Հայտնի է, որ գինեգործությունն ու խաղողագործությունը առանձնահատուկ տեղ են գրավել Հելլենիստական աշխարհի նյութական և հոգևոր մշակույթում: Այստեղ գինու հետ առնչվող ստեղծագործական միտքը անսպառ է: Այս մշակույթի ազդեցության, բայց հետագայում ընգծված՝ տեղական մասնաբաժինը, կրել է նաև Հայաստանը:
Հին Հայաստանում արտադրվել է մեծ քանակությամբ ապրանքային գինի, որը վաճառքի է հանվել միջազգային շուկաներում: Պատահական չէ, որ Հերոդոտոսի ժամանակներում մեծ պահանջարկ էր վայելում «Արմենների երկրի» գինին: Նրա վկայությամբ վաճառականները Արմենիայում պատրաստած կարմիր գինին կարասներով Եփրատ և Տիգրիս գետերով տեղափոխում էին Բաբելոն: Ստրաբոնի վկայությամբ` Հայաստանում առկա էին բերրի հովիտներ` Արաքսի, Ուտիքի հովիտները[1]: Մ.թ. IV դարում այնքան մեծ էր հայկական գինիների պահանջարկը, որ Վաղարշապատ քաղաքը վերածվել էր գինու առևտրի կենտրոնի, ինչի մասին փաստում է «Բաբելոնյան գեմառան» [2]:
Հայաստանով էին անցնում միջազգային առևտրական տարանցիկ կարևոր ճանապարհներից մի քանիսը, ինչպես Չինաստանից, Միջին Ասիայից և Հյուսիսային Հնդկաստանից դեպի Արևմուտք, այնպես էլ Հարավից, Միջագետքից, Սիրիայից, դեպի հյուսիս՝ Սև ծովի և Ազովի ափեր։ Հայաստանի քաղաքները հիմնականում տեղակայված էին առևտրային ստրատեգիական ճանապարհներին և իրենց արտադրանքով ակտիվ մասնակցություն ունեին այդ աշխույժ առևտրում։
Առանձնակի ուշադրության է արժանի գինու պահպանման և օգտագործման պարագաները` տարբեր չափերի կավե կարասները, սափորները, ըմպանակները, ռիտոնները, արծաթից, բրոնզից և ապակուց պարտրաստված սպասքը և այլն: Ստորև կներկայացնենք դրանցից մի քանիսը:
Շնորհիվ Գառնիի, Արմավիրի, Արտաշատի, Սիսիանի հնագիտական հետազոտությունների, հնարավոր դարձավ ծանոթանալու նաև անտիկ Հայաստանի տորևտիկային: Հայաստանը մետաղամշակության հնագույն օրրաններից մեկն է, ուստի մետաղի գեղարվեստական մշակումը հայտնի է դարերի խորքից: Այս առումով բացառիկ է դեռևս 1970-ական թվականներին Սիսիան քաղաքում պեղված իշխանական դամբարանը: Չմանրամասնելով դամբարանի կարևորությունը` անտիկ Հայաստանի մշակույթի ուսումնասիրությանում, նշենք միայն որ մի շարք առարկաների հետ մեկտեղ այստեղ հայտնաբեվել է երեք արծաթե թաս` նախատեսված ամենայն հավանականությամբ գինու մատուցման համար: Թասերը չափերով իրարից քիչ են տարբերվում: Անոթների պսակները դեպի ներս լայնանում են ու կլորանում: Թասերից մեկը առանձնանում է իր շքեղ հարդարանքով, իսկ մակերեսը բաժանված է ութ հավասար մասերի, որոնցից առաջին չորսը զարդարված են առևակոսներով, իսկ մյուս չորսը` սուր, երկարուկ տերևներով, հավանաբար նետաբույսի (sagittaria) և ոճավորված խաղողի որթերով: Նմանօրինակ հելլենիստական համարվող կիսագնդաձև թասեր հայտնաբերվել են հարավարևմտյան Հայաստանում ` Աշվանում[3]: Այս տիպի թասերը օգտագործվել են աստվածներին ձոնված սրբազան արարողություններում: Առանձնակի ուշադրության է արժանի դամբարանից հայտնաբերված արծաթե սկահակը, որի մակերեսը զուրկ է որևէ բուսաերկրաչափական պատկերներից, փոխարենը առկա է արամեերեն եզակի արձանագրություն։ Արձանագրությունից պարզ է դառնում թե ով էր թաղված դամբարանում՝ Սյունիքի իշխաններից մեկը, հավանաբար բդեշխը[4], պահպանված է անունը, ինչպես և հավելյալ տեղեկություններ ենք ստանում անտիկ Հայաստանի կշռային միավորների վերաբերյալ։ «Այս թասը պատկանում է Արախսզատին, արծաթի քաշն է 100 դրախմա»։ Գրության ձևով արամեերեն արձանագրությունը կապվում է հյուսիսմիջագետքյան արամեական ավանդների հետ[5]։ Նման տառատեսակի մուտքը Հայաստան տեղի է ունեցել մ․թ․ա․ 1-ին դարում[6] Տիգրան Բ-ի կառավարման ժամանակաշրջանում։ Նույն գրելաոճն ունեն Արտաշատի առաջին բլրից պեղված և մ.թ.ա. 1-ին դարով թվագրվող ապակե գդալի[7] և լազուրիտե պնակի[8] արամեերեն արձանագրությունները: Ըստ հետազոտողների սկահակի արձանագրության մեջ հիշատակվող Araxszat անունը թասի տիրոջ անունն է, որը հանդիպում է առաջին անգամ: Սիսիանի դամբարանի նյութերը ևս մեկ անգամ փաստում են այն մասին, որ չորս զորահրամանաատներից մեկը` Արևելյան մասինը Սյունյաց իշխանն էր: Araxszat անունը թարգմանվում է ` «աստվածների հովանավորթյան ներքո ծնված»:
Գինու հետ աղերսվող հաջորդ վկայությունը հայտնի է Արտաշատ մայրաքաղաքի պեղումներից, դրանք կանացի դեմքեր պատկերող բացառիկ ոսկյա ականջօղերն են։ Վերջիններս հայտնաբրեվել են 1980-ական թվականներին քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում տեղակայված` «ոսկե բլուր» կոչվող բլրի գագաթի ժայռափոր դամբարանի պեղումներից։ Դրանք մենադներին պատկերող ականջողեր են։ Հայտնի է որ մենադները հունական դիցաբանությունում խաղողագործության և գինեգործության աստված ` Դիոնիսի ուղկեցորդուհիներն ու երկրպագուհիներն էին: Դիոնիսոսը հաճախ հանդես է գալիս մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված։ Նրա շուրջը երգելով ու ճիչեր արձակելով, պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած։ Շքախումբը եզրափակում է Դիոնիսոսի իմաստուն ուսուցիչ ծերունի Սիլենը, որը, սակայն, թունդ հարբած է։ Նա հազիվ նստած է ավանակի վրա՝ հենվելով կողքին դրված գինու տիկին։
Արտաշատից հայտնաբերված տասնյակ կավե արձանիկների մեջ առաձնձնակի ուշադրության է արժանի կլորավուն գլխով, ընդգծված մկաններով, մորուքավոր ծերունու արձանիկը` կիսապարկած դիրքով, ով աջ ձեռքով գրկել է ինչ որ առարկա, հնարավոր է սափոր կամ մեծ գինով լի տիկ, այսեղ կասկած չկա որ պատկերվածը` Սիլենն է, ով հունական դիցաբանության մեջ համարվում է Դիոնիսոսի դաստիարակն ու ուսուցիչը։ Այստեղ պետք է նշել նաև Վաղարշապատ քաղաքից պատահաբար հայտնաբերված փոքրիկ կավե արձանիկի պահպանված գլուխը /բարձր․ 5սմ․/, որը պատկերում է Դիոնիսոսին: Վերջիններս պահվում և ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում։ Դիոնիսոսի պատկերը կրող շատ հետաքրքրական կավե սափոր պահվում է Շիրակի երկրագիտական թանգարանում, որը հայտնաբերվել է Բենիամինի հնավայրից և թվագրվում է մ.