«Սիրելից» և «Խնդալից»․ նոր էլիքսիրներ՝ Հայաստանի գինու պատմության թանգարանի և Մատենադարանի կողմից

Scroll down

Արմենիա Վայն գինեգործարանում օրերս տեղի ունեցավ «Սիրելից» և «Խնդալից» կոչվող էլիքսիրների շնորհանդեսը․ 

Էլիքսիրներն ստեղծվել և թողարկվել են Հայաստանի գինու պատմության թանգարանի և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ և Արմենիա Վայն ընկերության աջակցությամբ։ Անուշաբույր խմիչքները պատրաստվել են միջնադարյան տարաժամանակյա ձեռագրերում զետեղված բաղադրատոմսերով․ հիմքում հայկական  գինին է, որի հրաշագործ և բուժիչ հատկությունների մասին հիշատակում են միջնադարյան մեծանուն բժիշկներ Ամիրդովլաթ Ամասիացին, Մխիթար Հերացին, Գրիգորիսը և այլք։ Բաղադրության մեջ օգտագործվել էն նաև հայկական լեռնաշխարհում աճող խոտաբույսեր և ծաղիկներ, որոնք ցուցադրված են Հայաստանի գինու պատմության թանգարանում։

Ձեռագրերում առկա բաղադրատոմսերի երկար հետազոտությունների  և մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ ստեղծված «Խնդալից» էլիքսիրը կախարդիչ ուժ ունի․ խոստանում է բարձրացնել տրամադրությունն ու երջանկություն պարգևել․  «Սիրելից» էլիքսիրի առաքելությունը ևս կարևոր է․ ինչպես ձեռագրերում է նշվում՝ «վասն զորաց մերձավորության»։

Հայաստանի գիու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով ծրագրի մտահղացումը ծագել է 2021 թվականին, իսկ 2023 թվականին Մատենադարանի հետ համագործակցության հուշագիրը կարևոր քայլ էր Էլիքսիրներն արտադրելու և նոր  համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար․

-Մատենադարանը հայկական բարձր մշակույթի և գիտության պահպանման բացառիկ օջախ է․ նման կառույցի հետ աշխատելը մեզ համար պարտավորեցնող է և ոգևորիչ է․ էլիքսիրներ պատրաստելու ծրագրի նպատակը միջնադարյան ժառանգությունը հանրայնացնելն ու կիրառելի դարձնելն էր․ էլիքսիրների հանդեպ մեր այցելուների և հյուրերի մեծ հետաքրքրությունը փաստում է, որ ծրագիրը հաջողվել է,- պատմում է Հայկ Գյուլամիրյանը՝ ավելացնելով,- Մատենադարանի հետ սպասվող համատեղ ծրագրերը, ցուցադրությունները շատ են․ վերջերս իրականացրինք նաև մի հետաքրքիր նախաձեռնություն, որի շնորհիվ յուրաքանչյուր շաբաթ օր զբոսաշրջիկների համար շուտով կգործի անվճար երթուղի՝  Մատենադարան-Հայաստանի գինու պատմության թանգարան-Մատենադարան ուղղությամբ։

«Սիրելից» և «Խնդալից» էլիքսիրների շնորհանդեսը տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի ամփոփիչ միջոցառման շրջանակում, որտեղ ներկա էին մի շարք գիտական կառույցների ու թանգարանների ղեկավարներ և ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։