգտում էր ստանդարտավորել տարրաների ծավալները, ինչպես արտադրանքի պաշարը պահեստավորելու[8], այնպես էլ դրանց տեղափոխումն ու վաճառքը կազմակերպելու նպատակով։ Ինչպես փաստում է մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կեսի թասիական հրամանագիրը, Թասոսում կարասների (Pithos) արտադրության ստանդարտացումը՝ դրանց ծավալների միատարրության հասնելու համար, խստորեն կարգավորվում էր պետության կողմից՝ որոշելով դրանց չափերը երկարության չափման միավորներով՝ դակտիլներով (մատներով)։ Ստանդարտներին է համապատախսանում նաև ուրարտական մի շարք հնավայրերից հայտնաբերված կարմիր փայլեցրած, գնդաձև իրանով, եռատերև պսակով միականթ սափորները /օյնախոյա/, որոնք նախատեսված էին գինու մատուցման համար և չափերով գրեթե չեն տարբերվում: Այսպիսով հիմքեր կան ենթադրելու, որ անտիկ խեցեղենի արտադրության ստանդարտացման ակունքները սկիզբ են դրվել դեռևս Հին Արևելքում։
Հայտնի է, որ տարբեր խմբերի խեցեղենի պարագայում, չորացման և թրծման արդյունքում չափերի կրճատումը միջինում կազմում է 8-12 %: Հավանաբար բրուտագործին տրվել է երկու տարբեր չափսեր՝ նախնական, որով վարպետը պետք է առաջնորդվեր արտադրանքը ձևաորելիս և ավարտական, որին պետք է համապատասխաներ արտադրանքի վերջնական չափսերը։ Այդուհանդերձ այդպիսի ծավալների կարասները անհնար էր պատրաստել իդեալական ստանդարտ չափսերի մեջ, ակնհայտորեն անհրաժեշտ էր կարասները պիտակավորել իրենց տարողության նշումներով։ Հիերոգլիֆ և սեպագիր նշումները իրականացվել են կարասները թրծելուց, մառան տեղափոխելուց և գինի լցնելուց հետո միայն[9][10]: Սրա մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ կարասների վրա արձանագրությունները իրականացվել են արդեն հողի մեջ կիսաթաղված կարասներին, որպսեզի գինու մառանի խորքերը անցնելիս դրանք հստակ տեսանելի լինեն[11]։ Հատկանշական է նաև գինու կարասների վրա մինչև երեք անգամ նշված չափերը, որոնց տարբերությունը հասնում է մի քանի տերուսիի[12]։
Ըստ Բ. Պիոտրովսկու 1 «ակարկին» հավասար էր 250 լիտրի, իսկ «տերուսին» ⅒ «ակարկիի»: Կարասների վրա առկա տարողության նշանները իրարից քիչ են տարբերվում: Հավանաբար 1 «ակարկին» բաժանվել է 10 «տերուսիի», հիմնվելով այն վարկածի վրա, որ ուրարտական թվային համակարգը հիմնված էր տասնորդականի հիման վրա[13]: Բրաշինսկին գտնում էր, որ խնդրի ամենապարզ լուծումը` չափագիտական հաշվարկներն են, քանի որ ծավալի ցանկացած չափման հիմքում ընկած են երկարության որոշակի հիմնական չափման խորանարդ միավորները[14] (օրինակ` փյունիկյան կոր, որպես երեք խորանարդ կանգուն ծավալ[15], ուրարտական ` կանգուն /53.1 սմ/):
Կարմիր բլուրի մառաններում ամբարվել է շուրջ 400.000 լ. գինի /1500 ակարկի/, ինչը հին աշխարհի չափորոշիչներով բավականաչափ ազդեցիկ թիվ է: Հուշարձանի մառանները գերազանցել են մինչ օրս պեղված ցանկցած ուրարտական շրջանի գինու պահեստներին, նույնիսկ Մանազկերտի մոտ` Մենուայի կանգնեցրած արձանագրության մեջ հիշատակված 900 ակարկիով գինու պահեստին[16]:
Վանի թագավորությունում խեցեղենի արտադրության պետական ստանդարտացման փաստը մեծագույն հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես ստանդատացման` ընդհանրապես սկզբնաղբյուրների ուսումնասիրման և դրա ազդեցության հետագա քաղաքակրթությունների զարգացման համատեքստում:
[1] Б. Б. Пиотровский, Ванское царство, М., 1959, стр. 145—147; ср. ег о же , Город бога Тейшебы, С А, 1959, No 2, стр. 172.
[2] Демская Д., Кладовые Эребуни, “Сообщение Государственного музея изобразительных искусств имени А.С. Пушкина”, вып. IV, 1968, 176-182.
[3] Özgüç, T., Altintepe II, Ankara, 1969.
[4] А. А. Мартиросян , Раскопки Аргиштихинили, СА, 1967, No 4, стр. 228; ср. е г о же , К социально-экономической структуре города Аргиштихинили, СА , 1972, N 3 стр. 46.
[5] Б. Б. Пиотровский, Кармир-блур, II, Ереван, 1952, стр. 16—40.
[6] Ղասաբյան Զ․Մ․, Թեյշեբաինիի գինու կարասները, «Պատմա-բանասիրական հանդես», 1959, No 4, էջ 216:
[7] Ղասաբյան, 1959, 213:
[8] И. Б. Брашииский, Методика изучения стандартов древнегреческой керамической тары, С А, 1976, No 3, стр. 87 слл.
[9] Б. Б. Пиотровский, Кармир-блур, III, стр. 23.
[10] Ղասաբյան, 1959, 215:
[11] Б. Б. Пиотровский , Кармир-блур, II, стр. 65.
[12] Ղասաբյան, 1959, 215:
[13] М. А. Исраелян. Уточнения к чтению урартских надписей, I. Об урартской системе счисления, «Древний Восток», 2, стр. 116
[14] И. Б. Брашииский, Урартсвкие карасы, , «Историко филологический журнал», Ереван 1978, с. 152.
[15] Nissen H., Griechische und römische Metrologie, Handbuch der Klassischen Altertums-Wissenschaft,C. H. Munchen 1892.
[16] Г. А. Меликишвили , УКН, ВДИ, № 2, 1953.