ԽԱՂՈՂԸ ԵՎ ԳԻՆԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐՈՒՄ

Scroll down

Հայ ժողովրդական հանելուկները դարեր շարունակ կուտակել ու փոխանցել են մեր ժողովրդի փորձառությունը, կյանքի հետ կապած իմաստները, առօրյայի պատկերներն ու մթնոլորտը: Սակայն դրանք չեն սահմանափակվել միայն զվարճանքով կամ, այսպես ասած, «խելք չափելու խաղ» լինելով, այլ դարձել են հայ մարդու հոգևոր և մշակութային պատկերացումների արտահայտությունները։

Հանելուկների այս առատ ժառանգության մեջ առանձնակի տեղ են գրավում խաղողն ու գինին՝ որպես ազգային ինքնության ու մշակույթի խորհրդանիշներ, մնավանդ, որ գինին էական, անկյունաքարային նշանակություն ունի նաև Քրիստոնեության մեջ: Հայկական լեռնաշխարհում խաղողն ու գինին կապված են կենսագործունեության, Քրիստոնեության, բերրիության, ընտանիքի և այլ կարևորագույն գաղափարների հետ: Խաղողի որթատունկը, բերքը և գինու պատրաստումը համարվել են ո՛չ միայն գյուղատնտեսական գործունեության կարևոր գործողություններ, այլ առօրյա ու հին ծիսական արարողությունների անբաժան մասնիկներ: Խաղողն ու գինին արտահայտել են կյանքի կորսված ու վերածնվող շրջանները, բնության արմատական տիրապետումը մարդկային ճակատագրին, ինչպես նաև հոգևոր հարաբերություններ՝ կապված Աստծո հետ.

Մի կով ունեմ,

Պըտկըները կը նմանի Սպահանի,

Տարին մի հետ (ամգամ) կաթ կտա:

[որթատունկ և խաղող]

(Վաղարշապատ):

Ամռան գա,

Աշուն կը մեռնի,

Ձմռան կը կատղի: [խաղող, գինի]

(Մուշ)

Աստված շարեց,

Մարդը քակեց (քանդել, պոկել):

[խաղող]

(Խարբերդ, Բաբերդ, Կյուրին):

Առաջին հանելուկում «կովը» առաքում է որթատունկը, որ նմանեցնում են Սպահանի բերքին՝ նշելով դրա բարձր որակը։ «Կաթ տալը» խորհրդանշում է բերքատու վազը, որը տարին մեկ անգամ բերք է տալիս: Սպահանի հիշատակումն ընդգծում է պատմական կապերն ու փոխգործակցությունը, խաղողի տարածման լայն աշխարհագրությունը: Երկրորդում պատկերում է խաղողի կենսաչափական ցիկլը՝ իր սեզոնային կյանքով՝ ամռանը աճում է, աշնանը պտուղ տալիս ու դառնում գինի, ձմռանը գտնվում է իր ամրացման փուլում: Իսկ երրորդն արտացոլում է բնության բարիքների ծագման նկատմամբ մարդու ունեցած պատկերացումները. բխում է Աստծուց:

Հայ ժողովուրդը, հատկապես ժողովրդական բանահյուսության մեջ, խաղողին վերագրել է միասնության, հարստության, համախմբման խորհրդանիշ: Հանելուկները, որոնց մեջ խոսվում է խաղողի, որթատունկի, գինու մասին, հաճախ կրում են բազմաշերտ, տեսական հղումներ՝ բացահայտելով ժողովրդի կյանքն ու հոգևոր մշակույթը: Ստորև ներկայացված են հանելուկներ, որոնք ուղեկցվում են պարզաբանումներով և մեկնաբանություններով.

Մի կով ունեմ Վանից է,

Ծիծը Իսպահանից է,

Կաթը կտա, տուն չի գա: [որթատունկ և խաղող], (Նախիջևան):

Հատկանշական է նաև, այն, որ որթատունկը համեմատվում է կովի հետ, իսկ այգեկութը, գինին՝ կաթի հետ: Այստեղ արտացոլված են հայ նահապետական ընտանիքների հնագույն պատկերացումները՝ կապված տնտեսության և ընտանիքի համար կաևրորություն ունեցող մշակովի բուսատեսակների ու կենդանիների հետ:

Հանելուկներից մեկում խաղողի ողկույզը վերացական կերպով ներկայացվում է ոչխարի գլխի նմանությամբ, ինչը սովորական է ժողովրդական պատկերապատումների մեջ՝ կենդանու ու բույսի համեմատությամբ.

