Կենաց բառը գրաբարում նշանակել է կյանք, ավելի ուշ շրջանում՝ «արեւշատութեան մաղթանք բաժակաճառի առիթով» կամ «բաժակաճառի ատեն երկար կեանք մաղթելով բաժակ պարպել» (Ճէրէճեան, Տօնիկեան, Տէր Խաչատուրեան 1992, 999): Հայտնի բառարանագիր Էդուարդ Աղայանը կենաց բառը բացատրում է որպես «Կերուխումի՝ խնջույքի պահին մեկի կամ մի բանի պատվին առաջարկվող բարի ցանկություն, կենացաճառ, բաժակաճառ» (Աղայան 1976, 176): Հետաքրքրական են նաև կենաց բառից առաջացած կենացաճառ, կենացանվագ, կենացապար բառերը, որոնք, համապատասխանաբար, նշանակում են՝ բարեմաղթանք, կենացից հետո հնչող երաժշտություն, կենացից հետո իրացվող պար (Աղայան 1976, 176):
Կենացի ամենահին գրավոր հիշատակություններից մեկը, թերևս, պատկանում է Փվստոս Բուզանդին: Նկարագրելով Մուշեղ Մամիկոնյանի՝ կանանոցը վերադարձնելու վեհ արարքից ոգեշնչված պարսից Շապուհ արքային, պատմիչը գրում է. «Այդ ժամանակները Մուշեղը մի ճերմակ ձի ուներ, իսկ Պարսից Շապուհ թագավորը երբ գինու (գավաթը) ձեռքն էր առնում, երբ ուրախության ժամանակ իր զորքին հյուրասիրում էր, ասում էր. «Ճերմակաձին թող գինի խմի»։ Եվ մի գավաթի վրա նկարել տվեց Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած, և ուրախությունների ժամանակ այդ գավաթը դնում էր իր առաջ ու շարունակ նույն բանն էր կրկնում՝ «Ճերմակաձին թող գինի խմի» (Բուզանդ 1968, 233)։
Սակայն բանահյուսության մեջ առկա են նմուշներ, որոնք պատմության ավելի հին շերտեր են շոշափում և պատմում, որ առաջին կենացը Նոյն է ասել. երբ իր տնկած խաղողի հյութը որդիները փորձել են խմել, նա թույլ չի տվել, մտածելով, որ այն կարող է վնասակար լինել: Դրա համար անձամբ է խմել առաջինը, որպեսզի, վնասի դեպքում տուժի հենց ինքը: Տեսնելով իրենց հոր անձնազոհ արարքը, որդիներն ասել են նրան՝ «անուժ լինի», որը հետագայում դարձել է «անուշ լինի» (Գյուլումյան Գ., ԴԱՆ, 2012): Այս գաղափարից է գալիս ավելի ուշ շրջանում կենաց խմողի ու կենացի հասցեատիրոջ դիալոգը, երբ խմողն ասում է «կենդանություն», իսկ կենացի հասցեատերը պատասխանում է «Անուշ անմահություն» (Հարությունյան և այլք, 2005, 285): Հետքրիստոնեական շրջանում գինին նույնացվում էր Հիսուսի արյան հետ՝ ընկալվելով որպես սրբազան խմիչք, որը խմողն ու դրանով մեկին արևշատություն մաղթողը վստահ էր, որ իր ցանկությունն անպայման կկատարվի (Ակինեան, 1921, 106, 107):
Կենացի հնագույն նմուշներից է նաև «Սասնա ծռեր» էպոսում բազմիցս հանդիպող «Հացն ու գինին, Տէր կենդանին» (Սասունցի Դավիթ 1993, 268) բանաձևը, որը արտաբերում են թշնամիների դեմ դուրս եկող հերոսները, որպես երդումի և մաղթանք-ցանկություն:
Գինին ու կենացը, կարծես, ինչ-որ կերպ միահյուսված են միմյանց, և գինեխմությունը ընկալվում էր ոչ միայն որպես խրախճանք, այլ որպես ցանկություն, խոստում, երդում, հաճախ նաև՝ վրեժխնդրության ուխտ, որի արձագանքները գտնում ենք նույնիսկ Սողոմոն Թեհլերյանին նվիրված երգում, որում Թալեաթի դատաստանի ամբողջ ընթացքն ու վճռի կատարումը նկարագրող ամեն քառատնից հետո ասվում է.
Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից,
Խմողաց անուշ-անուշ, խմողաց անուշ:
Այսինքն՝ այս դեպքում գինին ու կենացը միախառնվելով իրար՝ դառնում են վրեժի խոստում և պայման, մանավանդ, որ գործողությունը կրում էր հունական դիցաբանության վրեժի աստված Նեմեսիսի անունը:
Հայկական միջավայրում կենացը չէր կարող հենց այնպես, ուղղակի ասվել: Նախ՝ ընտրվում էր սեղանի թամադա: Սովորաբար, սեփական տան մեջ հենց տանուտերն էր լինում սեղանապետը կամ էլ հյուրերից հարգարժան, հասակավոր մեկը, որի կենացը բարձրացնում էր նրան նշանակող տանտերը.
«Թամադա ջան, քու թամադայությունը միշտ սըհենց ուրախ սեղաններում անց կենա» (Վարդումյան 1969, 98): Արցախում ոչ ոք իրավունք չուներ ինքնուրույն կենաց ասելու, դա անարգանքի ժեստ էր սեղանապետի նկատմամբ, որից նա կարող էր վիրավորվել ու նկատողություն անել բոլորի ներկայությամբ: Հարկավոր էր բարձրաձայն թույլատվություն խնդրել սեղանապետից, որից կա՛մ կստանար կենացի իավունք, կամ` ոչ: Կենացի ընդհատումը, հատկապես սեղանապետի խոսելու պահին, չափազանց մեծ անարգանք էր համարվում, և կարող էր միչև անգամ վեճի առիթ դառնալ :
Հետաքրքրական են հայկական սեղաններին հնչող կենացները: Ավանդական սեղանների վրա նախ խմում են հանդիպման, բարի տեսության կենացը, որը, ինչ-որ կերպ հանդիսանում էր խնջույքի բացման արարողությունը. «Պարով ըք յեկել, կըլըխընըրիս վըրա տըղ ունըք, կերեք, խըմըք, քեփ արըք, ծեր վըտի փուշը, իմ աշկը» (Գյուլումյան Գ., ԴԱՆ, 2012): Սա ասվում էր, հիմնականում, հյուրընկալի կողմից՝ հյուրընկալվողներին, հատկապես, երբ նրանք կարևոր մարդիկ էին: Ընդունված էր, որ կենացի ժամանակ կենացի հասցեատերը պետք է ոտքի կանգներ առաջինն ու նստեր վերջինը, երբ բոլորը արդեն դատարկել են բաժակները :
Շարունակելով խնջույքը, կախված դրա բովանդակությունից, կենացները զարգանում էին՝ շոշափելով մարդու կյանքի բոլոր փուլերը՝ ծնունդ, պատանություն, երիտասարդություն, ամուսնություն, զավակածնություն, մահ: Դրանք յուրահատուկորեն խմբավորված են և մեկը-մեկից հետո, իրար հերթագայելով, զարգացնում են խնջույքը՝ թվելով ու շաշոփելով մարդու կյանքի բոլոր փուլերն ու կյանքի ընթացքում տեղի ունեցած կարևորագույն (ուրախության կամ դժբախտության) դեպքերը: Ծննդի կենացները խմվում էին, հիմնականում, երեխայի լույս աշխարհ գալու կապակությամբ և նրա ծնողներին գեղեցիկ մաղթանքներ էին ուղղում: Գարդմանում, օրինակ, նման դեպքերում մաղթում էին.
«Ումբուրն էրգան ըլի», «Մազը ծըվի պըս սըպտակի», «Մըրուքը ծուն տառնա» և այլն: Դրանք լավագույն կենացներն էին և շոյում էին երեխայի հարազատներին (Գյուլումյան Գ. ԴԱՆ, 2016):
Տրապիզոնից գրառված գեղեցիկ հարսանեկան կենացներ կան, որոնք նույնպես եզակի նմուշներ են. «Ծլեք-ծաղկեք մեծընDք, մեկ պարցի ծերընDք, ծիր թոռներուն-ծոռներուն ծիլ ծաղիկը տեսնեք, մեզի Dլ չմոռնDք» : «Ծաղիկ ըլլեք – ծաղկեք մնDք, շDքDր ըլլեք-շաքար մնաք, մեծերըն սովրող ըլլեք բիջիգնուն սովրըցընող» (Յալանուզյան 1981, 82): «Վարտի պես քDսում ըլլեք, բլբուլի պես երկող ըլլեք, ջահել եք, ջահել մնDք, մեծընDք Dլ-սիրով մնDք» (Յալանուզյան 1981, 82): «Ծաղկիք, փնջփնջոտիք, բարատու ծառ դառնաք» (Մինասեան 1988, 239):
Ուշագրավ կենացներ էին հնչում՝ ուղղված երիտասարդներին, որը և բարեմաղթանքի և խրատական խոսքի բնույթ ուներ: Զարմանալիորեն այդ կենացները համեմված էին լինում բարոյախրատական ծավալուն առակների մեջբերումներով ու որպես վերջաբան, որպես բուն ասելիք՝ կենացով.
«Սաղ ըլլեք, վար ըլլեք, Աստված ումռեյդ էրգըն ընD, մեգըդ-մեգիդ շըշմD ըլլի- հըմ արեվին, հըմDլ վրայեգին, չBյս պոլեյնիդ հարկող ու հարկվող ըլլեք» (Յալանուզյան 1981, 82): Երիտասարդներին ուղղված կենացները հաճախ «դուրս էին գալիս» Հայաստանի սահմաններից ու սփռվում ամբողջ խորհրդային միության տարածքով. «Տղեք և ըխճըկեք ջան, այս մի կենացն էլ խմենք Սովետական երկրի միլիոնավոր երիտասարդ տղաների ու աղջիկների կազմակերպած կոմսոմոլ բանակի կենացը» (Վարդումյան 1969, 197): «Ինչ գործ ձեր բոլորիտ մտքով անցնի, ըսենց աջողված կատարված տենաք. ձեր բոլորիդ առողջության ու առողջության կենացն ըլի» (Վարդումյան 1969, 197): Ուշադրության են արժանի ընդհանուր, սեղանի շուրջ կամ սեղանից հեռու գտնվող այս կամ այն մարդուն ուղղված գովասանական, բարեկամական և անհատական կենացները.
«Քու մարդկության համար, սաղ ըլես քու թանկագին կենացը, քու քրուլափաթով, քու ըրեխանցով» (Վարդումյան 1969, 198) :
Հայկական բոլոր սեղաններին անպակաս են նաև խաղաղության մասին կենացները, որը, որպես պատերազմող երկիր, խորը հոգեբանական շերտեր ունի.
«Խմենք մեր աշխարհի խաղաղության կենացը, որ մեր հայերին մահմեդական արյունախում դահիճների արյան սրից փրկողը ռուս մեծ ժողովուրթն է էլել, պապերն էլ կտակել են որ ռուսի փեշը բաց չի թողէք մեր փրկարարի» (Վարդումյան 1969, 199): Սակայն այդ կենացները հաճախ դուրս էին գալիս միայն խաղաղության կոչ լինելուց ու վերածվում նաև հաղթանակի ցանկության.«Թող աշխարհը խաղաղ լինի, բայց, եթե կռիվ լինի, հաղթենք մենք, որովհետև արդար ենք» (Գյուլումյան Գ., Դան, 2018): Հայկական սեղաններին նաև անպակաս են Հայաստանի ազատության համար զոհված հերոսներին նվիրված կենացները: Այսինքն՝ կենացը վերածվում է հիշողության պահպանման միջոցի, երբ անցյալի հերոսական նվաճումները կամ ազգային կորստի մտորումները տեղափոխվում են ներկա՝ հասցեագրվելով դրանք ապագա սերունդներին։
Հայկական միջավայրում կային նաև տոներին նվիրված կենացներ՝ Ամանորին՝ «Հիլա թազա տարին մընձ թազա աչըխ պիրի», բանակին, կանանց տոնին, Զատկին և այլն (Գյուլումյան, ԴԱն, 2012): Կային նաև խոհափիլիսոփայական, տարեց մարդկանց ուղղվող կենացներ.
