ԳԻՆՈՒ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ

Scroll down

Հայկական լեռնաշխարհը դեռևս հնագույն ժամանակներից երկրագործության նշանավոր կենտրոն է, որտեղ առնվազն Ք.ա. II հազարամյակի կեսերից տնտեսու­թյան առաջատար ճյուղերից է խաղողագործությունն ու գինեգործությունը: Վանի թագավորության սեպագրերում հիշատակություններ են պահպանվել այգիների հիմնադրման, պարսպապատման, նաև՝ մառանների ու տնտեսական այլ շենքերի կա­ռուցման մասին: Հելլենիստական և նախաքրիստո­նեա­­կան ժամանակաշրջանում գրին որոշակիորեն փոխարինելու է գալիս պատկե­րա­­քան­­դակը, երբ տաճարային ու պալատական համալիրների հարդա­րատարրերում սկսում է տարածում գտնել այգի-խաղողուտի տեսարանը կամ պար­զապես՝ խաղողի որթագալարը (նկ. 1), որը հետա­գայում դառնում է նաև քրիստոնեական արվեստի հիմնական զարդատարրերից մեկը՝ արտահայտված առավելապես խաչքար-կոթողների հորինվածքում ինչպես որթագալարի, այնպես էլ գինին խորհրդանշող սափորների տեսքով (նկ. 2-7): 

Միջնադարում այգի են կոչվել հենց խաղողի վազերը, իսկ դրանց գնման ու վանքերին նվիրաբերման հիշատակությունները վիմագրերում վկայված են դեռևս 9-10-րդ դարերից: Այգեգործության անբաժանելի մասն էր նաև գինեգործությունը: Անապակ, այսինքն՝ անջրախառն գինին կամ պտղահյութը, որը վիմագրերում հա­ճախ «բաժակ» է կոչվում, մինչ օրս կիրառելի է եկեղեցական ծիսակարգում՝ իբրև Քրիս­տոսի արյան խորհրդանիշ:

Վիմագրերը պարզում են, որ այգիները վանքերին կարող էին նվիրաբերվել ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի, այսինքն՝ այգու մի մասը: Բացի այդ, վանքն իրավասու էր նաև տնօրինելու տվյալ այգու բերքը կամ եկամուտը: Օրինակ, Գոշավանքի Ս. Աստվածածին եկեղեցու 1301 թվակիր մի նվիրագրի համաձայն՝ վանքին է նվիրաբերվել այգուց հարյուր կուժ գինի: Համանման է Սանահինի վանքի գրատան նախասրահի 1275 թ. վիմագրերից մեկը, ըստ որի՝ Վարդան քահանան 375 արծաթե դրամով այգի է գնել և ստացված գինու հետ միասին ընծայել վանքի հյուրատանը: Հետաքրքիրն այն է, որ վիմագրի վերջում նվիրատուն դիմում է նաև անեծք-օրհնանքի հայտնի բանաձևին՝ նզովելով ոչ միայն այգին հյուրատնից օտարողներին, այլև գինին (գինեգործու­թյունը) խափանողներին:  

Վիմագրերում գինեգործության մասին տեղեկություններն ամբողջանում են նաև հնձանների կառուցման և նվիրաբերման մասին վկայություններով: Այսպես, Նորա­վանքից ոչ հեռու կանգնեցված մի խաչքարի վիմագրի համաձայն՝ Առաքել կրոնա­վորն ու իր եղբայր Խոցադեղն իրենց արդար միջոցներով այգի են գնել, մշակել, ապա հնձան կառուցել և ի նշանավորումն կատարված աշխատանքի ու բերքի (տվյալ դեպ­քում նաև՝ գինու) պահպանության՝ խաչքար են կանգնեցրել:

Հնձանների գոյությունը միջնադարյան վանքային համալիրներում ինքնին վկայում է եկեղեցական արարողակարգում գինու ծիսական նշանակության մասին: Կարելի է ասել, որ առանց անապակ գինու ի չիք է սուրբ հաղորդության խորհուրդը, որը պատարագի ավարտին բաժանվում է հավատավոր ժողովրդին: Եկեղեցիներում կիրառելի պտղահյութի կամ «բաժակ» գինու վկայությամբ վաղագույն հիշատակու­թյուննե­րից մեկը պահպանվել է Ամբերդի Վահրամաշեն Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին՝ ներքուստ (նկ. 8, 9): 1026 թվակիր վիմագրի հաղորդմամբ՝ եկեղեցին կառուցելուց հետո իշխան Վահրամ Պահլավունին սահմանում է վանքերին բնամթերքով տրվող «պտղի» հարկի չափը՝ Նիգ գավառի համար տունը երկու կապիճ ցորեն, Արագածոտն գավառից՝ եր­կու փաս (մոտ 10-11 լիտր) գինի, իսկ Քաղաքուդաշտից, այսինքն՝ Վաղարշապատից՝ տասը լիտր բամ­բակ: Վիմագիրը լավագույնս վկայում է տվյալ ժամանակաշրջանում նշված վայրե­րում հացահատիկի մշակության, գինեգործության ու բամբակագործության զարգա­ցած լինե­լու մասին:

Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի Ս. Փրկիչ եկեղեցու 1036 թ. վի­մագրում կաթողիկոս Պետրոս Գետադարձը (1019-1058 թթ.) եկեղեցու սպասավոր­ներին մի շարք հասույթներ է շնորհում, իսկ եկեղեցու կառուցումը նախաձեռնած Աբլղարիբ Պահլավունին, ի նշանավորումն փրկական խորհրդի, նվիրաբերում է նաև «բաժակ» գինի: Ավելի ուշ, երեսուն փաս (մոտ 150 լիտր) բաժակի նվիրաբերման մասին ենք կարդում Վայոց ձորի Ներքին Ուլգյուղ գյուղատեղի Ս. Աստվածածին եկեղեցու 1308 թվակիր վիմագրում, իսկ Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու 1325 թ. վիմագրի համաձայն՝ եկեղեցուն այգի է նվիրաբերվել, որի հասույթից օգտվողները պիտի «բաժակ» գինի տան:

Մեր վիմագրագիտական վերջին հետազոտությունները պարզել են, որ «բաժակ» գինին հոգևոր-եկեղեցական ծիսակարգում հատուկ նշանակություն է ունեցել նաև 18-րդ դարում, որի լավագույն զույգ օրինակները պահպանվել են Ս. Հռիփսիմե վանքի վիմագրերում (նկ. 10, 11): 1728 թվակիր վիմագրի հաղորդմամբ՝ ոմն Գասպարի որդի Բաբելը վանքին է նվիրաբերել հարյուր կարաս բաժկացու, թերևս՝ խաղող, որը վերամշակե­լուց հետո որպես «բաժակ» գինի էր օգտագործվելու: Նույն վանքի անթվակիր մեկ այլ վիմագրի համաձայն՝ Ձորագեղցի Սիմոնն ու իր թոռները՝ Եղիազարն ու Վարդանը, Ս. Հռիփսիմե վանքին են նվիրաբերել մեկ կարաս բաժկի: Նշենք, որ Անանիա Շիրակա­ցին մեկ կարասի կշռի համար սահմանել է 126 փաս գինի, իսկ մեկ փասը կշռում է մոտ 5,5 կգ:

Վերոնշյալ գրեթե բոլոր օրինակներում գինին վանքերին է նվիրաբերվել տարբեր կրոնական տոների ժամանակ եկեղեցու սպասավորների կողմից պատարագներ մատուցելու և անվանապես հիշատակվելու համար: Նվիրատուները հետևել են նվի­րագրերին բնորոշ վիմագրերի կազմման հայտնի կաղապարային բանաձևերին՝ ապա­հովելով իրենց նվիրաբերած գույքի և խոստացված պատարագի անձեռնմխե­լիու­թյունը:

Արսեն Հարությունյան

Պ.գ.թ., ՀԱԻ առաջատար գիտաշխատող