թ. 1-ին դարով: Այստեղ աստվածությունը ներկայացված է շատ հետաքրքիր կերպարանքով, նրա դեմքը և ձեռքերը ծեփվել են սափորի պսակի ներսի հատվածում`սափորը պատրաստելուց անմիջապես հետո, ստեղծվում է այնիպսի տպավորթյուն, որ կարծես Դիոնիսոսը փորձում է դուրս գալ սափորի միջից:
Ուշագրավ է 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունու հիշատակությունը, Արտաշես I արքայի կողմից Մեծ Հայքի Կորճայք նահագանգի Փոքր Աղբակ գավառում կառուցված Դիոնիսոսի մեհյանի վերաբերյալ[9]: Արտաշես I մեծ կարևորություն էր տալիս այգեգործության ու խաղողագործության զարգացմանը[10]: Նա Վան քաղաքի հարավային արվարձանում տնկել է «սաղարթախիտ ծառերով, խաղողի որթերով ու զանազան պտուղներով ընդաձակ այգիներ»[11]:
Հետաքրքրական են Հայաստանում գտնված երեք արջակերպ անոթները, որոնցից մեկը գտնտվել է Վայոց Ձորի մարզում, իսկ երկուսը պեղվել են Արտաշատ մայրաքաղաքից, ընդ որում տարբեր թաղամասերից: Վայոց Ձորի արջակերպ անոթը հար և նման է Արտաշատի 8-րդ բլրի արհեստավորական թաղամասի սրահից հայտնաբերված արջակերպ անոթին, ծավալային և դեկորատիվ որոշակի տարբերություններով: Դրանք նույնպես կապակցվում են գինու մատուցման հետ և թվագրվում են մ.թ. 1-2-րդ դարերով:
Հայաստանի անտիկ շրջանի հուշարձանների` Արմավիրի, Գառնիի, Արտաշատի և մյուս հնավայրերի պեղումները վկայում են անտիկ շրջանի, և մասնավորապես մ.թ.ա. 2-ից մ.թ. 2-րդ դարերի հայ մշակույթի վրա հելլնիստական աշխարհի թողած մեծ ազդեցության մասին: Հելլենիստական մշակութային շրջանակներ ընգրկված երկրներում, այդ թվում և Հայաստանում, ի հայտ եկան մշակութային մի շարք ընհանուրթյուններ, որոնք ոչ այնքան փոխառություններ էին, որքան ողջ հելլենիստական Արևելքում առկա ինքնատիպ մի շրջան ձևավորող, գեղարվեստական որոշակի ընդհանուր մթնոլորտի գոյության փաստ:
[1] Страбон 1964, II, I, 14.
[2] Գասպարյան Բ., Խաղող և գինի, Երևան 2005, էջ 145:
[3] Mithcell St., Asvan Kale, Anatolian studies, vol. XXIII, 1973, fg. 23, 3.
[4] Խաչատրյան Ժ․, Սիսիանի իշխանական դամբարանը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2009։
[5] Периханян А., Арамейская надпись на серебряной чаше из Сисиана, ИФЖ 1971, N3, с. 78-81.
[6] Տիրացյան Գ․, Արտաշես Ա-ի ևս մեկ նորագյուտ արամեական արձանագրություն, ՊԲՀ, 1977, N4, էջ 255-258»։
[7] Хачатрян Ж.Д., Стеклоделие в Древней Армении, ИФЖ, 1971, N3, с. 78-81.
[8] Б. Н. Аракелян, Арташат I, Основные результаты раскопок 1970-1977, Академия наук ССР, 1982.
[9] Թովմա Արծրունի 1985, I, Ը, 91:
[10] Փալանջյան Ռ., Անտիկ Հայաստանի գինեգործությանն առնչվող հնագիտական գտածոներ Վայոց Ձորից, ՀԱԻ, Երևան 2023:
[11] Թովմա Արծրունի 1985, I, Է, Ը, 85, 87–89։