Նոյի կերպարը հայկական միջավայրում: Նոյ նահապետի կերպարը հայ մշակութային և վիպաշարային մտածողության մեջ հանդես է գալիս որպես վերածննդի, բնության հետ ներդաշնակության և հոգևոր վերափոխման համընդհանուր խորհրդանիշ։ Նա ոչ միայն աստվածաշնչյան կերպար է, այլև հայ ժողովրդական ավանդազրույցներում և բանավոր պատմություններում ձևավորված ազգային բնույթ ունեցող նախահայր, որի շուրջ համախմբվել են մի շարք ավանդույթներ, ծեսեր և խորհրդաբանական պատկերներ։
Հայկական միջավայրում Նոյը հաճախ ներկայացվում է ոչ թե պարզապես որպես ջրհեղեղից փրկված արդար մարդ, այլ որպես արարիչ և նոր կյանքի հիմք դնող առաջին այգեգործ, ով խաղողի միջոցով կապ է հաստատում երկրի և երկնքի, մարդկային և աստվածային աշխարհների միջև։ Նրան նվիրված բազմաթիվ ավանդազրույցներից որոշները պատմում են, թե ինչպես տնկեց առաջին որթատունկը, ինչպես դրախտից բերեց խաղողի ճյուղը, ինչպես հայտնաբերվեց գինու ուժը և ինչպես այդ ամենը դարձավ հոգևոր և նյութական վերածննդի խորհրդանիշ։ Այսպիսով՝ Նոյի կերպարը հայ ժողովրդական պատկերացումների մեջ դառնում է խաղողագործության, խաղողի և գինու մշակույթի հիմնադիր խորհրդանիշը, որը միավորում է բնության կենարար ուժը և հավատքի վերափոխող էությունը։
Խաղողը՝ որպես սրբազան բույս. Ակոռի գյուղի անվան ժողովրդական ստուգաբանությունը: Ակոռի գյուղը տեղակայված է Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում՝ Մեծ Մասիսի վիհի եզրին։ Հայ ավանդական մտածողության մեջ այն միայն աշխարհագրական տարածք չէ, այլև խորհրդանշական վայր, որտեղ միահյուսվում են Աստվածաշնչյան պատմությունը, հայոց նախնիների հավատալիքները և բնության հետ մարդու հոգևոր կապի պատկերացումները։ Ավանդազրույցների համատեքստում Ակոռին դիտվում է որպես այն սրբավայր-հուշավայրը, որտեղ Նոյ նահապետը՝ ջրհեղեղից հետո դուրս գալով տապանից, տնկում է առաջին որթը՝ դառնալով խաղողի և այգեգործության նախահայրն ու հայրենական բնության վերածննդի խորհրդանիշը։ Այս պատումը, որը ունի խորապես մետաֆորիկ բնույթ, վկայում է ոչ միայն կյանքի շարունակության, այլև ստեղծագործության ու աշխատանքի սրբագործման գաղափարի մասին։
Գրիգոր Մագիստրոսը՝ 11-րդ դարի հայ միջնադարյան գրականության և գիտական մտքի նշանավոր ներկայացուցիչը, անդրադառնալով այս ավանդազրույցին, իր նամակներից մեկում, գրում է. «Բայց առ Հրէից եւ յաստուածեղէն մատենից, նաև ի Քաղդեաց զՔսիւսութրէս իմանամք զորթ տնկեալ…։ Եւ ի ծերոց առասպաբանեն ասել յԱկոռի, ստուգաբանեն եթէ Արկ ուռի» (Գրիգոր Մագիստրոս, 1910, էջ 89-90)։ Այս մեկնությամբ նա մատնանշում է ժողովրդական էթիմոլոգիան, համաձայն որի՝ Ակոռի անունը բացատրվում է որպես «որթ տնկելու վայրը»։ Մագիստրոսը, սակայն, գիտական զգուշավորությամբ հակված է չընդունել այդ բացատրությունը՝ առաջարկելով այլ վարկած. ըստ նրա՝ Նոյը խաղողի պատվաստը վերցրել է ոչ թե անմիջապես ջրհեղեղից հետո, այլ այն ժամանակ, երբ ջրերը նվազել են, և նա ի զորու է եղել եղած որթերից հատել ու պահպանել պատվաստը՝ ապագա բույսի վերարտադրության համար։ Այս դիտարկումը Նոյին ներկայացնում է ոչ միայն որպես աստվածային կամքի կատարող, այլև որպես իմաստուն այգեգործ, ով գիտի կյանքի վերածնունդը ապահովելու միջոցը։
Գերմանացի ճանապարհորդ Բարոն Ֆրիդրիխ ֆոն Հաքսթհաուզենը, այցելելով Հայաստան 19-րդ դարի կեսերին, իր գրառումներում ևս անդրադարձ է կատարում Նոյի կերպարին՝ նշելով, թե հայերը հավատում են, որ Նոյը խաղողի վազը բերել է դրախտից. նա այդ հատվածում օգտագործում է «Paradise» բառը (von Haxthausen, 1854, էջ 193)։ Հայերեն թարգմանությունում այս միտքը փոխանցված է «յառաջնոյ աշխարհէն», այսինքն՝ նախաստեղծ կամ նախնական աշխարհից, ինչը ևս մեկ անգամ վկայում է հայ մտածողության մեջ դրախտային աշխարհի և բնական աշխարհի ներդաշնակ միավորման գաղափարի մասին։
Այս վարկածների տարբերությունը ինքնին վկայում է այն բանի մասին, որ Նոյը հայ մշակութային հիշողության մեջ չի ընկալվում միայն որպես Աստվածաշնչյան կերպար, այլև որպես մշակույթի հիմնադիր, բնության վերածնունդի խորհրդանիշ և կյանքի շարունակության դավանաբանության կրող։ Նրա կերպարի շուրջ ձևավորված ավանդազրույցները՝ կապված խաղողագործության, գինու և այգու հետ, ներկայացնում են բնության հանդեպ հարգանքի, աշխատանքի սրբագործման և նյութական ու հոգևոր աշխարհի միասնության մասին հայ ժողովրդի խորապես փիլիսոփայական ընկալումները։
Այս իմաստով Ակոռին ոչ միայն աշխարհագրական կետ է, այլև մշակութային արգասիք, որտեղ մարդու և բնության կապը դառնում է հավերժական խորհրդանիշ։ Այստեղ Նոյը հանդես է գալիս որպես հայ մարդու այն նախատիպ, որը կորուստներից հետո կարողանում է վերակերտել աշխարհը՝ մեկ որթի տնկումով։
Նոյյան աղավնին, խաղողի առաջին որթը և Պատարագի գաղափարը: Ղարադաղից (պատմ.՝ Վասպուրական. գտնվում է ժամանակակից Իրանի տարածքում) գրառված ավանդության համաձայն՝ Քրիստոսն է օրհնել խաղողը և փոխանցել այն աղավնուն՝ Սուրբ Հոգուն, որպեսզի վերջինս տանի Նոյին (Հովսեփյան 2009, 421): Այլ զրույցներում Քրիստոսը ոչ միայն խաղողի որթն է տալիս աղավնուն, այլև փոխանցում է գինին և պատարագի բանաձևը, որը առանձնահատուկ տեղ ունի հայ ավանդազրույցային մտածողության մեջ։ Եթե հաշվի առնենք, որ աղավնին խորհրդանշում է Սուրբ Հոգին, ապա այս պատմությունը լիովին համահունչ է Սուրբ Հովհաննես Օձնեցու մեկնաբանությանը, որտեղ ասվում է. «Հոգին Սուրբ մտանելով՝ ոչ սկաւս ի տապանեն հանէ, այլ զբոլոր տիեզերս յերկրէ յերկինս երկինք հանէ։ Ի ցամաքել ջրոյն՝ մատոյց Նոյ պատարագ Աստուծոյ. և ի ցամաքել մեղացն ի մէնջ՝ լինիմք սեղան Աստուծոյ, և ի սուրբ մտաց պատարագ ընդունելի մատուցանեմք Աստուծոյ» (Յովհան Աւձնեցի 1833, 136): Այս մեկնության մեջ հստակ ընդգծվում է Նոյի պատարագի և հոգևոր նորացման գաղափարը, որտեղ գինին հանդես է գալիս որպես աստվածային և մարդկային միության խորհրդանիշ։
Այս դրվագի խորհրդաբանությունը խորքային է։ Աղավնին, որպես Սուրբ Հոգու մարմնացում և խորհրդանիշ, դառնում է աստվածային պատգամի և հաղորդության իմաստը փոխանցող միջնորդ։ Այն ոչ միայն ծառայում է որպես հաղորդության խորհրդաբանական խորհրդանիշ, այլև ընդգծում է մարդու և աստվածային ուժերի միջեւ կապի շարունակականությունը, որտեղ Նոյի կերպարը ստանում է կրոնական, բարոյական և մշակութային նշանակություն։
Այս ավանդազրույցը պարզ ցույց է տալիս, որ հայկական ժողովրդական պատկերացումները ոչ միայն պահպանել են քրիստոնեական գաղափարները, այլև դրանք վերակազմակերպել են բնության և մարդկային գործողությունների շրջանակում, ստեղծելով մի յուրահատուկ կապ՝ խաղող՝ աստվածային օրհնության, աղավնու՝ հաղորդության, և Նոյի՝ վերականգնման խորհրդանիշների միջև։
Ժողովրդական ավանդազրույցներում այս մոտիվը նոր շերտեր է ստանում։ Ըստ ժողովրդական պատկերացումների՝ Նոյը դառնում է այն միջնորդ կերպարը, որի միջոցով մարդու և Աստծո միջև հաստատվում է նոր ուխտը՝ գինու միջոցով։ Այս միտքը խորապես արտացոլված է նաև ժողովրդական երգարվեստում.
«Անմահութեան պտուղ դու ես,
Որ աշխարհիս մէջն բուսար,
Զքեզ հրեշտակք եբեր Նոյի,
Որ ոք պտղովդ ուրախանայր…»
(Կոստանեանց 1896, Հ. 18, էջ 67):
Այս տողերում խաղողը ներկայացվում է որպես անմահության պտուղ, որը միաժամանակ համադրում է երկնային և երկրային աշխարհները՝ կապելով աստվածային օրհնությունը մարդկային կյանքի ուրախության հետ։
Բարոն ֆոն Հաքսթհաուզենի արձանագրած ավանդազրույցը լրացնում է այս մեկնությունը՝ նշելով, որ Նոյը խաղողի որթը իր հետ բերել էր դրախտից (von Haxthausen 1856, 171, 225)։ Քանի որ գինին հաղորդության երկրորդ բաղադրիչն է՝ Քրիստոսի արյան խորհրդանիշը, Նոյի կողմից այդ որթի բերելը դիտվում է որպես հոգևոր ժառանգության շարունակություն և փրկագործական գաղափարի նախապատկեր։
Հենց այս նույն խորհրդաբանական տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Էջմիածնի անվան ծագման մասին ավանդազրույցը։ Թեև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նորակառույց եկեղեցին անվանել է «Էջմիածին»՝ «Փրկչի վայրէջք» իմաստով, սակայն ժողովրդական մեկնությամբ անվան հիմքում ընկած է այն համոզմունքը, թե այստեղ հենց Նոյն է տնկել դրախտից բերած խաղողի որթը։ Այդ որթի պտղից ստացված գինին էլ խորհրդանշել է Քրիստոսի արյունը՝ դարձնելով Էջմիածինը ոչ միայն վայրէջքի, այլև ոգևոր վերածննդի և աստվածային կյանքի խորհրդանիշի վայրը (von Haxthausen 1856, 225)։ Այս դրվագը հաստատում է այն գաղափարը, որ խաղողը՝ որպես աստվածային պտուղ, միջնորդում է երկնքի և երկրի միջև, մարմնավորելով հաղորդության խորհուրդը և Նոյի միջոցով՝ մարդկային գոյության նոր սկիզբը։
Խաղողի առաջին էտը և գինու առաջացումը՝ ըստ Նոյին առնչվող հայկական ավանդազրույցների: Խաղողի էտի ծագման մասին պահպանված ժողովրդական ավանդությունը հայ մշակութային հիշողության մեջ առանձնանում է իր բնորոշ առասպելական տրամաբանությամբ, որտեղ բնությունը և մարդը հանդես են գալիս համակեցական փոխազդեցության մեջ։ Ըստ ավանդության՝ խաղողի առաջին էտը պատահականորեն առաջացել է՝ կենդանական աշխարհի միջամտությամբ։ Մի տարբերակով այս սովորույթը կապվում է էշի, իսկ մեկ այլ տարբերակով՝ այծերի հետ (Ժամկոչյան 2012, 181): Պատմվում է, որ երբ էշը կամ այծերը կրծոտել են Նոյի տնկած խաղողի բարակ որթերը, նա զայրացել է և պատժել կենդանիներին՝ կարծելով, թե նրանք վնաս են հասցրել իր այգուն։ Սակայն աշնանը, երբ խաղողը անսպասելիորեն տվել է առատ և հյութեղ բերք, Նոյը հասկացել է, որ հենց այդ կրծելու գործողությունն է դարձել որթատունկի զորացման և վերաճման պատճառը։ Այսպիսով՝ այն, ինչ սկզբում դիտվել է որպես վնաս, վերածվել է ստեղծագործական գործոնի՝ բերելով բերքաբերության նոր ձև։ Այս պատմությունը հայ ժողովրդական մտածողության մեջ դառնում է յուրատեսակ եկեղեցաբանական ու բարոյագիտական առակի մեկնություն, որով հաստատվում է մի պարզ, բայց խորքային գաղափար՝ բնության ամեն փորձություն, երբ ճիշտ է ընկալվում, կարող է վերածվել վերածննդի և բարեբերության աղբյուրի։
Այդպես է ձևավորվում խաղողի էտելու սովորույթը՝ ոչ միայն որպես գյուղատնտեսական հնարք, այլև որպես խորհրդանիշ վերակազմության, վերականգնման և կյանքի անընդհատ նորացման։
Գինու ծագումը: Աստվածաշնչում կարդում ենք, որ «Նոյը, հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: Ծննդոց 9:18-20
Սակայն բոլորովին այլ պատմություններ կան արձանագրված հայ բանահյուսության մեջ, որտեղ նշվում է, որ Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտել է Նոյի այծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները, հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Մեկ այլ պատում ոչ միայն արձանագրում է գինու և Նոյի կապը, այլև ապացուցում, որ նույնիսկ առաջին կենացը Նոյն է ասել. երբ իր տնկած խաղողի հյութը որդիները փորձել են խմել, նա թույլ չի տվել, մտածելով, որ այն կարող է վնասակար լինել: Դրա համար անձամբ է խմել առաջինը, որպեսզի, վնասի դեպքում տուժի հենց ինքը: Տեսնելով իրենց հոր անձնազոհ արարքը, որդիներն ասել են նրան՝ «անուժ լինի», որը հետագայում դարձել է «անուշ լինի» (Գյուլումյան Գ., ԴԱՆ, 2012):
Եզրակացություն: Նոյին վերաբերող հայ ավանդազրույցների բազմաշերտ համակարգը վկայում է, որ Նոյ նահապետի կերպարը հայկական մշակութային մտածողության մեջ վաղուց արդեն դուրս է եկել միմիայն Աստվածաշնչյան պատմության սահմաններից՝ վերածվելով համազգային ստեղծագործական սկզբի, հոգևոր վերածննդի և բնության հետ ներդաշնակ գոյության խորհրդանիշի։ Հայկական վիպաշարային և բանավոր ավանդույթներում Նոյը ոչ միայն աշխարհը վերակերտող առաջին մարդն է, այլև գիտելիքի և աշխատանքի սրբագործման խորհրդանիշը․ նրա կողմից խաղողի տնկումը, որթատունկի խնամքը և գինու հայտնագործությունը ներկայացվում են որպես կյանքի շարունակության և աստվածային օրհնության վերստին հաստատման գործողություններ։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Նոյի կերպարի շուրջ ձևավորված պատմությունները կրում են բարոյախրատական և փիլիսոփայական իմաստներ։ Օրինակ՝ այծի կամ էշի մասնակցությամբ պատմությունը խաղողի առաջին էտի մասին ցույց է տալիս, թե ինչպես կարող է տեսանելի վնասը վերածվել բարի արդյունքի՝ խորհրդանշելով, որ փորձությունը հաճախ նախադրյալ է նորարարության և բեղմնավոր աշխատանքի համար։ Նույնպես, այն ավանդությունը, համաձայն որի Նոյն է առաջինը խմում գինին՝ վտանգը իր վրա վերցնելով, ներկայացնում է նրան որպես ինքնազոհ և հոգատար հայր, իսկ որդիների արտաբերած «անուժ լինի» → «անուշ լինի» բարեմաղթությունը խորհրդանշում է կենացների՝ որպես ազգային հոգևոր ժառանգության սկզբնավորման պահը։
Գրականություն
Գրիգոր Մագիստրոսի թղթերը, բնագիրն առաջաբանով և ծանօթագրութիւն- ներով առաջին անգամ ի լոյս ընծայեց Կ. Կոստանեանց, Ալէքսանդրապօլ, տպ. Գէորգ Ս. Սանոյեանցի, 1910, 401 էջ
Ժամոչյան Անուշավան եպս., Աստվածաշունչը և հայ բանավոր ավանդույթը, Երևան, ԵՊՀ հրատ., 2012, 280 էջ։
Կոստանենաց Կ., Նոր ժողովածու, Պրակ Գ. Միջնադարեան հայոց տաղեր և ոտանաւորներ, Թիֆլիս, տպ. Մ. Շարաձէի և ընկ., 1896, 70 էջ։
Հովսեփյան Հ., Ղարադաղի հայերը, հ. 1, Երևան, «Գիտություն», 2009, 502 էջ։
Յոհաննու Իմաստասիրի Աւձնեցւոյ Մատենագրութիւնք, Վենետիկ, Ս. Ղազար, 1833։
Baron von Haxthausen, Transcaucasia Sketches of the Nations and Races between the Black Sea and the Caspian, London: Chapman and Hall, 193, Piccadilly, 1854.
August Freiherr von Haxthausen, Transkaukasia. Andeutungen über das Familvonien- und Gemeindeleben und die socialen Velhältnisse einiger Völker zwischen dem Schwarzen und Kaspischen Meere. Erster Theil, Leipzig, F. U. Brockhaus, 1856.




+374 44 60 22 22
Armenia Wine Company 3 Bild., 1Dead-end, 30 Street, Sasunik 0223