Հարուր գլուխ ոչխար,

Մին կապավ կապած: [խաղող], (Արցախ):

Որոշ հանելուկներում էլ խաղողը դիտվում է որպես աստվածային ընծա, իսկ մարդու դերը՝ ոչ թե որպես ստեղծող, այլ որպես խնամող ու մշակող ուժ, որն ունի պատասխանատվություն՝ պահպանելու և զարգացնելու այդ սուրբ պարգևը.

Աստված շարեց,

Մարդը քակեց (քանդել, պոկել): [խաղող], (Խարբերդ, Բաբերդ, Կյուրին):

Սա հստակ շեշտադրում է հայ մարդու աշխարհընկալման մեջ բնության սրբության գաղափարը. խաղողը ոչ միայն պտուղ է, այլև Աստծո կողմից տրված հնարավորություն՝ կյանք բերելու, գինի դարձնելու, տոն սփռելու, հոգևոր երանելիության ու կենցաղի ներդաշնակության համար։ Հանելուկը պարզ բառերով փոխանցում է խորիմաստ մի ճշմարտություն՝ մարդը բնության տերը չէ, այլ նրա հավատարիմ մշակը, ով մասնակից է Աստծո գործին, երբ պահպանում է խաղողի վազը, ջրում է, կապում… իրագործում բարին։

Բազմաթիվ են նաև խաղողի կոնկրետ անձնավորումները և նմանեցումները մարդու արտաքինի հետ:  Օրինակ՝ խաղողի մի հատը՝ վազի պտուղները, որոնք նման են աչքերի, հազարավոր են, և վերջում, հավաքված, տարվում են շուկա՝ վաճառքի համար.

Ինքը մին, աչքը հազար,

Ըռավոդը քշերով կերթա բազար:

[խաղող], (Լոռի):

Դուզ (ուղիղ) հեր, ծուռտիկ մեր,

Խելոք քիր, գիժ ախպեր:

[վազ, ողկույզ, խաղող, գինի], (Լոռի):

Չոր հեր, կանանչ մեր,

Գիժ աղպեր, անուշ քիր:

[…], (Շիրակ):

Մի շարք հանելուկներում էլ արտահայտված են խաղողի և գինու միջև կապի բարդ, մշակութային գործառույթները: Վազը՝ ուղիղ, բերում է պտուղներ, իսկ գինին՝ կյանքի ուրախությունների և ցավերի ծանոթը՝ խելոք ու գժակ՝ երկու ախպեր: Իսկ որոշ ազգագրական շրջաններում հյուսված հանելուկներում էլ հստակորեն արտահայտված են խաղողի ու գինու սերունդների կապը, փոխանցումն ու անընդհատությունը՝ կրկին նմանեցված մարդու հետ.

Պապայիս կուտին,

Ինձ կը խմին:

[խաղող, գինի], (Նոր Նախիջևան): 

Կուկուզ (պպզած) մոմը (մայր),

Խելոք տղեն,

Խելառ թոռը:

[այգի, խաղող, գինի], (Շիրակ):

Այսպիսով՝ խաղողն ու գինին հայ մարդու առօրյա կյանքի ու մշակութային արարողությունների անբաժանելի մասն են կազմում: Դրանք կապված են տոների, ուրախությունների ու նույնիսկ հոգևոր ծեսերի հետ: Հայկական հին տեքստերում, ինչպես նաև պատմական վկայություններում, գինին խորհրդանշում է զարթոնք, պտղաբերություն և հոգևոր մաքրություն: Այդ պատճառով խաղողագործությունն ու գինեգործությունը միանշանակ կարևոր են հայ ժողովրդի մշակութային ինքնության համատեքստում:

Հայ ժողովրդական հանելուկները, որոնց մեջ արտացոլված են խաղողն ու գինին, չեն սահմանափակվում միայն խաղի կամ զվարճանքի մակարդակով: Դրանք արտահայտում են խոր մշակութային իմաստներ, կյանքի փիլիսոփայություն և մարդու կապը բնության հետ: Խաղողն ու գինին հայկական հոգևոր և մշակութային աշխարհընկալման հիմնասյուներն են, որոնք հնում և հիմա շարունակում են միավորել ժողովրդի հոգին: Այս հանելուկների վերլուծությունը բացահայտում է, թե ինչպես հայ ժողովուրդը, պահպանելով իր ավանդույթները, միաժամանակ փոխանցել է կենսական, տնտեսական ու հոգևոր արժեքներ, որոնք այսօր էլ են արժեքավոր՝ իբրև հայկական մշակույթի կարևոր մաս: