«Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է». Եվրանյուզի անդրադարձը

Scroll down

«Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է»,- այսպես է վերնագրել «Եվրանյուզ» միջազգային առաջատար մեդիացանցն իր անդրադարձը՝ հռչակելով հայկական բարձրավանդակը գինեգործության հնագույն հայրենիք։

«Եվրանյուզ» լրատվականը պատմում է հայկական 8000-ամյա խաղողագործության ավանդույթների և 6000-ամյա գինեգործական մշակույթի մասին՝ հավելելով, որ գինու մասին մտածելիս չպետք է բաց թողնել գինեգործական ամենահին շրջաններից մեկը ՝ Հայաստանը։

Լրատվամիջոցը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում վերջերս բացված գինու պատմության թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշները այցելուների համար ճանապարհ  են բացում դեպի հայկական գինեգործության անցյալ և գերժամանակակից լուծումների շնորհիվ ցույց  տալիս տարածաշրջանի, կրոնի, մշակույթի և բժշկության խորը կապը հայկական գինու հետ:

«Թանգարանը գտնվում է Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա՝ Արմենիա Վայն գինեգործարանում,  տեղակայված է 8 մետր խորությամբ բազալտե ապարներում․ երբ անցնում ես գետնափոր թունելի միջով,  քեզ թվում է, թե մտնում ես գինու հսկա  մառան»,-նշում է «Եվրանյուզն» ու ավելացնում,- «թանգարանում գտնվող պատմահնագիտական և ազգագրական նմուշները ցույց են տալիս, թե ինչպես է գինին հայերին ուղեկցել օրորոցից մինչև թաղման ծեսեր»։

Կարևորելով հնագույն գինեգործության մշակույթը հանրահռչակելու թանգարանի միտումը, «Եվրանյուզը» մատնանշում է նաև մատենագրության առկայությունը, ինչը փաստում է, որ Հայաստանն իսկապես գինեգործության բնօրրանն է։

Նյութի աղբյուրը ՝ www.euronews.com