«Մահն էլ չի մտահան անենք, բոլոլրիս ըղաքինել կա, համա անվախտ կուրուստ չունենաք, ըլի վախտին» (Վարդումյան 1969, 200): «Կուզենայի վախտդ որ գա մեռնես, բոլորն էլ ասեն ըղորմի քեզ, ափսոս մարթ» (Վարդումյան 1969, 200): Խնջույքների ժամանակ ամենավերջին կենացն օջախի մասին է: Դրանով հյուրերը ամփոփում են ամբողջ խնջույքն ու շնորհակալություն հայտնում տանտիրոջը՝ լավագույն խոսքերն ու մաղթանքները շռայլեվ նրան ու նրա ընտանիքին. «Օջախին առողջություն, սրանից եդը օջաղմ սրանից մենձ ուրախութան սուփրենի բացվի (Վարդումյան 1969, 197):
Այսպիսով՝ կենացը հայոց գինեխմության մշակույթի առանցքային բաղադրիչներից մեկն է, որը համադրում է գինու, խոսքի ու ծեսի ձայնային համագործակցությունը, որի հնագույն արմատները ապացուցում են, որ այն միայն խրախճանքի դետալ չէ, այլ՝ բարեմաղթանքի, երդման, նույնիսկ ՝ օրենքի ու պարտավորության լեզվական կոդ, որն ապրում ու փոխանցվում է սերնդեսերունդ։ Գինին այստեղ հանդես է գալիս որպես կենացը «կնքող» սրբազան հեղուկ, իսկ թամադան՝ որպես ընդհանուր գինեխմության մշակույթի, նիստուկացի գիտակն ու պահապան, ով հետևում է, որ բարեմաղթանքը հետևի ավանդական կարգին ու հասցեատիրոջը փոխանցվի պատշաճ ձևով։
Կենաց ասելու ավանդույթը մեզ համար ոչ միայն գրաֆիկական կամ ձայնային ժառանգություն է, այլ կենդանի արարողակարգ, որը միաձուլում է պատմությունը, լեզուն և հավաքական հիշողությունը։ Հետևաբար, պահպանելով մատուցման ավանդական կանոնները, միաժամանակ հարմարեցնելով դրանք ժամանակի պահանջներին, մենք ոչ միայն խնամում ենք մշակութային ինքնության կարևոր շերտը, այլև փոխանցում ենք այն գալիք սերունդներին:
Գևորգ Գյուլումյան
Գրականության ցանկ
Ակինեան Ն., Հինգ պանդուխտ տաղասացներ, Մինաս դպիր Թոխաթեցի, Ազգային մատենադարան, ՂԲ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1921:
Աղայան է., Արդի հայերենի բացատրական բառարան, հ. 1, Երևան, «Հայաստան» հրատ., 1976։
Բուզանդ Փավստոս, Պատմություն հայոց, Երևան, «Հայաստան» հրատ., 1968:
Հարությունյան Ս., Քալանթարյան Ա., Պետրոսյան Հ., Սարգսյան Գ., Մելքոնյան Հ., Հոբոսյան Ս., Ավետիսյան Պ., Գասպարյան Բ., Գինին հայոց ավանդական մշակույթում, Երևան, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 2005:
Ճէրէճեան Գ. արք., Տօնիկեան Կ., Տէր Խաչատուրեան Ա., Հայոց լեզուի նոր բառարան, հ. 1,Պէյրութ Կ. Տօնիկեան եւ Որդիք Հրատարակչատուն, 1992։
Մինասեան Ղ., Գիւղական բառ ու բան (Փերիա գաւառ), Նոր Ջուղա, Տպարան Սբ. Ամենափրկիչ վանքի, Նոր Ջուղա, 1998:
Յալանուզյան Ա., Տրապիզոնի Ջենիկի հեքիաթներ, իրապատումներ, երգեր, առածներ, բառարան, ՀԱԻ արխ., 1981:
Սասունցի Դավիթ, համահավաք բնագիր, հյուսեց և խմբագրեց՝ Գր. Գրիգորյան, Երևան, Հայաստանի ԳԱ հրատ., 1993:
1, էջ 999:
Վարդումյան Բ., Վահագնի գյուղը. Կենացներ, ՀԱԻ արխ., 1969, ցուցակ 2: